2020.02.24-Luned-delle-ceneri-in-Armenia-01.jpg

Բուն Բարեկենդան եւ Օր Մոխրոց Փանիկում

«Եւ արդ, - ասում է ձեր Տէր Աստուածը, - դարձէ՛ք Ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով»: Յովէլ Բ (2) 12

23 փետրուարի, 2020 թուական. Բուն Բարեկենդան, Ա. Կիրակի Քառասնորդաց, Մուտն Ադամայ ի դրախտն: Առաւօտեան ժամը 10:00-ին Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ՝ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

Ունկնդրէ լուրը

Սուրբ գրային ընթերցումներից յետոյ՝ քարոզի ժամանակ, Հայր Սուրբը անդրադարձաւ Բուն Բարեկենդանին, որը խորհրդանշում է Եդեմական պարտէզում Ադամի եւ Եւայի ապրած երանութեան օրերը եւ յիշատակում մարդկային առաջին երջանկութիւնը: Բարեկենդանն առաքինութիւնների արտայայտութեան շրջան է եւ դրախտային կեանքի օրինակ: Բարեկենդան, այսինքն՝ բարի կենդանութիւն, նշանակում է բարի կեանք, երջանկութիւն: Մեզանից իւրաքանչիւրն այս կեանքում երջանկութիւն է փնտռում եւ երջանկութեան իր ընկալումն ունի: Շատ յաճախ մենք այն փնտռում ենք անցողիկ վայելքների կամ փառքի մէջ, մինչդեռ, որպէս քրիստոնեայ պէտք է մեր երջանկութիւնը որոնենք եւ գտնենք Քրիստոսի անձի մէջ:

Բուն Բարեկենդանի օրը փակւում է Եկեղեցւոյ վարագոյրը՝ խորհրդանշելով անհնազանդութեան պատճառով Ադամի արտաքսումը Դրախտից, որն անուղղակի կերպով վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ապրում են Եկեղեցուց դուրս՝ հեռու Աստուծոյ կենարար խօսքից եւ փրկարար սիրուց:

Մեծ պահքը շրջան է զղջումի եւ ապաշխարութեան… Քառասնորդաց այս շրջանում Եկեղեցւոյ պատգամն է իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալի, նախ եւ առաջ, քննել սեփական անձը, ապրումները, ներքին ձգտումներն ու յոյզերը: Եկեղեցին յորդորում է հրաժարուել կենդանական ծագում ունեցող կերակուրներից եւ սնուել բացառապէս բուսական սնունդով, սակայն, պահքի խորհուրդը սրանով չի սահմանափակւում: Մենք բոլորս պէտք է գիտակցենք Աստուծոյ խօսքով սնուելու կարեւորութիւնը մեր կեանքում, կարողանանք հրաժարուել մեր մոլի սովորութիւններից, ստախօսութիւնից, շատախօսութիւնից եւ ամէն տեսակ մեղքից, որ հոգու ախտ են համարւում:

Այնուհետեւ, Գերյ. Հ. Գառնիկն ընդգծեց պահեցողութեան համար երեք կարեւոր պայմանները. աղօթք, ծոմապահութիւն եւ ողորմութեան գործեր:

Իւրաքանչիւր քրիստոնեայի համար Մեծ պահքի այս շրջանը իւրօրինակ ճամբորդութիւն է, որի ընթացքում մեզ որպէս ուղեկից պէտք է ընտրենք Քրիստոսին՝ հրաժարուելով մեր անձից եւ քայլելով Նրա Խաչի ետեւից:

Մեծ պահքի շրջանի ամէն կիրակի ունի իր խորհուրդը: Սա կարծես ճանապարհ լինի, որն անցնում է Եդեմական պարտէզից մինչեւ Գողգոթա՝ ադամական մեղքից մինչեւ մարդկութեան փրկագործութիւն:

Պահքով կամ ծոմապահութեամբ պէտք է սնուցենք մեր հոգին, ուստի, թող որ այս շրջանն ուղեկցուի աղօթքով եւ աւետարանական ընթերցումներով, քանզի զղջումը, աղօթքն ու ապաշխարանքը հիմնական պայմաններն են՝ արժանանալու Աստուծոյ օրհնութեանն ու ողորմածութեանը: Անօգուտ է մարմինը նուազեցնել պահքով, եթէ հոգին զերծ չէ մեղքից:  Պահեցողութիւնը ներքին հոգեվիճակ է եւ չը պէտք է ի ցոյց դրուի մարդկանց. «Երբ ծոմ պահէք, տրտ­մե­րես մի՛ եղէք կեղ­ծա­ւոր­նե­րի նման, որոնք իրենց երե­ս­նե­րը այ­լան­դա­կում են, որ­պէս­զի մարդ­կանց այն­պէս երե­ւան, թէ ծոմ են պա­հում. ճշ­մա­րիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վար­ձը: Այլ երբ դու ծոմ պա­հես, օծիր քո գլու­խը եւ լուա երե­սդ, որ­պէս­զի չե­րե­ւաս մարդ­կանց որ­պէս ծոմ պա­հող, այլ քո Հօ­րը՝ գաղ­տ­նա­բար. եւ քո Հայ­րը, որ տես­նում է, ինչ որ ծա­ծուկ է, կհա­տու­ցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Մոխիրի օրհնութեան կարգ, ապա՝ Հայր Սուրբը հաւատացեալների գլուխներին ցանելով մոխիրը ասաց. «Յիշեա, ո՛վ մարդ, զի հող էիր, եւ ի հող դարձցիս»:

Առ ի գիտութիւն. մոխիրը պատրաստուած է ուռենու, ձիթենու կամ արմաւենու ճիւղերից, որոնք օրհնուել էին նախորդ տարուայ ծաղկազարդի ժամանակ:

Սիրելի՛ հաւատացեալներ, պահքի եւ ծոմապահութեան այս շրջանում հայցում ենք Աստուծոյ լիառատ շնորհները եւ բոլորիդ մաղթում հաւատարիմ մնալ պահեցողութեան եւ ծոմապահութեան խորհուրդին:

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Երիտասարդաց խմբի նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/02/2020, 08:11