Յիսուսին Սուրբ Սիրտը Յիսուսին Սուրբ Սիրտը 

Տիրոջ Սուրբ Սիրտը՝ «բորբոքեալ հնոց սիրոյ». Տէր Յովսէփ Քհն. Գալստեանի մտորումները (Բ)։

«Արա՛ զսիրտ մեր ըստ սրտին քում», Լիթանիա Սուրբ Սրտին Յիսուսի:
Ունկնդրէ խորհրդածութիւնը

Տիրոջ Սուրբ Սիրտը «սիրոյ բորբոքեալ հնոց» է, ինչպես աղօթում ենք Սուրբ Սրտի Լիթանիայում, մի հնոց, որից Տէրը սիրոյ հուր գցեց այս աշխարհի վրայ, ըստ Իր խօսքերի. «Երկրի վրայ կրակ գցելու եկայ, եւ որքա՛ն եմ ուզում, որ արդեն իսկ բորբոքուած լիներ», Ղկ. 12, 49:

Սիրոյ հուրը ճարակել է Տիրոջ Սուրբ Սիրտը եւ սպառուել (Յվհ. 13, 1) մարդու համար՝ առանց աւարտուելու, առանց այրուելու, ինչպէս Քորեբ լեռան վրայ Տիրոջ հրաբորբ ներկայութիւնից այրւում էր եւ չէր մոխրանում անկէզ մորենին, որին մօտեցաւ Մովսէսը (Ելք 3): Նա հանեց իր կօշիկները, տեսաւ Տիրոջ ամենաճարակ սիրոյ հուրը, շլացաւ հրեղէն լոյսով, ընդունեց այն իր սրտի մէջ, խանդավառուեց այդ հրով եւ բոցավառուեց ամբողջ էութեամբ, սրտով ու մտքով եւ գնաց այդ հուրը փոխանցելու Տիրոջ ժողովրդին, այդ հրով առաջնորդեց նրանց անապատի միջով՝ մինչեւ երկիրն աւետեաց: Այդ հուրը Արարիչն Հայր Աստծոյ՝ մարդու նկատմամբ ծնողական ի սպառ սիրոյ հուրն էր, որ ճարակեց Մովսէսին եւ ուղարկեց նրան՝ այդ հուրը տարածելու՝ որպէս սիրոյ հրձիգ. երբ Մովսէսն իջնում էր Սինա լեռան վրայից, նրա դէմքը ճառագում էր լոյսերով, եւ նա քօղարկում էր, որ ժողովուրդը չսարսափի այդ տեսարանից (Ելք 34, 29-35): Աստծոյ սիրոյ հուրը պահանջկոտ է. այն պահանջում է նոյնպիսի ի սպառ, ինքնազոհաբերութեան պատրաստ փոխադարձ սէր՝ Աբրահամի նման, եւ կտրուկ հրաժարում մեղաւոր կեանքից, ինչին իսրայէլացիները պատրաստ չէին, իսկ մե՞նք…

  Աստուած իր ժողովրդին մշտապէս հրաւիրում է իր հետ մտերմիկ զրոյցի, ինչպես Մովսէսին, ում հետ «խօսում էր շրթունք-շրթունքի, բացայայտ եւ ոչ թէ առակներով» (Թվ. 12, 8). սա զրոյց է Սրտից դէպի սիրտը, ինչպես մէկը կխօսի իր բարեկամի հետ, բացատրում է Սուրբ Գիրքը:

  Յիսուս իր Սուրբ Սրտի սիրոյ հրով ուղեկցում էր Տիրոջ ժողովրդին անապատում, լուսաւորում էր գիշերուայ խաւարի մէջ, որ նրանք կարողանային առաջ ընթանալ (Ելք 13, 21-22):

 Այդ նոյն սիրոյ հրով Տէրը մաքրեց Եսայի մարգարէի շուրթերը, որոնք պիտի քարոզէին ապաշխարութիւն՝ մեղաւոր ժողովրդին. «Եւ ահա ինձ մօտ ուղարկուեց սերովբէներից մէկը՝ ձեռքին այրուող ածուխ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: Բերեց դիպցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա՛ այդ դիպաւ քո շուրթերին. դա կհանի քո անօրէնութիւնները, եւ քո մեղքերը կսրբի քեզանից»», Ես. 6, 6:

 Տիրոջ Սրտից բխող սիրոյ հուրը Տիրոջ Խօսքն է, որ առաջնորդում է իր ժողովրդին, Տիրոջ սրտից խօսում է իր ժողովրդի սրտի հետ, Տիրոջ շրթունքներից հոսում է առատօրէն մեր իր սիրելիների շրթունքների մէջ, մաքրում պղծութիւններից եւ ուղարկում առաքելութեան՝ արիաբար տարածելու այդ սերը եւ Աստծոյ Խօսքը:

 Սուրբ Սրտի հրավառ սիրոյ պատկեր է ներկայացնում նաեւ այն կրակի հնոցը, որտեղ նետուեցին Դանիէլի երեք ընկերները, որոնք հնոցում իրենց աղօթքի մէջ ապաշխարեցին Իսրայէլի ամբողջ ժողովրդի փոխարէն՝ իրենք իրենց մատուցելով որպէս ողջակէզ՝ որպէս նախապատկեր Աստծոյ Որդու ողջակիզման՝ Խաչի վրայ. «Թող այդպէս լինի մեր զոհաբերութիւնն այսօր՝ քո առաջ՝ կատարեալ լինելու… որովհետեւ քեզ յուսացողներս ամօթով չեն մնում: Արդ գալիս ենք քո հետեւից ամբողջ սրտով…», Դն. 3, 40-41: Տէր Յիսուս Քրիստոսն Ինքը իջաւ այդ հնոցի մէջ՝ մեզ բացատրելու համար Իր՝ սիրոյ հնոցում այրուելու իմաստը. ապշած Նաբուգոդոնոսորը բացականչեց. «Ես տեսնում եմ արձակուած չորս մարդու, քայլում են կրակի մէջ եւ ոչ մի վնասուածք չկայ նրանց վրայ, իսկ չորրորդի տեսքը նման է Աստծոյ Որդուն», Դն. 3, 92: Այդ երեք երիտասարդները Տիրոջ սիրոյ հնոցում ապաշխարեցին նաեւ չարի մարմնաւորում Նաբուգոդոնոսորի համար, եւ սա դարձի եկաւ:

 Տէր Յիսուս Քրիստոսի սիրոյ հրի մէջ Տիրոջ հետ միասին քայլելը ապաշխարութիւն է, նոր կեանքի սկիզբ եւ ճշմարիտ մկրտութիւն, ինչպես գոչում էր Յովհաննէս Մկրտիչը. «…նա ով գալիս է ինձնից յետոյ… կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով», Մտթ. 3, 11:

 Յիսուս՝ իր սիրոյ կրակո՛վ է ամեն ինչ համեմում, մաքրազտում. «ամէն ինչ կրակով պիտի աղուի», Մրկ. 9, 49:

 Եւ ի վերջոյ, Ի՛նքն իսկ այրւում է Իր ի սպառ սիրոյ հնոցի մէջ՝ տառապանքների, Գողգոթայի ճանապարհի հնոցի մէջ, բարձրանում է Խաչի հնոցը, որից դուրս է գալիս անվնաս. ինչպես հնոցից դուրս բերեց երեք երիտասարդներին, այդպէս էլ Հայր Աստուած Իր Որդուն դուրս բերեց դորիական ինքնանուէր սիրոյ հնոցից՝ անվնաս, անապական, յարուցեալ, փառաւորեալ մարդկային Մարմնով եւ Քրիստոսի խորհրդաւոր Մարմնի հետ միասին եւ այդ Մարմնի մէջ, որ Եկեղեցին է, մեր բոլորիս մարդկային մարմիններն անցկացնելով իր հայրական սիրոյ հնոցի միջով եւ հրով աղելով դրանք՝ դուրս է բերելու յաղթական այս աշխարհում եւ անապական յարուցեալ մարմիններով՝ Ահեղ դատաստանից յետոյ:

 Ուստի սիրելինե՛ր, եկէ՛ք ինքներս մեզ ամբողջ սրտով, մտքով, էութեամբ եւ զօրութեամբ նետե՛նք Տիրոջ եւ մարդու հանդէպ ի սպառ կիզող սիրոյ հնոցը, որպէսզի Տիրոջ հետ միասին դուրս գանք՝ սրբագործուած, համեմուած, վերանորոգ մարդկային սրտով՝ նման Յիսուսի Սուրբ եւ բոցակէզ Սրտին.

«Արա՛ զսիրտ մեր ըստ սրտին քում», Լիթանիա Սուրբ Սրտին Յիսուսի:

Տ. Յովսէփ Քհն. Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/06/2020, 07:53