Tntesi-Kiraki---Photo-1.jpg

Փանիկում Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն հիւանդների առողջացման դիտաւորութեամբ։

«Ա՛ռ վշտահարիս հզօր թեւերիդ պաշտպանութեան տակ, Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ, պղտոր այս ցնորքներից, Մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսութեան» (Սբ. Գրիգոր Նարեկացու Բժշկութեան Աղօթքը)

15 մարտ, 2020 թուական. Դ. Կիրակի Քառասնորդաց Տնտեսին

Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ, ձեռամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

Նորին Սրբութիւն Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի հրահանգով եւ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի յորդորով միասնաբար աղօթք բարձրացուեց առ Աստուած՝ փորձութեան այս դժուարին օրերին հայցելով Ամենակարող Տիրոջ ողորմածութիւնը Քորոնա ժահրով տառապող բոլոր հիւանդների շուտափոյթ ապաքինման համար:

Նորին Սրբութիւն Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի յորդորն էր հոգեւոր հովիւներին՝ միայնակ չթողնել Աստուծոյ ժողովուրդին եւ նրա ուղեկիցը լինել Քորոնա ժահրի համաճարակի այս դժուարին օրերին, ինչպէս նաեւ՝ աղօթքներով, խորհուրդներով եւ խորհրդածութիւններով միանալ մարդկանց, սփռել Աստուծոյ խօսքն ու զօրացնել բոլոր նրանց հաւատքը, ովքեր տառապում են այս հիւանդութեամբ: Ուստի, հետեւելով Սրբազան Քահանայապետի այս յորդորին՝ մինչ կիրակնօրեայ քարոզը սկսելը, Գերյ. Հայր Գառնիկն անդրադարձ կատարեց աշխարհում եւ Հայաստանում Քորոնա ժահրի (COVID-19) համաճարակի տարածման ահագնացող վտանգին: Մարդկանց շրջանում ստեղծուած տագնապային իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար Հայր Սուրբը ներկայ հաւատաւոր ժողովուրդին, նախ եւ առաջ, յորդորեց խուճապի չմատնուել, սակայն, լուրջ մօտեցում ցուցաբերել, պահպանել զգօնութիւնը եւ հետեւել հիգիենիկ ու հակահամաճարակային անվտանգութեան կանոններին: Հայր Գառնիկը խորհուրդ տուեց պարբերաբար խնկարկել թէ՛ տանը, թէ՛ աշխատավայրում, քանի որ օրհնուած խունկի միջոցով ոչ միայն օրհնւում եւ սրբւում է խնկարկուող միջավայրը, այլեւ՝ յայտնի է, որ խունկը մանրէազերծ յատկութիւն ունի: Յաջորդ խորհուրդն էր օրհնեալ ջրով տան անկիւնները ցօղելը՝ այն անդարձ կերպով վանում է սատանային եւ ամէն տեսակ չարիք, իսկ, որպէս հոգեւոր սնունդի անփոխարինելի աղբիւր՝ ընթերցել Աստուածաշունչ եւ Մատեան Ողբերգութեան, ապա՝ յիշեցրեց Յիսուսի խոստումը, որ տուեց մարդկութեանը. Մի՛ վա­խե­ցէք, «...ես ձեզ հետ եմ բո­լոր օրե­րում՝ մին­չեւ աշ­խար­հի վա­խ­ճա­նը» (Մատթ. 28:20):

Այնուհետեւ, անդրադառնալով օրուայ աւետարանական խորհուրդին՝ Գերյ. Հայր Գառնիկը քարոզը սկսեց Ղուկասի Աւետարանից մէջբերումով. «…անի­րաւ մա­մո­նա­յից ձեզ հա­մար բա­րե­կամ­ներ արէք, որ­պէս­զի երբ այն պա­կա­սի, յա­ւի­տե­նա­կան յար­կե­րի տակ ըն­դու­նեն ձեզ: Քչի մէջ հա­ւա­տա­րի­մը շա­տի մէջ էլ հա­ւա­տա­րիմ է. իսկ քչի մէջ անիրա­ւը շա­տի մէջ էլ անի­րաւ է» (Ղուկ. 16:9-10):

Մեծ Պահքի 4-րդ կիրակին իր անունը ստացել է «Անիրաւ տնտեսի առակը» աւետարանական պատմութիւնից: Գուցէ շատերին տարօրինակ թուայ, որ Յիսուսը կարող էր «անիրաւ» տնտեսի խարդախ արարքի միջոցով մարդկանց բարոյական խրատ տալ: Առակը մեծահարուստի մասին է, ով մի տնտես ունէր եւ նրա վերաբերեալ ամբաստանութիւն է լսում, թէ վերջինս վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Եւ Տէրը կանչում է նրան ու ասում. «…տո՛ւր քո տն­տե­սու­թեան հա­շի­ւը, որով­հե­տեւ այ­լե­ւս տնտես լի­նել չես կա­րող» (Ղուկ. 16:2):

Խորամանկ տնտեսը որոշում է տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրի համար նուազեցնել եւ զիջել ունեցած պարտքի որոշ մասը, որպէսզի, երբ տնտեսութիւնից հեռացուի՝ ընդունեն նրան իրենց տանը: Այսպիսով, պարտապանները բարոյապէս պարտական են դառնում տնտեսին եւ բարեացակամութեամբ տրամադրւում նրա նկատմամբ: Անիրաւ տնտեսի այս հնարամիտ արարքն արժանացաւ տիրոջ գովասանքին. «Եւ տէ­րը գո­վեց անի­րաւ տն­տե­սին, որով­հե­տեւ հնա­րա­մ­տու­թեամբ գործեց, քանզի այս աշ­խար­հի որ­դի­նե­րը աւե­լի հնա­րա­միտ են, քան լոյ­սի որ­դի­նե­րն իրենց սերն­դի մէջ» (Ղուկ. 16:8): Այս այլաբանական համեմատութեան մէջ աշխարհի որդիները մարդիկ են, իսկ լոյսի որդիները՝ հրեշտակները: Տնտեսը աշխարհիկ կեանքով ապրող մարդու տիպիկ օրինակ է, ով հնարամտութեան շնորհիւ կարողանում է իր տրամադրութեան տակ գտնուող բոլոր միջոցները, ներառեալ՝ սեփական ներուժն ու գիտելիքները ծառայեցնել ի նպաստ անձնական շահի եւ երկրային բարեկեցիկ կեանքի ապահովման: Աշխարհի որդիները համեմատւում են մարդկանց հետ, քանզի վտանգի պահին եւ դժուարին իրավիճակներում մարդը միշտ դառնում է դէպի Աստուած, ապաշխարութեամբ փնտռում Տիրոջը եւ ապաւինում Նրա անսահման ներողամտութեանն ու փրկութեանը: Իսկ լոյսի որդիները, թէեւ ստեղծուել էին լոյսից, այնուամենայնիւ, շեղւում են հրեշտակների դասից եւ յանցանքների պատճառով Տէրը բարձունքներից վայր է գցում նրանց: Նրանք է՛լ աւելի են չարանում եւ անմտօրէն պատերազմում Աստուծոյ դէմ՝ իրենց անօրէնութիւնների մէջ գործակից դարձնելով մարդուն: Եթէ լոյսի որդիներն էլ իմաստուն գտնուէին, ապաշխարէին ու հնազանդուէին Աստծուն, իրենց շնորհուած խելքն ու միջոցները գործադրէին, ապա, կ'ապահովէին մէկ այլ՝ աւելի արժէքաւոր ու երանաւէտ կեանք՝ որ է յաւիտենական կեանքը:

Առակի խորհուրդն ամփոփւում է Յիսուսի հետեւեալ խօսքերի մէջ. «…անի­րաւ մամոնայից ձեզ հա­մար բա­րե­կամ­ներ արէք, որ­պէս­զի երբ այն պա­կա­սի, յա­ւի­տե­նա­կան յար­կե­րի տակ ըն­դու­նեն ձեզ» (Ղուկ. 16:9): Մամոնան դրամն է, այն նիւթական հարստութիւնը, որի միջոցով մարդիկ վայելում են աշխարհիկ կեանքի բոլոր բարիքները: Մամոնան անիրաւ է համարւում, որովհետեւ ունեցուածքի տէրն այն անիրաւութեամբ եւ խարդախ ճանապարհով է ձեռք բերել: Շատ յաճախ, դրամը նաեւ մեղքերի պատճառ է դառնում: Սակայն, երբ այդ նոյն ունեցուածքը, թէեւ անիրաւութեամբ, բայց տրւում է աղքատին՝ ապա այս արարքը գովեստի է արժանանում, քանի որ աղքատներից բարեկամներ է շահում:

Մեծահարուստը Աստուած է, տնտեսը՝ մարդը: Այն ամէնը ինչ մենք ունենք այս կեանքում՝ Աստուծոյ շնորհներն են մեզ: Կեանքը, որ տրւում է մարդուն՝ նոյնպէս աստուածային շնորհ է, ուստի մեզանից իւրաքանչիւրը՝ դառնալով այդ շնորհի տնտեսը, պարտաւոր է լաւագոյնս տնօրինել այն՝ գիտակցելով, որ մի օր պէտք է Աստուծոյ առջեւ պատասխան տանք մեր արարքների համար: Միեւնոյն ժամանակ, Աստուծոյ կողմից մեզ տրուած շնորհներից պարտաւոր ենք բաժին հանել նաեւ միւսներին: Այս առակը խրախուսում է ողորմածութիւնն ու աղքատասիրութիւնը: Եւ, ինչպէս Աւետարանում է ասւում. «Ոչ մի ծա­ռայ եր­կու տի­րոջ ծա­ռա­յել չի կա­րող. որով­հե­տեւ եթէ մէ­կին ատի, միւսին կսի­րի. կամ եթէ մէ­կին մե­ծա­րի, միւ­սին էլ կար­հա­մար­հի: Չէք կա­րող ե՛ւ Աստ­ծուն ծա­ռա­յել, ե՛ւ մա­մո­նա­յին» (Ղուկ. 16:13):

Նիւթական հարստութիւնը կարեւոր դեր ունի ինչպէս յաւիտենական կեանքը ժառանգելու, այնպէս էլ այն կորցնելու մէջ: Հետեւաբար, անհրաժեշտ է խոհեմութիւն դրսեւորել եւ գանձեր դիզել ո՛չ թէ երկրի վրայ, այլ՝ Երկնքում:

Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն հիւանդների շուտափոյթ առողջացման դիտաւորութեամբ, ապա՝ հաւատացեալների բազմութիւնը Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի գլխաւորութեամբ թափօրով անցաւ գիւղի փողոցներով՝ Տիրոջ մարմնի փրկչագործ օրհնութիւնը շնորհելով գիւղի ժողովուրդին:

Աղօթք առ Աստուած

Համաճարակի այս շրջանին՝

Թո՛ղ մեր աղօթքը լինի միասիրտ եւ հզօր.  

Ո՜վ Տէր, պաշտպանի՛ր քո ժողովուրդը

Եւ օրհնի՛ր քո ժառանգութիւնը,

Բուժաշխատողներին եւ երկրի առաջնորդներին

Շնորհի՛ր յաղթանակն ընդդէմ ժահրի,

Քո Սուրբ Խաչի զօրութեամբ պաշտպանի՛ր աշխարհը համայն:

Ամէն:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ ժողովրդապետ

Հայաստանի Երիտասարդաց խմբի նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/03/2020, 15:01