Տեառնընդառաջի տօնը Տեառնընդառաջի տօնը 

Նորապսակների օրհնութեան կարգ Փանիկի Ս. Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցւոյ մէջ

«Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեամբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խօսքի. քանզի աչքերս տեսան փրկութիւնը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. լոյս, որ կլինի յայտնութիւն հեթանոսների համար, եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար» (Ղուկ. 2:29-32):

2020 թուականի 02 փետրուարի, կիրակի Առաջաւորի Բարեկենդան, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Ինչպէս եւ Հայ Կաթողիկէ բոլոր եկեղեցիներում՝ Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ մէջ նոյնպէս նշուեց Տեառնընդառաջի տօնը, որը խորհրդանշում է քառասնօրեայ Մանուկ Յիսուսի գալուստն ի Տաճար:

Ունկնդրէ լուրը

Սուրբ գրային ընթերցումներից յետոյ՝ քարոզի ժամանակ, Գերյ. Հայր Գառնիկը խօսեց օրուայ խորհուրդի մասին եւ որպէս տիպար նշեց Սի­մէ­ոն ծերունու օրինակը, ով արդար ու աս­տուա­ծա­վախ մարդ էր եւ ակն­կա­լում էր Իս­րա­յէ­լի մխի­թա­րու­թիւ­նը, եւ Սուրբ Հո­գուց հրա­մա­յուած էր նրան մահ չտես­նել, մին­չեւ որ տես­նի Տի­րոջ Օծեա­լին: Ուստի, մենք եւս, եթէ ցանկանում ենք Օծեալին ունենալ մեր կեանքի մէջ, ապա, պէտք է հետեւենք Սիմէոն ծերունու օրինակին՝ լինենք աստուածավախ եւ արդար:  

Այնպէս, ինչպէս Սիմէոն ծերունին իր գիրկն առնելով Մանուկ Յիսուսին օրհնեց Աստծուն եւ խնդրեց խաղաղութեամբ արձակել իրեն, այդպէս էլ մեզանից իւրաքանչիւրն իր կեանքում խաղաղութիւն կարող է գտնել միայն Յիսուսի անձն իր մէջ ունենալով:

Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ մոմեղինաց օրհնութիւն եւ նորապսակների օրհնութեան կարգ:

Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի խրատն առ սիրեցեալ նորապսակների.

«Յոյժ սիրելի՛ նորապսակներ,

Քրիստոնեայ կեանքի եւ քրիստոնէական ընտանիքի առանցքը սէրն է՝ ինչպէս Աստուծոյ, այնպէս էլ միմեանց նկատմամբ: Ընտանիք կազմելը կեանքի մի նոր սկիզբ է՝ նոր նպատակների իրականացման ակնկալութեամբ եւ կատարեալի ձգտումով: Այսօր ձեզ եւս մէկ հնարաւորութիւն է ընձեռւում ստանալու Տիրոջ օրհնութիւնը, որպէսզի կարողանաք ամուր հիմքերի վրայ կառուցել ձեր նորաստեղծ ընտանիքները: Թող Տէրն անսասան պահի այդ հիմքերը, եւ թող որ ձեր համատեղ կեանքի ընթացքին ձեզ միշտ ուղեկից լինի Յիսուս Քրիստոսի անձնազոհ սիրոյ անմար օրինակը, որպէսզի կարողանաք համբերութեամբ եւ խոնարհութեամբ դիմակայել եւ միասնաբար յաղթահարել կեանքի բոլոր դժուարութիւնները, փորձութիւններն ու դառնութիւնները, ինչպէս նաեւ կարողանաք կիսել Աստուծոյ պարգեւած ամէն մի օրուայ քաղցրութիւնն ու բերկրանքը: Թող ձեր սրտերում երբեք չպակասի սէրն ու ջերմութիւնը միմեանց նկատմամբ, քանզի, ինչպէս Աւետարանում է ասւում. «Սէ­րը եր­բեք չի ան­հե­տա­նում» (Ա Կորնթ. 13:8): Յիրաւի՛, այն պէտք է օրէցօր աճի, դառնայ անդուլ աշխատանք եւ յանձնառութիւն՝ նպաստելով ձեր համատեղ կեանքի վերելքին: Ձեզ եմ փոխանցում մեր Տիրոջ կենարար պատգամը. «Այս եմ ձեզ պա­տուի­րում. որ սի­րէք մի­մեանց» (Յովհ. 15:17): Եւ, ինչպէս Ծննդոց գրքում է նշւում. «Իմ Աս­տուա­ծը թող օր­հ­նի քեզ, աճեց­նի ու բազ­մաց­նի…» (Ծննդոց Ա 28:3-4)»:

ԱՂՕԹՔ

«Տէր Աստուած մեր՝ որ ամենայն ժամ մեզ հետ ես եւ երբեք չես թողնում նրանց, ովքեր ճշմարտութեամբ խոստովանում են քո սուրբ անունը: Աղաչում եւ խնդրում եմ Քեզ՝ մարդասէր Տէր, Քո հրամանով օրհնել ամուսնութեան պսակն այս զոյգերի՝ Քո խորանի եւ սուրբ սեղանի առջեւ:

Շնորհեա՛ նրանց, Տէր՝ Քո կամքի համաձայն, Քո լիառատ բարերարութեամբ քաղցրացրու եւ երջանկութիւն պարգեւիր Քո զաւակներին, որպէսզի այս աշխարհում ապրեն անբիծ եւ անարատ՝ մինչեւ խոր ծերութիւն, եւ արժանացրու Երկնքի արքայութեանը եւ անթառամ պսակին:

Եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»:

Եկեղեցական արարողութիւնների վերջաւորութեանը Եկեղեցւոյ բակում տեղի ունեցաւ անդաստանի օրհնութեան կարգ, ապա՝ խարոյկ վառուեց եւ ըստ ժողովրդական աւանդութեան երեխաները եւ երիտասարդները ցատկեցին կրակի վրայով՝ իւրաքանչիւրն իր նուիրական երազանքի իրականացման ակնկալիքով:

 

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Երիտասարդաց Խմբի Նախագահ

02.02.2020թ., Փանիկ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/02/2020, 11:47