Որոնել

«Յիսուս հեզ եւ խոնարհ սրտիւ, Արա՛ զսիրտ մեր ըստ Սրտին Քում» «Յիսուս հեզ եւ խոնարհ սրտիւ, Արա՛ զսիրտ մեր ըստ Սրտին Քում» 

Սի՜րտ Յիսուսի, լեալ հնազանդ մահու չափ…Տէր Յովսէփ Քհն. Գալստեանի մտորումները (Դ)։

«Յիսուս հեզ եւ խոնարհ սրտիւ, Արա՛ զսիրտ մեր ըստ Սրտին Քում», Լիթանիա Սուրբ Սրտին Յիսուսի:
Ունկնդրէ խորհրդածութիւնը

Սուրբ Պօղոս առաքեալը Փիլիպեցիներին ուղղուած իր նամակի 2-րդ գլխի 5-11-րդ համարներում ներկայացրել է, ըստ ուսումնասիրող մեկնաբանների, մի հնագոյն քրիստոնէական օրհներգ, որ սկսւում է հետևեալ կոչով. «Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կա Յիսուս Քրիստոսի մէջ»: Սա Քրիստոսին նմանուելու, Նրա նման մտածելու, Նրա տեսանկիւնից ինքներս մեզ՝ որպէս մարդ, նայելու և հասկանալու մի կոչ է, ինքներս մեզ որպէս «այլ ոմն» Քրիստոս (alter Christus) ընկալելու մի հրաւէր է:

 Իսկ ի՞նչ կա Յիսուսի Քրիստոսի մէջ, ինչի՞ն պէտք է նմանուի Քրիստոսի հետևորդը: Օրհներգի յետագայ համարներում, որտեղ իւրօրինակ ձևով խտացուած է Յիսուս Քրիստոսի երկրային առաքելութիւնը, գտնում ենք պատասխանը՝ այդ հարցին: Ընթերցե՛նք այդ համարները՝ որպէս օրհներգութիւն և միաժամանակ որպէս Տիրոջ Սուրբ Սրտի մի իւրօրինակ սրբապատկեր, որով բացայայտւում է Նրա Սուրբ Սրտի խորհուրդը.

«լինելով Աստծու կերպարանքով՝ Աստծուն հաւասար լինելն իր համար յափշտակութիւն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով յայտնուելով: Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ մահուան՝ խաչի վրայ: Դրա համար Աստուած նրան առաւել բարձրացրեց և շնորհեց մի անուն, որ վեր է բոլոր անուններից, որպէսզի Յիսուս Քրիստոսի անուան առջև խոնարհուի ամէն ծունկ՝ թէ երկնաւորների, թէ երկրաւորների և թէ սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանի, որ Յիսուս Քրիստոս Տէր է՝ ի փառս Հայր Աստծոյ», Փիլ. 5, 7-11:

 Այս օրհներգ-սրբապատկերի մէջ գոհարի նման առանձնանում է «հնազանդ լինելով մինչև մահ» արտայայտութիւնը, որ դարձել է Սիրտ Յիսուսի Լիթանիայի աղերսական մի տողը, որի մէջ խտանում է Տէր Յիսուս Քրիստոսի խաչի ամբողջ իմաստը և որը Նրա Սուրբ Սրտի բաբախի հիմնական հնչիւնն է՝ կատարեալ, ի սպառ հնազանդութիւն՝ Հայր Աստծոյ կամքի հանդէպ:

 Աստծոյ իմաստութիւնը, Աստծոյ Խօսքը, որով արարուեց աշխարհը, Ամենասուրբ Երրորդութեան Երկրորդ Անձը՝ Աստծոյ Միածին յաւիտենական Որդին, յանուն մեղքի մէջ կորուսեալ մարդու սիրոյն «ունայնացաւ» իր աստուածութիւնից՝ երբեք չկորցնելով այն, ծառայի կերպարանք առաւ՝ դառնալով մարդ, մարդկային սիրտ առաւ, որի մէջ զեղեց Իր Աստուածային Սրտի անսպառ Սէրը, մարդկային միտք առաւ, որի մէջ «տեղաւորեց» աստուածային անսահման գերիմաստութիւնը և ծնուեց որպէս փոքրիկ, խոցելի մարդկային արարած, հնազանդուեց նախ իր մօրը Սրբուհի Մարիամին, Սուրբ Յովսէփին, հասակ առաւ՝ «լի շնորհքով և իմաստութեամբ», ապա, որպէս Մարդու Որդի, սովորեց հնազանդուել Տիրոջ կամքին իր չարչարանքներով՝ մեզ տալով մի անփոխարինելի օրինակ.

 «Թէպէտև Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց և կատարեալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդողներին յաւիտենական փրկության պատճառ դարձաւ», Եբր. 5, 8-9: Նրա հնազանդութիւնը կատարեալ դարձաւ խաչի վրայ՝ թևերը տարածելով Հայր Աստծոյ կամքի առաջ և որպէս նշան՝ Հայր Աստծոյ ողորմութեան և ներման, որ առատօրէն հորդեց մարդկային ամբողջ ցեղի վրայ՝ Իր Սուրբ Սրտի անսպառ ակունքից: Յիսուս Քրիստոս Մարդը՝ կատարելապէս միացած Աստծոյ Որդու հետ՝ որպէս միակ միջնորդ մարդու և Արարչի միջև, սրբագրեց  Ադամի սխալը և կատարեց ճիշտ հակառակը՝ մարդուն վերադարձնելով ճշմարիտ մարդկային արժանապատուութիւնը, որը հիմնուած է Աստծոյ կամքի հանդէպ կատարեալ հնազանդութեան վրայ, մարդուն վերադարձնելով ճշմարիտ մարդկային ազատութիւնը, որն ամբողջովին դրսևորւում և դառնում է անսահման՝ միայն Աստծոյ կամքին հնազանդուելով և աստվածային ազատութեան մէջ, որն անհասանելի է մեղաւորների համար և բաց է միայն արդարների համար: Պօղոսը հռոմէացիներին գրում է. «Ինչպէս մէկ մարդու անհնազանդութեամբ շատերը մեղաւոր եղան, նոյնպէս և մէկ մարդու հնազանդութեամբ շատերն արդար պիտի լինեն», Հռմ. 5, 19:

 Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետը իրեն յատուկ յստակութեամբ գրում է. «Որդին, որ ծառայ դարձաւ, «հնազանդ լինելով մինչև մահ»՝ իր վրայ վերցրեց մարդկային ամբողջ անհնազանդութիւնը, ծածկեց այն իր չարչարանքներով և այդպէս յաղթահարեց այն»  (Յիսուս Նազովրեցի, Մաս Բ, գլուխ «Խորհրդաւոր ընթրիքը»):

 Քիստոսի հնազանդութիւնը Հոր կամքի առջև եղաւ նաև ամբողջ մարդկութեան համար աստվածային օրհնութիւնների և շնորհների առատ աղբիւր, որը տանում է դէպի ազատագրում մեղքի գերութիւնից և մասնակցութիւն՝ Քրիստոսի թագաւորական ազատութեան մէջ. «Որովհետև եթէ մէկի յանցանքով մահը թագաւորեց այդ մէկի միջոցով, որչա՜փ առաւել նրանք, որ շնորհի ու արդարութեան պարգևի առատութիւնն են ստանում, կթագաւորեն կեանքի մէջ՝ Յիսուսի Քրիստոսի միջոցով», Հռմ. 5, 17:

Քրիստոսի հնազանդութիւնը մինչև մահ՝ ազատութեան, թագաւորութեան աղբուեր է, ըստ հին օրհներգի. «…դրա համար Աստուած նրան առաւել բարձրացրեց և շնորհեց մի անուն, որ վեր է բոլոր անուններից, որպէսզի Յիսուս Քրիստոսի անվան առջև խոնարհուի ամէն ծունկ…»: Այս արտօնութիւնը և իշխանութիւնը Քրիստոս կիսում է իր բոլոր եղբայրների և քոյրերի հետ, ովքեր կիսում են Ի՛ր ի սպառ հնազանդութիւնը՝ Հօր կամքի և Իր Աւետարանի առջև և եթէ «…ամէն լեզու խոստովանի, որ Յիսուս Քրիստոս Տէր է՝ ի փառս Հայր Աստծոյ», Փիլ. 5, 11:

 Ուրեմն, որպէսզի մասնակիցը լինենք Աստծոյ Արքայութեան, աստվածային լիակատար ազատութեանը՝ մեղքի և մահուան իշխանութիւնից, խոստովանե՛նք Յիսուսին՝ որպէս մեր կեանքի միակ Տէր և Թագաւոր և հնազանդ լինենք Աստծոյ կամքի առջև՝ Իր Սուրբ Սրտի հնազանդութեամբ՝ «լեալ հնազանդ մահու չափ»:

«Յիսուս հեզ եւ խոնարհ սրտիւ,

Արա՛ զսիրտ մեր ըստ Սրտին Քում», Լիթանիա Սուրբ Սրտին Յիսուսի:

 

Տ. Հովսեփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/06/2020, 07:25