Քովիտ-19-ը Ափրիկէում Քովիտ-19-ը Ափրիկէում 

Քովիտ-19-ը Ափրիկէում. Վախի եւ յոյսի միջեւ

Ափրիկէում նոր քորոնա ժահրի համաճարակի դէմ ձեռնարկուող պայքարի միջոցառումները կարող են լինել տեւական ու աղէտալի: Սակայն, իրականացուող նախազգուշական այս միջոցառումներն ամենեւին էլ չեն խանգարում լաւագոյն ապագայի ակնկալիք ունենալ: Ափրիկէում գործող Եկեղեցիներում տիրող իրավիճակները աւելի քան խօսուն են:
Ունկնդրէ լուրը

Քամիլ Մուկոսօ, ՀՄ (Aciafrique) – Վատիկան

Քովիտ-19-ի համաճարակով պայմանաւորուած իրավիճակը, տարբեր երկրների համար, յուսադրող կամ անորոշ ապագայ է նախանշում: Ափրիկէի Եկեղեցիներից ստացուող տեղեկութիւնների մէջ միախառնւում են փոփոխական զգացողութիւնները. մի կողմից վերստին բնականոն կեանքին վերադառնալու յոյսն է, միւս կողմից՝ այս ախտով վարակուելու վախը: Վախ… Վերջին դէպքերից մէկը գրանցուեց Հարաւային Ափրիկէի Ումթաթայի թեմի Սուրբ Արիւնի Միաբանութեան քոյրերի մենաստանում, որը վերածուեց մեկուսացման կենդրոնի, երբ միաբանութեան անդամներից հինգերորդը զոհ գնաց նոր քորոնա ժահրին: Մենաստանում ապրող 40 միանձնուհիներից 17-ի մօտ Քովիտ-19-ի դրական ախտորոշում է գրանցուել: Վանքում առկայ էին բոլոր անհրաժեշտ պայմանները, ուստի, քորոնա ժահրի դէմ պայքարի գործում ներգրաւուած տեղական իշխանութիւնների որոշմամբ այստեղ գտնուող բոլոր անձինք պէտք է ենթարկուեն ինքնամեկուսացման: Սուրբ Արիւնի Միաբանութեան ինքնամեկուսացած քոյրերը այս օրերին ուսուցում են ստանում, թէ ինչպիսի վարուելակերպ պէտք է դրսեւորեն մեկուսացման մէջ գտնուող անձինք:

Յոյսն ու զգուշաւորութիւնը պէտք է զուգորդուեն

Յոյս… Չորեքշաբթի, 17 յունիս, 2020 թուականին Լեսոթոյի եպիսկոպոսները հրամաններ հրապարակեցին՝ սոյն թուականի յուլիս 5-ից եկեղեցիների վերաբացման վերաբերեալ: Լեսոթոյի հոգեւոր առաջնորդների այս դիրքորոշումը ներկայացւում է երկրի կառավարութեան կողմից Քովիտ-19-ի համաճարակով պայմանաւորուած մեկուսացման սահմանափակումների վերացումից վեց շաբաթ յետոյ: Երկարատեւ սպասումից յետոյ, եպիսկոպոսները քահանաներին խնդրում են հանդիպումներ կազմակերպել իրենց ժողովրդապետութիւնների վարչակազմերի հետ, որպէսզի պահպանուեն բոլոր սանիտարա-հիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումները՝ ուղղուած նոր քորոնա ժահրի տարածման կանխարգելմանը: Կառավարութեան որոշման համաձայն կիրակնօրեայ պատարագներին թոյլատրւում է առաւելագոյնը 50 հաւատացեալի ներկայութիւն: Պատարագին մասնակցութեան պարտադիր պայմաններ են՝ կրել դիմակներ, ձեռքերը լուալ ախտահանիչ լուծոյթով, գրանցուել բոլոր հաւատացեալների տուեալները պարունակող մատեանում: Ի յաւելումն այս ամէնի՝ եպիսկոպոսները յորդորում են Սուրբ Հաղորդութեան արարողութեանը յատկացնել առաւելագոյնը մէկ ժամ:

Ղանայի գլխավերեւում ճօճուող Դամոկլեան սուրը

Եթէ Լեսոթոյում յոյսն ու զգուշաւորութիւնը զուգորդում են միմեանց, ապա՝ Ղանայում Դամոկլեան սուրը դեռեւս կախուած է հաւատաւոր ժողովուրդի գլխին: Իրականում, Պոթսուանայում ծառայող եպիսկոպոսը, ով ծագումով Ղանայից է, մտահոգութիւն է յայտնում այն փաստի կապակցութեամբ, որ իր հայրենակիցները մեծամասշտաբ ու թանկարժէք հարսանիքներ եւ յուղարկաւորութիւններ կազմակերպելով մեծացնում են Քովիտ-19 ժահրով վարակուելու հաւանականութիւնը՝ լիովին մոռացութեան մատնելով կանխարգելիչ միջոցները: Ինչպէս պատմում է Պոթսուանայի մայրաքաղաք Կապորոնէի եպիսկոպոս Գերպծ. Ֆրանկ Նուպուասահը. «Ղանան միշտ առաջին տեղում է, երբ խօսքը վերաբերում է ականաւոր հանգուցեալներին իրենց սէրը վկայելուն: Տարբեր երկրներում՝ այդ թւում նաեւ հարուստ, ես ականատես եմ եղել յուղարկաւորութեան արարողութիւնների, սակայն Ղանայում այս արարողութիւնը վերածուել է հանգուցեալին իրենց սէրը յայտնելու ինքնատիպ մրցակցութեան ձեւի»:

Վտանգուած է նաեւ փախստականների կեանքը

Տագնապի այս նոյն ազդանշանը տրուեց նաեւ Ուկանտայում՝ Փալապէկի փախստականների ճամբարում ծառայութիւն մատուցող Դօն Բոսկոյի Սալեզեան Միաբանութեան անդամների կողմից: Դօն Բոսկոյի կրօնաւորները ահազանգում են, որ փախստականները չեն պահպանում Քովիտ-19-ի կանխարգելմանն ուղղուած նախազգուշական միջոցառումները: «Մեր փախստականները չեն հետեւում այն կանոններին, որոնք կարող են վերահսկողութեան լաւագոյն միջոցը լինել վիրուսի տարածումը կանխելու գործում», - ասում է Հայր Ճեֆֆրի Ալպէրը՝ Ուկանտայի Կուլու արքեպիսկոպոսութիւնում գործող Փալապէկի փախստականների ճամբարի պատասխանատուներից մէկը: Սալեզեանների կարծիքով ակնյայտ է, որ ճամբարը վերածւում է վտանգաւոր մի վայրի, քանի որ այստեղ բնակւում են աւելի քան 56.000 փախստականներ, որոնց մեծամասնութիւնը գալիս է հարեւան Հարաւային Սուտանի Մալաքալի եւ Թորիտի թեմերից:

Ո՛չ, ես չեմ մեռնելու, ես ապրելու եմ

Վերոյիշեալ երկրները ներկայացնում են միայն տեղի Եկեղեցիներում առկայ իրավիճակները: Դեռեւս երկար ժամանակ կը պահանջուի, որպէսզի Քովիտ-19 ժահրի սպիներով պատուած ափրիկեան դէմքը՝ ցամաքամասի բոլոր անկիւններում, վերագտնի իր երբեմնի գեղեցկութիւնը: Այնուամենայնիւ, յոյսի մէջ պէտք է անսասան մնալ, քանզի Ափրիկէն չի մեռնելու, Ափրիկէն ապրելու է (հմմտ. Սաղմ. 118:17):

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/07/2020, 06:46