Հասարակաց տան խնամք Հասարակաց տան խնամք 

Հայ երիտասարդները ևս գործուն կերպով միացան Laudato Si նամակի յոբելենական շաբաթուան:

Երկիր մոլորակը մեր ընդհանուր տունն է. Laudato Si
Ունկնդրէ լուրը

2020թ. մայիսի 16-24-ը Սուրբ Աթոռի Մարդկային համապարփակ զարգացման վարչութեան նախաձեռնութեամբ յայտարարուեց Ն.Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի 2015թ. հրապարակած «Գովեմ զՔեզ»՝ Laudato Si շրջաբերականին նուիրուած շաբաթ: Նպատակն էր՝ հինգ տարի անց ողջ Ընդհանրական Եկեղեցու ուշադրութիւնը դարձեալ հրաւիրել այդ հոյժ կարևոր և միշտ արդիական սոցիալ-բնապահպանական բովանդակութեան փաստաթղթի վրայ և առիթ տալ վերստին մտածելու նամակի տեսլականի և առաջ քաշած մարտահրաւէրների շուրջ:

Սուրբ Աթոռի վարչութեան հրաւէրին ընդառաջեցին աշխարհի շատ կաթողիկէ համայնքներ և բարեսիրական կազմակերպութիւններ: Մենք ևս ջանացինք կիսել այդ համընդհանուր համերաշխութիւնը և փաստաթղթի արժէքները: Հայաստանի հիւսիսային չորս կաթողիկէ համայնքների՝ Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Բավրայի և Սիզավետի երիտասարդների հետ միասին նախաձեռնեցինք միջոցառումների շարք, որոնք կոչուած են իրենց հերթին լինելու մեկնարկ՝ ամբողջ տարուայ համար նախատեսուող միջոցառումների: Այս նախաձեռնութեանն իր աջակցութիւնը յայտնեց նաև Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպութիւնը, որի՝ համայնքներում իրականացրած ծրագրերում, որպէս կամաւորականներ, ընդգրկուած են նաև այդ համայնքների երիտասարդները:

Ամբողջ շաբաթուայ ընթացքում՝ ամէն օր թէ Առաջնորդութեան և թէ Հայկական Կարիտասի ֆեյսբուքյան էջերին տեղադրւում էին հատուածներ «Գովեմ զՔեզ» շրջաբերականից՝ համապատասխան լուսանկարներով: Մայիսի 17-ին և 24-ին չորս համայնքների 20-ից աւելի երիտասարդների հետ կազմակերպեցինք երկժամեայ առցանց երկու սեմինար, որոնց ընթացքում երիտասարդներին ներկայացրեցի «Գովեմ զՔեզ» փաստաթղթի բովանդակութեան հիմնական էութիւնը՝ PPTX նիւթերի միջոցով, քննարկեցինք առանձին գաղափարներ,  սոցիալ-բնապահպանական խնդիրները, դրանց լուծման երիտասարդական պատկերացումները, իրենց պատրաստած հետաքրքիր նիւթերը ներկայացրեցին նաև երիտասարդները (Կատյա Մարգարյան, Անդրանիկ Վարդանյան): Այսպիսով, հարթակ ստեղծուեց նաև երիտասարդների ինքնաարտայայտման համար՝ անկախ մասնագիտական պատրաստուածութիւնից: Որոշեցինք առաջիկայ օրերին միասին իրականացնել բնապահպանական փոքրիկ ծրագրեր՝ ծառատունկ, տարածքները, դաշտերը, լճերի տարածքները աղբից մաքրելու, մարդկանց իրազեկման գործողութիւններ, առցանց և կենդանի միջոցառումներ:

Ծառատունկը իրականացրեցինք Հայկական Կարիտասի օգնութեամբ: Տիրոջ Համբարձման տօնին Բավրա, Սիզավետ և Ղազանչի համայնքներում տեղի կամաւորական երիտասարդների հետ միասին տնկեցինք հինգ տեսակի (բարդի, հացենի, լորենի, կլյոն, կաշտան) դեկորատիվ 120 ծառ՝ եկեղեցիների և Ղազանչիի երիտասարդական համալիր կենտրոնի բակերում:  Երիտասարդները ստանձնել են պատասխանատուութիւն՝ մշտապէս պահպանելու նորատունկ ծառերը, որովհետև դրանք երաշխիք են իրենց համայնքների կանաչ և մաքուր ապագայի, ինչպես նաև Աստծոյ արարչագործութեան հանդէպ իրենց սիրոյ մի գեղեցիկ արտայայտութիւն են:

Laudato Si փաստաթղթին նուիրուած միջոցառումների կիզակէտը եղաւ մայիսի 24-ի կէսօրին աղօթքով աշխարհի տարբեր անկիւններում ամբողջ արարչագործութեան՝ «մեր ընդհանուր տան համար» հնչող աղօթքին միանալը: Ընտրեցի երեք աղօթք՝ Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցու «Արարածների երգը», Դանիէլի մարգարէութեան արարածների օրհներգութիւնը՝ Դան. 4, 57-89, և Սուրբ Աթոռի վարչութեան հրապարակած յատուկ աղօթքը, որոնց PDF-ը կարող էք ներբեռնել այստեղ՝  Գովեմ զՔեզ շաբաթուայ աղօթքներ:

Մայիսի 24-ին կիրակնօրեայ մարեմյան աղօթքից յետոյ Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը յայտարարեց, որ մայիսի 24-ը «Գովեմ զՔեզ» փաստաթղթի հրապարակման տարեդարձն է և փաստաթղթին նուիրուած շաբաթով հռչակում է «Գովեմ զՔեզ»-ի յատուկ տարի՝ 2020թ. մայիսի 24-ից մինչև 2021-ի մայիսի 24-ը: Սա պէտք է լինի երկարատև հնարաւորութիւն՝  խորհրդածելու շրջաբերականի մասին և «հոգ տանելու մեր ընդհանուր տան և մեր դիւրաբեկ եղբայրների ու քոյրերի մասին»:

Մեր երիտասարդների հետ միասին մտադիր ենք այս տարուայ ընթացքում մշակել և իրականացնել բնապահպանական մի շարք գործողութիւններ և ծրագրեր՝ մանաւանդ, հաշուի առնելով այն փաստը, որ համավարակի անորոշ երկարաձգումը հնարաւոր է դարձնում միայն բացօթեայ երիտասարդական ծրագրերի իրականացումը: Վստահ ենք, որ իւրաքանչիւր դժուարութիւն առիթ է՝ նոր հնարաւորութիւնների և գաղափարների գերազանցման:

#LaudatoSi5

Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Աշոցքի հայ կաթողիկէ երիտասարդներ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/05/2020, 07:30