Սուրբ Սարգսի տօնի առթիւ աղօթք Սուրբ Սարգսի տօնի առթիւ աղօթք 

Ձնաբուքը, Սուրբ Սարգսի տօնը և Վահան Տէրեանը. Հայր Յովսէփ Գալստեանի նամակագրութիւնը։

Սուրբ Սարգիս, բարեխօսի՛ր մեր երիտասարդների համար, որ միշտ երազեն, պայքարէն և երբեք չյուսահատուեն

Սուրբ Սարգսի տօնին՝ փետրուարի 7-ին, Աշոցքի համայնքներում ձնաբուք էր՝ այնպիսի ուժգին ձնաբուք, որ տանից դուրս գալու և մի փոքր հեռաւորութիւն անցնելու համար մեծ ջանքեր էր հարկաւոր: Այնուամենայնիւ, ինձ յաջողուեց առաւօտեան հասնել Սիզավետ, թէև մեքենաս չկարողացաւ գնալ մինչև եկեղեցի, և ստիպուած եղայ երիտասարդների հետ ոտքով հասնել եկեղեցի: Ի զարմանս ինձ, մինչ մատուցում էինք Սուրբ Պատարագը եկեղեցին լցուեց երիտասարդներով. երիտասարդները սիրում են այս տօնը, և բուքը չկարողացաւ նրանց խանգարել: Շուտով մեծ դժուարութեամբ եկեղեցի հասաւ նաև Անարատ Յղութեան միաբան քոյր Մարիամը, որ Աշոցքի գիւղերում մեծ նուիրումով քրիստոնէականի դասեր է կազմակերպում: Սուրբ Պատարագից յետոյ աղօթեցինք Սուրբ Սարգսին ուղղուած բարեխօսական աղօթքը, ապա երիտասարդների համար մի աղօթք, որոնց երիտասարդները միացրեցին նաև իրենց աղօթքները, մէկը՝ իրենց հեղինակած, միւսը՝ մի հատուած Նարեկացու մատեանից: Պատարագից յետոյ դարձեալ մեծ դժուարութեամբ երիտասարդների հետ միասին հասանք գիւղապետարանի շէնք, որտեղ միասին զրուցեցին, սուրճ և թէյ խմեցինք՝ երիտասարդների պատրաստած թխուածքաբլիթներով, երիտասարդներից Արգինեն կարդաց Վ. Տէրեանի բանաստեղծութիւնները (այս տարի լրանում է Տէրեանի մահուան 100-րդ տարելիցը, և փետրուարի 9-ը բանաստեղծի ծննդեան օրն է), իսկ Մելիքն ընթերցեց իր գրած բանաստեղծութիւններից: Երիտասարդների ջանքերը խրախուսելու համար Արգինեին պարգևատրեցի Առաջնորդ Հօր ստորագրութեամբ մի շնորհակալագրով, որ որոշել եմ ամէն տարի Սուրբ Սարգսի տօնին նուիրել լաւագոյն նախաձեռնութիւններով հանդէս եկող երիտասարդներին ու պատանիներին: Ի վերջոյ, Սուրբ Սարգիսը երիտասարդների՛ տօնն է, նրանց ինքնարտայայտման, փոքր և մեծ յաղթանակների տօնը: Կարծում եմ, պէտք է նրանց համար միշտ առիթներ ստեղծել սեփական տաղանդները դրսևորելու, մանաւանդ, երիտասարդների պաշտպան Սուրբ Սարգսի տօնին:

Ունկնդրէ լուրը

Սիզավետից յետոյ մի կերպ կարողացայ հասնել Մեծ Սեպասար գիւղը, որտեղ մի խումբ պատանիների հետ միասին կատարեցինք Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն, ապա աղօթեցինք Սուրբ Սարգսի աղօթքները, բայց երիտասարդական կենտրոնում հանդիպում անել չյաջողուեց. բուքը շատ ուժեղ էր:

Ղազանչի ուղևորուելիս՝ մեքենաս ձեան մէջ կանգնեց մնաց մօտ մէկ ժամ, դուրս եկայ տղաների օգնութեամբ: Ուրախութիւնս անսահման էր, երբ Ղազանչի հասնելով՝ տեսայ, որ սաստիկ ձնաբուքը չխանգարեց նաև այս գիւղի պատանիներին մասնակցելու Տիրոջ Սուրբ Զոհին, ապա խնդրել Սուրբ Սարգսի բարեխօսութիւնը նաև սեփական աղօթքներով, որոնք այստեղ առաւել շատ էին: Նրանց բոլորի աղօթքները կներկայացնեմ ստորև: Այստեղ ևս Պատարագից յետոյ զրուցեցինք միմեանց հետ, լաւագոյն աղօթքներ գրած պատանիները մեծ ուրախութեամբ ընդունեցին շնորհակալագրերը:

Նախատեսել էինք Սուրբ Սարգսին նուիրուած աղօթքներ ասել նաև Բավրայում, բայց ձնաբուքը էլ աւելի էր սաստկանում: Ստիպուած եղայ հետաձգել աղօթքները և բռնել տունդարձի դժուարին ճանապարհը: Չյաջողուեց: Ստիպուած եղայ գիշերել Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցում՝ օգտուելով Հայր Մարիոյի սիրալիր հիւրասիրութիւնից:

Յաջորդ օրը առաւօտեան, երբ ձնաբուքը դադարել էր, և պարզկայ, ցուրտ եղանակ էր, Բավրայում կարողացանք կազմակերպել մեր ամենշաբաթեայ երիտասարդական հանդիպումը, քննարկեցինք օրուայ աւետարանական հատուածը, ապա սովորականից աւելի ցուրտ եկեղեցում մատուցեցինք մեր Սուրբ Պատարագը՝ Բավրայի երիտասարդների դիտաւորութեամբ և որոշեցինք անպայման աղօթել նաև Սուրբ Սարգսին և պատանիների գրած շատ յուզիչ աղօթքները:

Սուրբ Պատարագից յետոյ երիտասարդական միութեան սրահում կազմակերպեցինք փոքրիկ գրական ցերեկոյթ՝ նուիրուած Վահան Տէրեանին: Երիտասարդները մեծ յուզականութեամբ ընթերցեցին Տէրեանի բանաստեղծութիւնները, յատկապէս, «Երկիր Նայիրի» շարքից, Տիրուհին ներկայացրեց Տէրեանի կենսագրութիւնը, ապա զրուցեցինք տաք թէյի, սուրճի և կարկանդակի սեղանի շուրջ:

Նոյն օրը՝ փետրուարի 9-ին տերեանական փոքրիկ ցերեկոյթ կազմակերպեցին նաև Մեծ Սեպասարի պատանիները՝ Սուրբ Պատարագից յետոյ: Ընթերցեցին Տէրեանի բանաստեղծութիւնները, պարեցին և դարձեալ զրուցեցինք մի փոքրիկ սեղանի շուրջ, մայրիկների հետ միասին:

Տ. Հովսեփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/02/2020, 10:00