Որոնել

Յիսուսին մուտքը Երուսաղէմ Յիսուսին մուտքը Երուսաղէմ 

Քրիստոս գալիս է մտնելու մեր սիրտը, ինչպէս մտաւ Երուսաղեմ. արդեօ՞ք պատրաստ ենք

«Մեծապէս ուրախացի՛ր, դուստր Սիոնի, ազդարարի՛ր, դուստր Երուսաղեմի, ահա քո թագաւորը գալիս է քեզ մօտ, արդարը եւ փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրայ եւ նրա աւանակի վրայ», Զաք. 9, 9

Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքով սկսւում է Զատկական կամ Աւագ Շաբաթը՝ Տիրոջ երկրային կեանքի վերջին շաբաթուայ իրադարձութիւնները, որոնք բեկումնային եղան ամբողջ մարդկութեան եւ տիեզերքի պատմութեան մեջ:

Ղազարոսին մեռեալ վիճակից յարութիւն տալուց յետոյ Յիսուս իր աշակերտների հետ շարժուեց դէպի Երուսաղեմ՝ իր առաքելութեան նպատակակէտը: Նա իր աշակերտներին պատուիրեց բերել մի աւանակ, եւ ինքը աւանակի վրայ նստած մտաւ սուրբ քաղաքը, որպէսզի իր իւրայինները եւ հրեաները հասկանային մարգարէութեան կատարումը՝ Օծեալի գալստեան մասին. «Մեծապէս ուրախացի՛ր, դուստր Սիոնի, ազդարարի՛ր, դուստր Երուսաղեմի, ահա քո թագաւորը գալիս է քեզ մօտ, արդարը եւ փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրայ եւ նրա աւանակի վրայ», Զաք. 9, 9: Նա մտաւ սուրբ քաղաքը՝ որպէս իրական թագաւոր եւ տէր, որ գալիս է զբաղեցնելու իր գահը՝ բայց ոչ թէ բռնութեամբ եւ մարդկային թագաւորութիւն հաստատելու նպատակով, ինչը որ սպասում էին հրեաները՝ բացականչելով՝ «Ովսաննա՛, օրհնութիւն՛ն Դաւթի Որդուն»՝ տալով Դաւթի անունը, այլ գալիս էր ճշմարտապէս «Տիրոջ անունով», ինչպէս գրուած է սաղմոսներում եւ որը, առանց խորապէս հասկանալու, կրկնում էին նրան Երուսաղեմ ուղեկցողներն ու դիմաւորողները. «Օրհնեա՛լ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով», Սղմ. 117, 26: Ինչպէս բացատրում է Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետը (Ժոզեֆ Ռացինգեր, «Յիսուս Նազովրեցի», 2-րդ մաս, գլ. 1), այսպէս դիմաւորում էին Երուսաղեմ եկող ուխտաւորներին: Այսպիսով, Յիսուս Երուսաղեմ մտաւ որպէս թագաւոր եւ ուխտաւոր:

......

Տերը գալիս է նաեւ այսօր եւ միշտ

 Յիսուսի մուտքը Երուսաղեմ եւ Աստծոյ հոգեւոր տան՝ Եկեղեցու կառուցումը շարունակւում է մինչ օրս: Յիսուս այսօր էլ գալիս է իւրաքանչիւրիս մօտ, թակում է մեր սրտերի դուռը եւ ուզում է մտնել ու մաքրել այն՝ ինչպէս Երուսաղեմի տաճարը: Մեզնից իւրաքանչիւրը մի սուրբ քաղաք է, մի Երուսաղեմ է Յիսուսի համար, մի նպատակակէտ, իսկ մեր սիրտը՝ Աստծոյ տաճարն է, որը պէտք է մաքրագործուի՝ Յիսուսի մուտքով: Մեզ պէտք է առաջնորդուել երանի՛ներով, որպէսզի կարողանանք դիմաւորել Յիսուսին արժանի կերպով.

«Երանի՛ սրտով մաքուրներին, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

Երանի՛ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը կժառանգեն:

Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է Երկնքի Արքայութիւնը», Մտթ. 5, 1-6:

Լինել հեզ՝ այնքան, որ մեր հին հագուստները հանենք եւ փռենք մեզ ընդառաջ եկող Յիսուսի աւանակի վրայ, սգալ մեղքերի համար եւ բացել մեր սրտերը՝ Տիրոջ առաջ, որպէսզի Ինքը մտնի եւ մաքրի մեզ ներսից՝ վտարելով մեր եսասիրութիւնը, նիւթապաշտութիւնը, ամէն տեսակ աղտեղութիւնները եւ դարձնի մեզ Սուրբ Հոգու բնակութեան մաքուր տաճարներ, ըստ Պօղոսի խօսքի. «Կենդանի Աստծոյ տաճարն էք դուք» Բ Կորն. 6, 16: Եւ այդ ճանապարհով Յիսուս կկարողանայ կառուցել իր Եկեղեցին՝ Իր Մարմինը՝ մեզանից իւրաքանչիւրին վերցնելով որպէս վէմ, ինչպէս Պետրոսին.

«Մօտեցե՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը թեպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջընտրեալ եւ թանկագին է: Եւ դուք՝ ինչպէս կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար՝ անարատ քահանայութեան համար, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք Աստծուն հաճելի հոգեւոր զոհեր», Ա Պետ. 2, 4-5:

 Ուրեմն, որպէսզի լինենք Քրիստոսին կրող տաճարներ, որպէսզի Քրիստոսի հետ միասին կառուցենք նրա հոգեւոր նոր տունը՝ Եկեղեցին, պէտք է ընդառաջ գնանք մեզ մօտեցող Յիսուս Քրիստոսին՝ դառնալով մանուկների նման եւ նրանց պէս բացականչելով. «Ովսաննա՛, օրհնեալ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագաւոր Իսրայէլի», Յվհ. 2, 13: Յիսուսին ընդառաջ գնալ՝ որպէս մեր կեանքի թագաւորի, նրան ընդունել որպէս Տիրոջ ժողովուրդ՝ նոր Իսրայէլ եւ նոր Երուսաղեմ, որը սկսւում է կառուցուել այստեղ՝իւրաքանչիւրիս միասնական ջանքերով:

 Տիրոջ գալուստն այսօր մեզանից իւրաքանչիւրի սիրտը սկսւում է մկրտութեամբ, մօտենում խոստովանութեամբ եւ ներմամբ եւ իր լրումին է հասնում Սուրբ Պատարագի ժամանակ՝ հեզութեամբ Ինքն Իրեն մեզ մատուցելով հացի եւ գինու թշուառ յատկանիշների տեսքով՝ Սուրբ Հաղորդութեամբ:

 Տէրն այսօր եւ միշտ գալիս է մեզ մօտ որպէս թագաւոր եւ ուխտաւոր՝ տիրելու մեր սրտերին եւ Իր սրբազան ուխտը կնքելու մեզ հետ: Եկե՛ք մտածենք, թէ մենք ինչպէ՞ս ենք ընդունում նրա գալուստը, պատրա՞ստ ենք արդեօք նրա գալստեանը եւ ուզու՞մ ենք արդեօք, որ գայ, թէ՞ սպասում ենք, որ գայ եւ մի քանի օր յետոյ հրեաների նման մեր մեղքերով խաչը հանենք Նրան՝ Նրա փոխարէն մեզ մօտ ընդունելով աւազակ Բարաբբային, որպէսզի լռեցնենք մեր խղճի ձայնը, որ, սակայն, երբեք հանգիստ չի տալու մեզ.

 

 «Դու ստեղծել ես մեզ քեզ համար, ո՛վ Տէր,

եւ մեր սիրտը կլինի անհանգիստ՝

մինչեւ չգտնի իր հանգիստը Քո մէջ»,

Սբ. Օգոստինոս, «Խոստովանութիւններ»:

Քաղուած Տ. Յովսէփ Գլասյանի քարոզէն

Ծաղկազարդի կիրակի, 5 ապրիլի, 2020

http://armenianchurchco.com/

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/04/2020, 07:43