Աստուածային ողորմութիւն Աստուածային ողորմութիւն 

«Գթասիրտ, ողորմած է Տէրը… և բուժում է ախտերը քո բոլոր». խորհրդածութիւն, Աստուածային ողորմութեան կիրակի:

«Մարդկութիւնը երբեք խաղաղութիւն չի ունենայ, մինչեւ վստահութեամբ չհայցի Աստուածային Ողորմութիւնը», այսպէս ասաց Տէրը Ֆաուստինային (Օրագիր Ֆուստինա Կովալսկայի, 132):

Այս կիրակին հայ ծէսի մէջ կոչւում է «Նոր Կիրակի», «Կրկնազատիկ» կամ «Կարմիր Կիրակի», իսկ Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցում հռչակուած է որպէս «Տօն աստուածային ողորմութեան»: «Կարմիր» կոչւում է այն պատճառով, որ Տէր Յիսուս Քրիստոսի՝ Խաչի վրայ թափած կարմիր Արեամբ քրիստոնեան, մաքրուելով իր մեղաւոր ընթացքից, նոր կեանք է սկսում՝ Աստծոյ առաջնորդութեամբ եւ Քրիստոսի Խորհրդաւոր Մարմնի մէջ, որ Եկեղեցին է, ճիշտ ինչպէս հրեաները Եգիպտոսից փախչելիս, անցան Կարմիր ծովի միջով եւ սկսեցին նոր կեանք՝ Աստծոյ առաջնորդութեամբ: Քրիստոսի հեղած անգին արեան շնորհի՛ւ է, որ այսօր իւրաքանչիւրս ունենք կարելիութիւնը՝ մաքրուելու մեղքերից՝ ընդունելով Սուրբ Մկրտութեան, Ապաշխարութեան, Սուրբ Հաղորդութեան խորհուրդները եւ ունենք կարելիութիւնը ընթանալու սրբութեան ճանապարհով՝ դէպի Աստծոյ հետ կատարեալ միութիւն:

Քրիստոս Իր Սուրբ Արիւնը հեղելով իւրաքանչիւրիս համար՝ մեզ ցոյց տուեց Աստծոյ անհատնում ողորմութիւնը մարդու հանդէպ: Քրիստոս Ինքն Իրեն մահուան մատնելով իւրաքանչիւր մարդու համար՝ ցոյց տուեց, թէ Աստուած որքա՛ն է սիրում Իր ստեղծած ձեռքերի գործը՝ ամբողջ արարչագործութիւնը եւ դրա գլուխգործոցը՝ մարդուն՝ նրա սահմանափակութեամբ, սխալականութեամբ, թշուառութեամբ հանդերձ, եւ ուզում է, որ մարդը բարձրանայ իր անկեալ վիճակից, ոտքի կանգնի եւ յաղթահարի մեղքը եւ մեղքի հետեւանքները:

…….

 Սաղմոսերգուն ասում է.

«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա, ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր: Նա որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ եւ գթութեամբ, որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս: Ողորմութիւն ու արդարութիւն է Տէրը շնորհում բոլոր զրկեալներին… Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու բազումողորմ: Տէրն ի սպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում: Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ: Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնը Իրենից երկիւղ կրողների վրայ… Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին: Նա գիտէ կազմուածքը մեր եւ գիտէ, որ հող ենք մենք», Սղմ. 102, 3-14:

Սուրբ Թովմաս Աքվինացին գրում է, թէ Աստուած իր ամենակարութիւնը դրսեւորում է նախեւառաջ եւ յատկապէս իր ողորմածութեան եւ ներողամտութեան մէջ: Սաղմոս 135-ը, որ կոչւում է «Ալէլուիա», օրհներգում է Աստծոյ յաւերժական ողորմածութիւնը, որը ծնունդ տուեց ամբողջ արարչագործութեանը.

«Գոհութիւն մատուցէ՛ք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը… Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: Երկինքն ստեղծեց իր իմաստութեամբ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: Երկիրը հաստատեց ջրերի վրայ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը… Տէրը մեզ յիշեց մեր թշուառութեան մէջ, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա»:

«Ողորմութիւն» բառը Աստծոյ սիրոյ «երկրորդ անունն է», ինչպէս սովորեցնում է Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը (Dives in misericordia (Առատ ողորմութեամբ), 7): Յովհաննէս աւետարանիչը Աստծուն անվանում է «սէր»՝ համարելով դա Աստծուն բնորոշելու լաւագոյն  բառը եւ արտայայտչաձեւը. «Աստուած սէր է», Ա Յվհ. 4, 8: Ա՛յս է ամենակարեւոր ուղերձը, որ Աստուած ի սկզբանէ ջանում էր իր մարգարէների միջոցով հասցնել Իրեն չհասկացող, Իրեն մշտապէս դաւաճանող մարդ արարածին: Ի վերջոյ, Աստուած «այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր Միածին Որդուն տուեց», որպէսզի Իր Որդին մարդ դառնալով, մարդկային լեզուով, մարդկային կեանքով պարզ ու բացայայտ ցոյց տայ աստուածային ողորմութեան դէմքը, որ Ի՛նքն է՝ Յիսուս Քրիստոս: Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր կոնդակն այդպէս էլ անուանել է. «Յիսուս Քրիստոս Հօր ողորմածութեան դէմքն է», Misericordiae Vultus (Ողորմութեան դէմքը), 1:

Յիսուս իր երկրային կեանքի ողջ ընթացում իր ամէն մի շարժումով, խօսքով, բուժումներով միայն դա՛ էր ցոյց տալիս՝ այն, որ Հայր Աստուած գթասիրտ է եւ սիրում ու ներում է իր իւրաքանչիւր զաւակին. «Նրա անձը այլ բան չէ, քան՝ միայն սեր, սէր՝ տրուած առատաձեռնօրեն: Նշանները, որոնք նա գործում էր, յատկապէս մեղաւորների, արհամարհուածների, աղքատների, հիւանդների, տառատպեալների հանդէպ, բոլորի նպատակը ողորմութիւն սովորեցնելն էր: Նրա մէջ ամե՛ն ինչ խօսում է ողորմութեան մասին: Ոչինչ նրա մէջ զուրկ չէ գթութիւնից», Misericordiae Vultus (Ողորմութեան դէմքը), 8:

……………

Յիսուս բուժելով հիւանդներին, մեռեալներին կենդանացնելով՝ ցոյց էր տալիս, որ Աստծոյ սէրը անբաժան է ներողամտութիւնից. Աստուած ներում է, քանի որ սիրում է միշտ, հետեւաբար մի՛շտ պատրաստ է ներելու, քանի անգամ էլ որ իր զաւակը՝ մարդ արարածը, յանցանք գործի: Երբ Պետրոսը Յիսուսին հարցնում է, թէ քանի անգամ պէտք է ներել եղբօրը, մինչեւ եօթն անգա՞մ, Յիսուս պատասխանում է. «Քեզ չեմ ասում, թէ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը», Մտթ. 18, 22: Այսինքն՝ ներել պէտք է միշտ, առանց սահմանների, առանց վերապահումների, ինչպէս ներում է Աստուած: Հայր Աստուած ցոյց տուեց որ իր սէրը եւ ներողամտութիւնը մարդու հանդէպ սահմաններ չունի այն աստիճան, որ Իր Որդուն անգամ չխնայեց, այլ մատնեց դաժանաբարոյ քաղաքական գործիչների, կեղծաւոր փարիսեցի առաջնորդների, վայրագ զինուորների եւ ամբոխի ձեռքը, որոնք ամենաանարգ մահով սպանեցին իր որդուն:

Այսքա՛ն, այսինքն՝ առանց քանակի ու չափի է սիրում Աստուած իր զաւակներին, նաեւ երախտամոռներին, որ Ինքն Իրեն զոհեց՝ նրանց համար: Այսքա՛ն, այսինքն՝ առանց քանակի ու չափի է սիրում Նազովրեցի Յիսուս Քրիստոսը՝ Աստծոյ Միածին Որդին, Իր Հօրը եւ Իր Հօր իւրաքանչիւր զաւակի, որ Իր եղբայրներն ու քոյրերն են. «Ի սպառ սիրեց նրանց», Յվհ. 13, 1: Յիսուս սիրելով՝ սպառուեց խաչի վրայ: Նրա սիրոյ անսահմանութիւնը քանդեց նաեւ մարդկային մարմնի սահմանափակումները, որոնք դրել էր մեղքը եւ մահը, քանդեց մեղքի կապանքները, աւերեց դժոխքի դռները, ճզմեց հինաւուրց օձի գլուխը, ըստ Աստծոյ Խօսքի, որ ասաց օձին (Ծննդ. 3, 15):

Տէր Յիսուս Քրիստոս Խաչի վրայ ցոյց տուեց Աստծոյ ողորմութիւնը մարդկութեան հանդէպ՝ Աստծոյ խաչվա՛ծ ողորմութիւնը, մարդու կողմից անարգուա՛ծ ողորմութիւնը, ծաղրուա՛ծ ողորմութիւնը, արհամարհուա՛ծ ողորմութիւնը:

Բայց Աստուած, չնայած մարդկութեան պատմութեան դառն ժառանգութեանը, շարունակում է լինել համբերատար եւ բազումողորմ՝ միշտ փնտռելով իր մոլորեալ ոչխարներին, միշտ կարոտով սպասելով իւրաքանչիւրի  դարձին ու անկեղծ զղջմանը:

Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի իւրաքանչիւր վէրքը խոսում է Աստծոյ ողորմութեան, սիրոյ մասին: Խաչկալ Յիսուսի վէրքերի մասին խորհրդածելը մեզ օգնում է աւելի լաւ հասկանալ Աստծոյ ողորմածութիւնը մեր հանդէպ: Երբ հռոմէացի զինուորը խոցեց նրա կողը, արիւն ու ջուր հոսեց. արիւնը խորհրդանշում է Տիրոջ մահը եւ Սուրբ Հաղորդութիւնը, իսկ ջուրը՝ Մկրտութիւնը եւ Սուրբ Հոգին: Այսպէս սկիզբ դրուեց Եկեղեցուն՝ Տիրոջ ողորմութեան ակունքից:

1931-35թթ. Տէրը երեւաց լեհ սրբուհի Ֆաուստինա Կովալսկային եւ նրան պատուիրեց աշխարհին փոխանցել Ողորմութեան վարդարանը եւ խնդրել Աստծոյ ողորմութիւնը՝ աշխարհի խաղաղութեան համար: «Մարդկութիւնը երբեք խաղաղութիւն չի ունենայ, մինչեւ վստահութեամբ չհայցի Աստուածային Ողորմութիւնը», այսպէս ասաց Տէրը Ֆաուստինային (Օրագիր Ֆուստինա Կովալսկայի, 132): Յիսուս պատուիրեց Ողորմութեան Վարդարանի վերջում մշտապէս աղօթել. «Յիսո՛ւս, վստահում եմ Քեզ»: Կովալսկան՝ Ողորմութեան 20-րդ դարի առաքեալը, ինչպէս անուանում են այս սրբուհուն, Տիրոջը տեսաւ՝ սրտից երկու ճառագայթ ճառագելիս, որոնք ներկայացնում էին Յիսուսի կողից հոսող արիւնն ու ջուրը: Այդ ճառագայթները ողողում են ամբողջ աշխարհը, բացատրում է Կովալսկան, դրանք Աստծոյ ողորմութեան նշաններն են: Երբ 2000թ. ապրիլի 30-ին Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը սուրբ հռչակեց Ֆաուստինա Կովալսկային, միաժամանակ հաստատեց Աստուածային ողորմութեան կիրակին տօնել Սբ. Յարութեանը յաջորդող իւրաքանչիւր  առաջին կիրակին, որպէսզի Սուրբ Յարութեան տօնի լոյսո՛վ հասկանանք աստուածային ողորմութեան արժէքը իւրաքանչիւրիս  կեանքում: Որովհետեւ Տիրոջ Յարութեան փաստը եւ մեր բոլորիս յարութեան եւ Աստծոյ Արքայութեան հասնելու յոյսը Աստծոյ ողորմածութեան ամենամեծ արտայայտութիւնն է:

Աստծոյ ողորմութիւնը մեր հանդէպ մեզ համար ոչ միայն մեծ խաղաղութիւն եւ մխիթարութիւն է, այլեւ՝ պարտաւորութիւն լինել ողորմած միմեանց հանդէպ.

«Երանի՛ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն», Մտթ. 5, 7:

Տ. Յովսէփ Գալստյան

Աղբիւր http://armenianchurchco.com

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/04/2020, 21:53