Սուրբ Գիրք Սուրբ Գիրք 

Աղօթքը՝ խաղաղ նաւահանգիստ մարդկային յոյզերի ալեկոծ ծովի։

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին նուիրուած է աղօթքի գաղափարին։

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան» (Ղուկ. 18 :1):

Մարտ 22, 2020 թուական: Ե. Կիրակի Քառասնորդաց Դատաւորին:

Քորոնա ժահրի տարածման օրէցօր աւելացող դէպքերն ամբողջ աշխարհը համակել են վախով: Հետեւելով համավարակի տարածման կանխարգելման վերաբերեալ ՀՀ Կառավարութեան եւ Առողջապահութեան Նախարարութեան կողմից ժամ առ ժամ թարմացուող տեղեկատուութեանը եւ ցուցումներին՝ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցուեց դռնփակ, ձեռամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ մասնակցութեամբ՝ դպրաց դասի, առանց հաւատաւոր ժողովուրդի ներկայութեան: Եկեղեցւոյ հաւատացեալները՝ ցուցաբերելով սոցիալական բարձր գիտակցութիւն եւ պատասխանատուութիւն, պահպանելով հակահամաճարակային անվտանգութեան բոլոր կանոնները՝ միացան «Փանիկի Կաթողիկէ Տիկնանց Միութեան» Facebook-եան էջի ուղիղ եթերով հեռասփռուող Պատարագին:

Մինչ քարոզին անդրադառնալը, Գերյ. Հայր Գառնիկն իր զօրակցութիւնը յայտնեց Քորոնա ժահրի՝ այս «անտեսանելի» թշնամու դէմ օր ու գիշեր անդուլ պայքար մղող եւ հազարաւոր կեանքեր փրկող բժիշկներին, ոգու ամրութիւն եւ համբերութիւն մաղթեց ժահրով տառապող մարդկանց, մեկուսացուածներին, նրանց ընտանիքի անդամներին, որպէսզի կարողանան տոկալ, բոլորին յորդորեց անդադար աղօթել եւ չկորցնել հաւատքն առ Ամենակարող Տէր, ով փորձութեան ժամին երբեք միայնակ չի թողնում իր զաւակներին: Նա յիշեցրեց, որ մեզանից իւրաքանչիւրի կեանքում՝ մեզ բաժին հասած դժուարութիւնների եւ փորձութիւնների մէջ, Աստուած միշտ իր օգնութեան ձեռքն է մեկնում եւ դուրս բերում անելանելի թուացող իրավիճակներից: Միայն թէ չպէտք է մոռանանք ամէն օր եւ ամէն ժամ դառնալ դէպի Աստուած եւ սրտաբուխ աղօթքի միջոցով երկխօսել Նրա հետ:

Այնուհետեւ, անդրադարձ կատարելով օրուայ աւետարանական խորհուրդին՝ Հայր Սուրբը նշեց, որ Մեծ Պահքի հինգերորդ կիրակին նուիրուած է աղօթքի գաղափարին: Երկու առակներն էլ, որոնք յիշատակւում են այսօր՝ վերաբերում են աղօթքին. առակներից մէկում Յիսուսը հրաւիրում է իր հաւատացեալներին յարատեւ աղօթել եւ չյուսալքուել (Անիրաւ Դատաւորի եւ այրի կնոջ առակ), իսկ միւսում (Փարիսեցին եւ Մաքսաւորը)՝ յորդորում աղօթել խոնարհաբար եւ վստահութեամբ (Ղուկ. 18:1-14):

Հոգեւոր կեանքի եւ մեր հաւատքի զօրացման հոգին աղօթքն է՝ անդադար եւ անձանձրոյթ աղօթքը:
Մեծ Պահքի այս կիրակին կոչւում է Դատաւորի կիրակի, քանի որ հիմնուած է «Անիրաւ դատաւորի եւ այրի կնոջ» մասին աւետարանական պատմութեան վրայ: Ղուկասի Աւետարանում ներկայացուող այս առակը պատմում է մի դատաւորի մասին, ով չէր վախենում Աստծուց եւ չէր ամաչում մարդկանցից, վստահ լինելով, որ իրեն է պատկանում իշխանութիւնը, ոտնակոխ անելով բոլորին եւ օրէնքն իրեն ծառայեցնելով՝ անիրաւ որոշումներ էր կայացնում ու ամէն գործ ի շահ իրեն տնօրինում: Նոյն քաղաքում ապրում էր նաեւ այրի մի կին, ով գրեթէ ամէն օր գալիս է դատաւորի մօտ եւ խնդրում դատ տեսնել իր ոսոխի դէմ: Դատաւորը շատ լաւ գիտէր, որ որեւէ օգուտ չէր կարող ունենալ այս կնոջ դատը վարելով, ուստի անտեսում էր նրա աղերսը: Սակայն, այրի կինը անդրդուելի էր եւ, սա էր նրա միակ զէնքը: Թէեւ երկար ժամանակ դատաւորը չէր ուզում լուծում տալ այս հարցին, բայց, ի վերջոյ, որոշում է տեսնել այրի կնոջ դատը, որպէսզի վերջինս իր անդադար խնդրանքներով չյոգնեցնի իրեն:

Եթէ անդրադառնանք այս առակի այլաբանական մեկնութեանը, ապա պէտք է ասենք, որ դատաւորը ներկայացնում է «այս աշխարհի զաւակի» կերպարը, ով խորամանկութիւն ունի եւ լաւ գիտի այն բոլոր հնարքները, որոնցով ամէն գործ իր անձնական շահին կարող է ծառայեցնել: Հետեւաբար, այդ դատաւորի համար դատավարութիւնը դրամ շահելու եւ ոչ թէ արդարադատութիւն իրագործելու միջոց է: Անիրաւ դատաւորի այս կերպարը Աստուծոյ հակապատկերն է: Առակի նպատակն է՝ անիրաւ դատաւորի օրինակով մեզ բոլորիս ցոյց տալ, որ, եթէ Աստուծոյ հակադիրը (նոյն ինքը՝ անիրաւ դատաւորը), ով երկիւղածութիւն չունէր Աստուծոյ նկատմամբ եւ ո՛չ էլ ամօթ՝ մարդկանց հանդէպ, ի վերջոյ, պարտւում է յարատեւութեանը եւ զիջում այրի կնոջ թախանձանքներին, ապա՝ Աստուած, ով բարութեան մարմնացում է՝ որքան աւելի բարեգութ կարող է լինել, երբ լսում է իր զաւակների աղօթքները. «Եւ Տէրն ասաց. «Լսեցէք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր ու զօր աղաղակում են. եւ նրանց հանդէպ մի՞թէ միայն համբերատար կլինի: Այո՛, ասում եմ ձեզ. նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ Մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կգտնի՞» (Ղուկ. 18:6-8):
Այս առակի միջոցով մենք բացայայտում ենք Աստուծոյ ամենակարեւոր յատկանիշներից մէկը, որ է Արդարութիւնը, քանզի Միակ Արդար Դատաւորը Աստուած է:

Յարատեւ լինե՛նք մեր աղօթքներում՝ մինչեւ իսկ զրկանքների, տագնապի եւ յուսահատութեան պահերին: Նոյնիսկ այն դէպքերում, երբ մեր աղերսը շուտափոյթ լսելի չի դառնում՝ չպէտք է յուսալքուենք, այլ՝ աղօթքով մեր վստահութիւնն ու խոնարհութիւնը բերենք Աստծուն, աղօթե՛նք ամէն ժամ եւ չձանձրանա՛նք: Յիրաւի, «աղօթքը երկրից երկինք սանդուղքն է, կեանքի ալեկոծուած նաւը խաղաղութեան նաւահանգստին կապող պարանը»:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/03/2020, 09:56