Երուսաղէմի Լատին Պատրիարքութեան առաքելական կառավարիչ Գերպծ. Փիէրպաթիսթա Փիցցապալլա Երուսաղէմի Լատին Պատրիարքութեան առաքելական կառավարիչ Գերպծ. Փիէրպաթիսթա Փիցցապալլա 

Սուրբ Երկիր. ուխտաւորների բացակայութիւնը չի կարող մարել հաւատի լոյսը

Երուսաղէմի Լատին Պատրիարքութեան առաքելական կառավարիչ Գերպծ. Փիէրպաթիսթա Փիցցապալլան վերստին դառնում է այն մտքին, որ Եկեղեցին յանձնառութիւն է ստանձնել աղօթքի եւ ողորմութեան գործերի միջոցաւ օգնութեան ձեռք մեկնելու համաճարակի պատճառով դժուար կացութեան մէջ յայտնուած հազարաւոր ընտանիքների. «Մենք այն հողի վրայ ենք, որտեղ յարութիւն առաւ Յիսուս, ուստի, մեր պարտքն է պահպանել կեանքի զատկական տեսլականը, որը խաչի, բայց նաեւ յարութեան խորհուրդն ունի»:
Ունկնդրէ լուրը

Ֆետերիքօ Փիանա – Վատիկան

«Դէպի Սուրբ Երկիր կատարուող ուխտագնացութիւնները գրեթէ ամբողջովին դադարել են», - խորը ցաւով է նշում Երուսաղէմի Լատին Պատրիարքութեան առաքելական կառավարիչ՝ իտալացի արքեպիսկոպոս Փիցցաբալլան: «Քովիտ-19»-ի համաճարակով պայմանաւորուած այս արտակարգ իրավիճակը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ, որպէսզի ուխտաւորները այցելեն Երուսաղէմ. «Խոչընդոտներից մէկը սահմանների փակ լինելն է: Երկրները, որոնց հետ դեռեւս պահպանւում է հաղորդակցութիւնը, պահանջում եւ պարտադրում են մեկուսացման խիստ սահմանափակումներ, ինչն էլ, բնականաբար, յուսալքման պատճառ է դառնում ուխտաւորների համար: Այս ամէնին աւելանում է նաեւ Իսրայէլում եւ Պաղեստինում անցեալ շաբաթուանից ի վեր սկսուած վարակումի դէպքերի երկրորդ եւ հզօր ալիքի բարձրացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ»:

Վարակը չի կարող մեզ զրկել աղօթելու շնորհից

Քահանաներից շատերը ստիպուած են շարունակել ուղիղ եթերով հեռարձակուող պատարագներ մատուցել եւ հաւատացեալներին կարող են հանդիպել միայն սոցիալական ցանցերի միջոցով: Այդ իսկ պատճառով, սրբավայրերում հաւատքը դժուարին փորձութեան է ենթարկւում: «Մենք ապրում ենք Արեւելքում, իսկ այստեղ՝ աւանդական Եկեղեցւոյ ընկալմամբ պատարագին մասնակցութիւնը պէտք է իրական լինի: Ուստի, Եկեղեցւոյ նուիրեալ ընտանիքների արդի խնդիրներից մէկն այն է, որ հնարաւոր չէ կամ խիստ սահմանափակուած է պատարագներին իրենց մասնակցութիւնը: Այս դժուարութիւնները յաղթահարելու համար մեր քահանաները աղօթքի այլընտրանքային տարբերակներ են առաջարկում՝ նախապատրաստելով ընտանիքի գլխաւորներին, որպէսզի նրանք կարողանան իրենց հարազատներին փոխանցել Սուրբ Հաղորդութիւնը՝ այն դէպքերում, երբ քահանան ի վիճակի չէ նրանց այցելելու: Անկասկած, աղօթքը մարդկային եւ հոգեւոր աջակցութիւն է, որը կենսական անհրաժեշտութիւն է», - մեկնաբանում է Գերպծ. Փիցցաբալլան:

Նոր քահանաները՝ յոյսի նշան Սուրբ Երկրի համար

Աղօթքը նաեւ յոյսի իրական նշան է: Արքեպիսկոպոսի կարծիքով. «Այս դժուարին ժամանակաշրջանում, երբ աղօթքի ենք կանգնում՝ հայցելով Տիրոջ ողորմածութիւնը, ակնկալում ենք ստանալ հոգեւոր հացը, որի կարիքն աւելի խիստ ունենք, քան՝ հանապազօրեայ հացի: Մենք ապրում ենք այն հողի վրայ, որտեղ յարութիւն առաւ Յիսուս, ուստի, մեր պարտքն է պահպանել կեանքի զատկական տեսլականը, որը թէեւ խաչի, բայց նաեւ յարութեան խորհուրդն ունի»: Սուրբ Երկրում տասնմէկ նոր քահանաների եւ տասնութ սարկաւագների ձեռնադրութիւնը ապագային ուղղուած լաւատեսութեան մէկ այլ նշան է: «Չնայած բոլոր դժուարութիւններին եւ տարաձայնութիւններին՝ այդ թւում նաեւ քաղաքական, Տէրը մեզ օրհնում է նոր կոչումներով եւ, այս ամէնի համար, մենք երախտապարտ ենք մեր երկնաւոր Հօրը»:

Եկեղեցին տառապեալ հոգիների կողքին

Քորոնա ժահրով պայմանաւորուած՝ Սուրբ Երկրի հազարաւոր ընտանիքներ բախւում են մեծ դժուարութիւնների: Այս ընտանիքներից շատերը ամիսներ շարունակ մնացել են անգործ, յատկապէս՝ այնպիսի աղքատ շրջաններում, ինչպիսիք են Պաղեստինը եւ Յորդանանը: Առերեսուելով դժուարին այս կացութեանը՝ Եկեղեցին նոր միջոցներ է ձեռնարկում, որոնք թոյլ կը տան հոգալ ժողովուրդի կարիքները. «Այս գործում մեզ աջակցում են բազմաթիւ հաստատութիւններ, ի թիւս որոնց՝ Տիրոջ Գերեզմանի Ուխտի Ասպետները: Նրանց օգնութեամբ ստեղծել ենք արագ արձագանգման կենդրոններ, մասնաւորապէս՝ Բեթղեհէմի շրջանում, Պաղեստինի հիւսիսում եւ Արեւելեան Երուսաղէմում, եւ, ի հարկէ, նաեւ Յորդանանում: Արտակարգ իրավիճակների համար նախատեսուած այս կենդրոնները աջակցութիւն են ցուցաբերում այն ընտանիքներին, որոնք մնացել են առանց միջոցների եւ աղքատութեան շեմին են յայտնուել: Տրամադրւում է սնունդ, նաեւ՝ ուսումնական եւ առողջապահական աջակցութիւն: Պատմական այս ժամանակաշրջանում, սա առաւելագոյնն է, որ կարող ենք կատարել», - մանրամասնում է Գերպծ. Փիցցաբալլան:

Վաղուայ օրը  

«Գրեթէ մէկ տարի ստիպուած կը լինենք ապրել այնպէս, ինչպէս հիմա ենք ապրում: Ուստի, գիտակցում ենք, որ ուխտագնացութիւնները այլեւս չեն լինի նոյնքան բազմամարդ, որքան նախկինում էին: Աւելի բարդ կը լինի ճամբորդելը, նոյնիսկ «Քովիտ»-ի աւարտից յետոյ՝ այս համաճարակը մեզ կը պարտադրի ուշադրութիւն դարձնել այն ամէնին, ինչը մինչ օրս անուշադրութեան ենք մատնել: Ի ամփոփումն՝ պէտք է նշենք, որ ուխտագնացութիւններ կազմակերպելիս ստիպուած ենք համակերպուել այս նոր իրավիճակին՝ իր նոր ձեւերով, պայմաններով եւ ճանապարհային ուղեգծով: Անկախ ամէն ինչից՝ Սուրբ Երկրում ուխտագնացութիւնը միշտ առանձնայատուկ կը մնայ, քանի որ այս վայրերում ենք հանդիպում Յիսուսին: Իրողութիւն, որը երբեք չի փոխուի»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/07/2020, 06:49