Բժիշկները՝ մեր ժամանակների հերոսներ

Իտալիայից ժամանած բժիշկների խումբը այցելութիւն կատարեց Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցի

Շաբաթ, 11 յուլիս, 2020 թուական. Իտալիայից ժամանած բժիշկների խումբը այցելութիւն կատարեց Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցի, որտեղ նրանց հիւրընկալեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Թեմի Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը:

Ունկնդրէ լուրը

Սրբազան Հայրը հակիրճ ներկայացրեց Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ եւ Մայր Տաճարի կառուցման պատմութիւնը: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը եւ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանը:

ՀՀ Կառավարութեան խնդրանքով, Հայաստանում Իտալիայի Դեսպանութեան անմիջական ջանքերով եւ Հայաստանում Եւրոպական Միութեան Պատուիրակութեան համագործակցութեամբ՝ 2020 թուականի յունիս 26-ին, Իտալիայի Աղէտների Կանխարգելման Բժշկական Կենդրոնի 11 բժիշկներից կազմուած խումբը՝ բժշկութեան դոկտոր Մարիօ Ռաւիոլոյի գլխաւորութեամբ, ժամանեց Հայաստան: Բժիշկները ներկայացնում են Իտալիայի Պիեմոնտէ, Լոմպարտիա եւ Տոսկանա նահանգները:

Թէեւ Իտալիայում դեռեւս յաղթահարուած չէ Քորոնա ժահրի համաճարակով պայմանաւորուած ճգնաժամը, այնուամենայնիւ, իտալացի բժիշկների խումբը սիրայօժար կերպով ընդունեց բարեկամ Հայաստան առաքելութեամբ մեկնելու առաջարկը:

Բժշկական այս առաքելութեան նպատակն է ամբողջ աշխարհը համակած «Քովիտ-19»-ի համաճարակի դէմ պայքարի գործում աջակցութիւն ցուցաբերել հայ բժիշկներին եւ փոխանցել Քորոնա ժահրով տառապող մարդկանց բուժելու եւ կեանքեր փրկելու իրենց մեծ փորձառութիւնը:

Դէպի Հայաստան իրականացուած յատուկ չուերթով բժիշկներին տեղափոխող ինքնաթիռով փոխադրուել են նաեւ բժշկական սարքաւորումներ եւ անհատական պաշտպանիչ միջոցներ:

Իտալացի մասնագէտների խումբը այցելեց նաեւ Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոց, որտեղ նրանց ընդունեցին՝ վարչական մասի տնօրէն Հայր Մարիօ Վրդ. Կուկարելլոն, բուժական մասի տնօրէն Տիգրան Տօնականեանը եւ վարչական մասի փոխ տնօրէն Հասմիկ Համբարեանը: Հայր Մարիոն ներկայացրեց հիւանդանոցի պատմութիւնը՝ նշելով, որ այն կառուցուել է 1988 թուականի աղէտալի երկրաշարժից յետոյ: Հիւանդանոցը Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի նուէրն էր հայ ժողովուրդին: Բացումը տեղի ունեցաւ 1991 թուականի հոկտեմբեր 10-ին: Այսօր հիւանդանոցը գտնւում է Կամիլեան Միաբանութեան վերահսկողութեան ներքոյ:

Իտալացի մասնագէտները շրջայց կատարեցին հիւանդանոցում՝ ծանօթանալով տեղի բժիշկների աշխատանքին եւ գործածուող բժշկական սարքաւորումներին, որից յետոյ մատուցուեց ճաշ, ապա՝ աւարտին, իտալացի բժիշկները Տիրամայր Նարեկի հիւանդանոցին նուիրաբերեցին բժշկական պաշտպանիչ միջոցներ եւ սարքաւորումներ:

Վերադարձի ճանապարհին հիւրերը այցելեցին նաեւ Թորոսգիւղում գտնուող Հայ Կաթողիկէ Աղաճանեան Կենդրոն, որտեղ տեղեկացան Թեմի հոգեւոր եւ սոցիալական գործունէութեանը:

Օրուայ աւարտին բժիշկ-մասնագէտների խումբը վերադարձաւ Երեւան: Այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ իրենց յարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Խումբը Իտալիա կը վերադառնան յուլիս 17-ին: 

Իտալացի բժիշկների այցը Հայաստան եւս մէկ անգամ փաստում է հայ-իտալական դարաւոր եւ ամուր բարեկամութեան մասին: Սա նաեւ միջազգային հանրութեան համերաշխութեան ու մարդասիրութեան լաւագոյն դրսեւորումներից մէկն է:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/07/2020, 18:35