Որոնել

Ընտանիքների հոգևոր կրթութիւն Ընտանիքների հոգևոր կրթութիւն 

Երևանում կազմակերպուեց ընտանիքների հոգևոր կրթութիւն

«Սիրոյ ուրախութիւնը, որ ապրում են ընտանիքները, նաև Եկեղեցու ուրախութիւնն է», Amoris laetitia, 1

2020թ. փետրուարի 7-9-ը Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների ընտանիքների համար կազմակերպուեց հոգևոր կրթութիւն Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետութեան մէջ, փոխ ժողովրդապետ Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի նախաձեռնութեամբ և ջանքերով: Այս կարևոր միջոցառումն իր տեսակով երկրորդն էր, առաջինը կազմակերպուեց 2019թ. յուլիսի 11-13-ը՝ «Աղաջանյան կենտրոնում», Տ. Գրիգոր Քհն. Մկրտչյանի նախաձեռնութեամբ և այլ քահանաների, աշխարհականների հետ միասնական ջանքերով:

Այս հոգևոր կրթութեանը իրենց մասնակցութիւնը բերեցին 20 ամուսնական զոյգեր՝ մօտ 50 մասնակիցներով, Երևանից, Գիւմրիից, Արևիկից, Փանիկից, Ղազանչիից և Մեծ Սեպասարից: Նրանցից ոմանց ուղեկցում էին նաև երեխաները: Եռօրեայ հոգևոր կրթութեան օրակարգը շատ յագեցած էր և բաղկացած էր դասախօսութիւններից, խմբային քննարկումներից, Սուրբ Պատարագի և աղօթքի պահերով, խորհրդածութեան առիթներով: Հիմնական դասընթացավարը Լեհաստանից ժամանած աստուածաբան, ընտանիքի հարցերով Եկեղեցու ուսմունքի մասնագէտ Յուրեկ Դեմսկին էր, ով ինքն էր առաջարկել դասընթացներ անցկացրել Հայաստանում՝ հայ կաթողիկէ ընտանիքների համար: Դեմսկիին ուղեկցում էին Ստանիսլավ և Աննա ամուսինները՝ Սլովակիայից, ովքեր Հայաստան էին եկել նաև 2019-ի հոկտեմբերին և Գիւմրիում հանդիպել հայ ընտանիքներին և կիսել իրենց փորձառութիւնը: Նրանք աշխատում են տարբեր երկրներում ստեղծել կաթողիկէ ընտանիքների միութիւններ:

Նախ մասնակից զոյգերին ողջոյնի խօսքով դիմեց Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, ով յայտնեց իր հայրական բերկրանքը և օրհնութիւնը այսպիսի հոյժ կարևոր ձեռնարկի կազմակերպման համար և, մանաւանդ, ընտանիքներին՝ իրենց ջերմեռանդ մասնակցութեան համար: Նրա խօսքով, այսպիսի հանդիպումները առիթ են Քրիստոսի Անձի հետ աւելի մտերիմ յարաբերութիւնների զարգացման, Տիրոջ ներկայութիւնը մեր հայ ընտանիքների մէջ առաւել գործուն ձևով զգալու և փափաքելու համար:

Փետրուարի 8-ին հոգևոր կրթութեան մասնակիցների համար Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը: Նա իր քարոզում շեշտեց հետևեալը.

«Իւրաքանչիւր մարդու մէջ պէտք է տեսնել Քրիստոսի պատկերի մի մասնիկը: Այստեղ հաւաքուած իւրաքանչիւր անհատ Քրիստոսի գեղեցկագոյն աստուածային դէմքի խորհրդաւոր խճանկարի մի մասնիկն է, որ ամբողջացնում է աստուածային պատկերը: Եթէ չենք կարող տեսնել Յիսուսի ներկայութիւնը դիմացինի մէջ, ուրեմն պատճառը հարկ է փնտռել ինքներս մեր մէջ՝ մեր հոգու աղտոտուածութիւն, եսասիրութեան և եսակենտրոնութեան մէջ:

Մարդուն արարել է Սուրբ Երրորդութիւնը. «Մարդ ստեղծենք մեր պատկերով և նմանութեամբ», կարդում ենք Ծննդոց գրքում: Սա նշանակում է ամուսնական զոյգը և ընդհանրապէս մարդը կոչուած է իր կեանքում նմանուելու Սուրբ Երրորդութեան անձերի միջև յաւիտենապէս գոյութիւն ունեցող հաղորդութեանը, սիրոյ վրայ հիմնուած միասնական յարաբերութիւններին: Հետևաբար, մարդ, ով ընդունել է Քրիստոսին, պարտաւոր է Քրիստոսին կիսել նաև դիմացինի հետ: Զոյգերն էլ, ովքեր ընդունել են Քրիստոսին, պարտաւոր են չմեկուսանալ իրենց «ես»-ի մէջ, այլ  միմեանց հետ կիսել Քրիստոսի լոյսը, սերը, Աստծոյ Խօսքը և միասնաբար ընթանալ դէպի սրբութիւն»:

Դասախօսութիւնի ժամանակ Յուրեկ Դեմսկիի հիմնական շեշտադրութիւնն այն էր, որ ինչքան զոյգերն իրար հետ մտերիմ լինեն, այնքան կկարողանան միասին քայլել սրբութեան ճանապարհով և առաւել մօտենալ Աստծուն: Նա ներկայացրեց հոգևոր կեանքի չորս կանոններ.

1.գիտակցել, որ Աստուած իւրաքանչիւրիս անհատապէս սիրում է անսահմանօրեն,

2.գիտակցել մեր մեղաւորութիւնը, որովհետև մեղքը անդունդ է առաջացնում մարդու և Աստծոյ միջև,

3.այդ անդունդը կարելի է յաղթահարել միայն Քրիստոսի միջոցով, Նրա Խաչով,

4.Քրիստոսն է ճշմարտութիւնը և ճանապարհը, որպէսզի վերականգնուի մարդու և Աստծոյ միջև միութիւնը, հաղորդութիւնը: Զոյգերը պէտք է իրենց կեանքում տեղ բացեն Քրիստոսի համար՝ Նրան դարձնելով իրենց կեանքի առանցքը և ոչ թէ՝ սեփական «ես»-ը և շահը: Այդպիսով սկսւում է մարդկային և ամուսնական կեանքի հոգևոր վերածնունդ:

Յուրեկը խօսեց նաև կին-ամուսին յարաբերութիւնների մասին, յղում արեց Աւետարաններին և Պօղոս առաքեալի թղթերին՝ փաստելով, որ ամուսինը միշտ ուզում է ընտանիքում լինել յարգուած, իսկ կինը՝ սիրուած: Միշտ ամուսինն է գլուխը ընտանիքի, նա է պատասխանատու ընտանիքում խաղաղութեան, մարդկային յարաբերութիւնների, երեխաների դաստիարակութեան թերացումների մէջ: Ադամի և Եւայի մեղսագործութեան պարագայում ևս Ադամի պատասխանատուութիւնն աւելի մեծ է, քան Եւայինը: 

Նա խօսեց ամուսինների մէջ երկխօսութեան զարգացման համար, որը տարաձայնութիւնների յաղթահարման միակ և գիտակցուած ճանապարհն է:

Դասընթացներից զատ կազմակերպուեցին փոքր խմբերով քննարկումներ, սուրբ գրային ընթերցումներ, մեկնութիւններ, կարծիքների փոխանակում:

Հոգևոր կրթութեան ողջ ընթացքում Երևանի կաթողիկէ համայնքի երիտասարդները կազմակերպեցին նաև երեխաների զբաղուածութիւնը առանձին սրահներում, որպէսզի ծնողները կարողանային առաւել հանգիստ հետևել հոգևոր կրթութեանը:

Ընտանիքների հոգևոր կրթութիւնն աւարտուեց կիրակնօրեայ միասնական Սուրբ Պատարագով, որ մատուցուեց դարձեալ ձեռամբ Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի:

 

Տ. Յովսէփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/02/2020, 08:00