Ահա՛ Սիրտը, որը այդքան սիրեց մարդկանց Ահա՛ Սիրտը, որը այդքան սիրեց մարդկանց 

Յունիսը՝ Յիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքի ամիս.ի՞նչ է պաշտամունքի խորհուրդը։

«Ահա՛ Սիրտը, որը այդքան սիրեց մարդկանց և չխնայեց իրեն մինչև վերջ…»
Ունկնդրէ լուրը

Յունիս ամսին Կաթողիկէ Եկեղեցում սովորութիւն կայ կատարելու ջերմեռանդական աղօթքներ՝ նուիրուած Յիսուսի Սուրբ Սրտին: Այս գեղեցիկ ջերմեռանդութիւնը սկիզբ է առել Արևմուտքում և մուտք գործել նաև հայ կաթողիկէ համայնքներ: Շատ հայ եկեղեցիներում ամենօրեայ ժամերգութիւններից և Սբ. Պատարագից յետոյ հաւատացեալները, քահանաների առաջնորդութեամբ կամ ինքնուրոյն, երգում են Յիսուսի Սուրբ Սրտի լիթանիան  և կատարում են այլ աղօթքներ։

Ի՞նչ է Սուրբ Սրտի ջերմեռանդութիւնը:

Հնագոյն ժամանակներից սկսած Եկեղեցին խորին յարգանք է տածել մարդկութեան նկատմամբ Քրիստոսի զոհաբերական սիրոյ հանդէպ, որի համար գոյութիւն են ունեցել տարբեր խորհրդանիշներ: Հնում այն եղել է Բարի Հովուի կերպարը: Միջին դարերում Քրիստոսի հինգ վէրքերի և փշէ պսակով թագադրուած գլխի պաշտամունքը: Այդ ժամանակ էլ ի յայտ եկաւ Յիսուսի Սրտի պաշտամունքը: Այս ջերմեռանդութեան հետքերը հիմնականում կարելի է յայտնաբերել Սաքսոնիայի XIII դարի ցիստեռցիան միանձնուհիների վանքերում, միջին դարերի սրբերի կենսագրութիւններում, դոմինիկյան, ֆրանցիսկյան և կարտեզյան միաբանութիւնների գործունութեան մէջ: Սակայն եկեղեցական կեանքում այն ուշագրաւ երևոյթ դարձաւ արդեն նոր ժամանակներում՝ 18-րդ դարից սկսեալ:

Յիսուսի Սրտի պաշտամունքը գործածուել է այսպէս կոչուած «նոր բարեպաշտութեան» հետևորդների կողմից (որն ընդունուած է եղել Նիդեռլանդների «Համատեղ կեանքի եղբայրների» համայնքներում), աջակցութիւն գտել XVI դարում առաջացած նոր կրօնական միաբանութիւններում և Եւրոպայում յայտնի ճգնաւոր ուսուցիչների կողմից:

Լյուդովիկոս XIV-ի ժամանակաշրջանի ֆրանսիացի քահանայ Սբ. Ժան Էդը՝ հոգևոր առաջնորդների թոյլտուութեամբ, առաջին անգամ 1672թ. մատուցեց Յիսուսի Սրտին նուիրուած Պատարագ: Հենց նա էլ հանդիսանում է Ֆրանսիայում Յիսուսի Սրտի պաշտամունքի աւանդոյթի հիմնադիրը:

Յիսուսի Սրտի պաշտամունքի տարածման գործում մեծ դեր են խաղացել միանձնուհի Մարգարիտա Մարիա Ալակոկի առեղծուածային մարգարէութիւնները (կանխատեսութիւնները): Յիսուսը նրան յայտնւում է 1675թ. Տիրոջ Մարմնի տօնին և պատուիրում է հաստատել Նրա Սրտին նուիրուած մի տօն:

Քոյր Ալակոկին աջակցում է իր խոստովանահայր յիսուսեան Կլոդա դե լա Կոլոմբեն: 1684թ.ին լոյս տեսաւ Կոլոմբեի գիրքը՝ Մարգարիտա Մարիայի մարգարէութիւնների նկարագրութեամբ, 1691թ.՝ Մարգարիտա Մարիայի կենսագրութիւնը, որը պատկանում էր յիսուսեան Ժաննա Կրուազեի գրչին, իսկ 1698թ.՝ նրա սեփական գիրքը՝ Յիսուսի Սրտի պաշտամունքի մասին: Դրանք բոլորն էլ մեծ հեղինակութիւն էին վայելում ֆրանսիական հոգևորականութեան շրջանում:

Որոշ ժամանակ Սուրբ Սրտի պաշտամունքի ձևերը գործել են Մարգարիտա Մարիայի և Հայր դե լա Կոլոմբեի աւանդոյթին զուգահեռ: Արդիւնքում երկու շարժումներն (ձևերն) էլ միաձուլուեցին:

Յիսուսի Սրտի պաշտամունքը ընդլայնւում էր, ի յայտ էին գալիս բազմաթիւ եղբայրութիւններ՝ նուիրուած «Յիսուսի Սրտին»: Առաջին հրապարակային երկրպագութիւնը Յիսուսի Սրտին և համընդհանուր նուիրուածութիւնը արձանագրուել է 1720թ.: Դա տեղի է ունեցել Մարսելում՝ ժանտախտի համաճարակի ժամանակ: Սակայն Հռոմը դանդաղեցնում էր համապատասխան տօնի ընդունումը:

Վերջապէս Կլիմենտ  XIII Պապը այդ տօնը հաստատեց Ֆրանսիայում՝ 1765թ.: 1794թ. Պիոս VI Պապը իր «Auctorem fidei» կոնդակի մէջ պաշտպանեց Յիսուսի Սրտի պաշտամունքը յանսենականների յարձակումներից, ովքեր պնդում էին, որ թոյլատրելի չէ մարմնաւոր սրտի պաշտամունքը:

1856թ. Պիոս IX Պապը հռչակեց Յիսուսի Սրտի պաշտամունքը՝ որպէս պարտադիր տօն բոլոր կաթողիկէ եկեղեցիների համար:

1899թ. յունիսի 11-ին Լևոն XIII Պապը ամբողջ մարդկութեանը նուիրաբերեց Յիսուսի Սրտին՝ դա համարելով իր ամենալաւ գործը: Այդ նուիրաբերութեան համար նրան խնդրել էր Սուրբ Սրտի միանձնուհի Մարիան՝ Բարի Հովիւ միաբանութիւնից՝ պնդելով, որ դա Տէր Յիսուս Քրիստոսի խնդրանքն է իրեն: Նա մահացաւ հենց Սուրբ Սրտի տօնի օրը: Լևոն XIII-դը նաև հաստատեց Յիսուսի Սուրբ Սրտի Պատարագ, որը այսուհետ պէտք է մատուցուեր իւրաքանչիւր ամսուայ առաջին ուրբաթ օրերին:

XX-րդ դարի երկրորդ կէսին՝ Եւրոպային բաժին հասած ծանրագոյն ժամանակաշրջանում, Յիսուսի Սրտի պաշտամունքը թացաւ առաւել յայտնի: Այդ ժամանակ էլ սրբացուեցին Յիսուսի Սրտի պաշտամունքի նախակարապետները՝ քոյր Մարգարիտա Մարիա Ալակոկը՝ 1920թ., Հայր Ժան Էդը՝ 1925թ., իսկ Հայր Կլոդ դե լա Կոլոմբեն դասուեց երանելիների շարքը՝ 1992թ.: Պիոս XII Պապը 1956թ.-ին մի յատուկ կոնդակ նուիրեց Յիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքին:

Յիսուսի Սրտի պաշտամունքի դէմ ընդվզումներ եղան յանսենականների ճամբարում (Կաթողիկէ Եկեղեցու XVII-XVIII-րդ դարերի ընդդիմադիր շարժում, որը ի վերջոյ բաժանուեց նրանից) և Լուսաւորութիւն դարաշրջանի աստուածաբան-ռացիոնալիստների միջև:

Արդեն XX-րդ հարիւրամեակում Յիսուսի Սրտի պաշտամունքի գործնական դրսևորմանն աւելի խոր հիմնաւորում փորձեց տալ ականաւոր գերմանացի աստուածաբան յիսուսեան Կառլ Ռաները: Նա ընդգծեց «Սրտի» խորհրդանշական իմաստը՝ որպէս  նախա-Խօսք, նախա-Հասկացութիւն, որով  հիմնաւորւում են Սուրբ Գիրքը և հին եկեղեցական պրակտիկան, ինչպէս նաև՝ որպէս անձի անհատականութեան կենտրոն, մարդկային «ես-ի» կենտրոնացում:

Այսպիսով, կարող ենք խօսել տուեալ պաշտամունքի աստուածաբանա-մարդաբանական հիմունքների մասին: Տօնի ծիսական տեքստերը ընդգծում են Յիսուսի սրտին նմանուելու և Նրան իր եղբայրների մէջ ճանաչելու անհրաժեշտութիւնը, իսկ նախաբանը մատնանշում է գեղարդով խոցուած Յիսուսի Սիրտը՝ որպէս Մկրտութեան և Սբ. Հաղորդութեան խորհուրդների լուսաւորող շնորհի աղբիւր, առանց որի անհնար է Փրկութիւնը: ժամանակակից եկեղեցական օրացոյցում Յիսուսի Սրտին, բացի հիմնական տօնից, նուիրւում  են ամսուայ իւրաքանչիւր առաջին ուրբաթը և ամբողջ Յունիս ամիսը:

Պատրաստեցին՝ Նաիրա Բաղդասարյանը,

Տ. Հովսեփ քհն. Գալստյանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/06/2020, 09:11