Աշոցքի երիտասարդների համար սեմինար Աշոցքի երիտասարդների համար սեմինար 

«Փոփոխութիւնների առաջամարտիկները». Աշոցքի երիտասարդների համար կազմակերպուեց 2-րդ սեմինարը։

Իւրաքանչիւրդ պէտք է լինէք գաղափարներ ծնող և զարգացնող պարարտ հող, որոնց մէջ կայ կեա՛նք և այն միշտ խոստանում է աճել, զարգանալ՝ ճիշտ Երկնքի Արքայութեան սերմի նման, որն ինչպէս Յիսուս ասում է, սկզբում մանանեխի հատիկի չափ է, բայց երբ աճում է, դառնում է մի մեծ ծառ, որի ճիւղերին հանգստանում են թռչունները։

2020թ. Յունուարի 27-ին Գիւմրիի Լոֆթ մշակութային-ժամանցային կենտրոնում կազմակերպեցինք 2-րդ զարգացողական սեմինարը՝ Աշոցքի հայ կաթողիկէ չորս համայնքների՝ Մեծ Սեպասարի, Բավրայի, Ղազանչիի և Սիզավետի 35 պատանիների և երիտասարդների համար: Որպէս սեմինարի խորագիր ընտրեցինք «Երիտասարդները՝ փոփոխութիւնների առաջամարտիկներ», որը տրամաբանական շարունակութիւնն է նախորդ սեմինարի, որ կոչւում էր «Երիտասարդները՝ յոյսի առաջամարտիկներ»: Սեմինարի կազմակերպման նպատակը երիտասարդներին օգնելն է՝ լինելու իրենց համայնքներում դրական փոփոխութիւնների նախաձեռնողներ, գաղափարներ գեներացնողներ, խնդիրների լուծումների նոր ճանապարհների որոնողներ, նոր զարգացողական ծրագրեր մշակողներ և իրականացնողներ՝ ամենատարբեր ոլորտներում՝ առաջնորդուելով Աւետարանի սկզբունքներով և հաւատքով:

Ունկնդրէ լուրը

Սեմինարը վարելու համար հրաւիրել էինք նաև Քրիստինե Մխիթարյանին, որ երիտասարդների հետ աշխատանքի մեծ փորձ ունի և Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ», «Շահերի պաշտպանութիւն» ծրագրերի ղեկավարն է:

Նախ այս սեմինարների կազմակերպման իմ տեսլականի և հետագայ անելիքների մասին խօսեցի հետևեալը.

«Սիրելինե՛ր, այս երկրորդ Սեմինարը շարունակում է նախորդի թեման: Տրամաբանութիւնն հետևեալն է. դուք կոչուած էք լինելու և արդէն իսկ հանդիսանում էք Եկեղեցու և ձեր համայնքի յոյսը, և որպէս այդպիսին, կոչուած էք լինելու և արդէն իսկ սկսել էք լինել Եկեղեցում և համայնքում դրական փոփոխութիւնների կրողները կամ առաջամարտիկները: Նախ ի՞նչ է նշանակում այս բառը՝ «առաջամարտիկներ». առաջամարտիկներն այն զինուորներն են, ովքեր մարտի դաշտում գնում են զօրքի առջևից և, ըստ էութեան, առաջնորդում են բանակը: Դուք պէտք է լինէք այդպիսի զինուորների նման՝ որպէս կենդանի յոյս Եկեղեցու համար և համայնքի համար, ինչպէս որ ձեր ընտանիքների յոյսն էք:

Նախորդ սեմինարի ժամանակ խօսեցինք ձեր մէջ թաքնուած և արդէն իսկ դրսևորուող հսկայական ներուժի, հաւատքի, լաւատեսութեան, ապագայի հանդէպ վստահութեան մասին: Այդ վստահութիւնը բխում է ձեր հաւատքից, որ ապրում էք միասին՝ Տէր Յիսուս Քրիստոսի հետ միութեան մէջ, գործադրում էք մեր երիտասարդական միութեան տարատեսակ ձեռնարկներում:

Հաւատքի կենդանի ապրումը, զարգացումը հնարաւոր է՝ մշտապէս պահելով երիտասարդական աւիւնը, խանդավառութիւնը, նոր բարձունքներ նուաճելու կամքը, փափաքը, ապագայի վառ երազանքները, գաղափարներ, որոնք թւում են շատ դժուար իրագործելու համար, բայց շարունակ ոգեշնչում և կանչում են դէպի նոր նուաճումներ, զարգացում, կատարելագործում: Այս ամենը կախուած է ձեզանից և ձեր առջևում է, սպասում է ձեզ, թէ երբ էք սկսելու ձեր պայքարը, թէ երբ էք վճռականօրեն մարտի բռուելու ձեր իսկ թուլութիւնների դէմ, ձեր յուսահատութիւնների դէմ, ձեր և ձեր ծնողների, ընկերների անյոյս վատատեսութեան դէմ, երբեմն նոյնիսկ ոչինչ չանելու և ինքնահոսի մատնուելու վիճակի դէմ, որ համակում է շատ երիտասարդների և մեծահասակների: Դուք պէտք է մարդկանց յու՛յս ներշնչէք ձեր եռանդով և ձեր կոնկրետ գործերով, ծրագրերով, համայնքի կեանքում բերելով դրական փոփոխութիւններ, որոնք բոլորի համար անվիճելի են և յուսադրող, որոնք կարող են փաստել բոլորին, որ ամենաանյույս պայմաններում նոյնիսկ հնարաւոր է և պե՛տք է աշխատել՝ ելքեր գտնելու համար, եղածը աւելի լաւը դարձնելու, կատարելագործելու համար, Աստծոյ առաջ ամէն ժամ աւելին լինելու համար, աւելի հոգևոր, աւելի սուրբ, աւելի արդար լինելու համար, աւելի կիրթ և բարձրաճաշակ լինելու համար, աւելի բարեկեցիկ ապրելու համար:

Ուրեմն, փոփոխութիւնների սկիզբը ձեր մէջ եղած յոյսն է, որ հիմնուած է ձեր հաւատքի և Աստծոյ հանդէպ ձեր սիրոյ վրայ: Պետրոս առաքեալն իր նամակում ասում է հետևեալը.

«Մշտապէս պատրաստ եղէք պատասխան տալու ամէն մարդու, որ կհարցնի ձեր մէջ եղած յոյսի մասին», Ա Պտ. 3, 15:

Յոյսի մասին պատասխան տալ պէտք է մեր հաւատքի և սիրոյ վկայութեամբ, որ պէտք է արտայայտուի մեր գործերով: Այդ գործերը պարտադիր չէ, որ լինեն մեծ ծրագրեր, այլ պէտք է սկսուէն փոքրիկ քայլերից, որոնք սակայն, արւում են մեծ սիրով, ինչպէս ասում է Սբ. Մայր Թերեզան: Միայն մէկ կարևոր բան կա. այդ փոքրիկ քայլերը պէտք է լինեն անընդհատ և միշտ առաւել շատ, որակապես առաւել բարձր:

Եթէ յիշում էք, այս տարեսկզբի հանդիպման ժամանակ ես ասացի, որ այս տարի աւելի շատ բան ենք անելու, քան՝ նախորդ տարի և մեր միութեան թերթը առաւել շատ բան պէտք է պատմի համայնքին ձեր մասին: Այդ քայլերը պէտք է անենք միասին, և հարկ է, որ ձեզանից իւրաքանչիւրը հանդէս գայ նոր գաղափարներով, որոնք կարող են վերաբերել և՛ եղած քայլերը աւելի լաւը դարձնելուն և՛ նոր քայլեր անելուն, ծրագրեր կազմելուն և իրականացնելուն, անկախ նրանից՝ այդ ծրագրերն իրականացնելու հնարաւորութիւններն այս պահին կան, թէ ոչ:

Պէտք է իւրաքանչիւրդ ինքներդ ձեզ պատկերացնէք որպէս անընդհատ ստեղծագործող և երբեք կանգ չառնող ստեղծարարներ, գիւտարարներ, արուեստագէտներ, ճարտարապետներ՝ բայց ոչ նեղ մասնագիտական իմաստով: Իւրաքանչիւրդ պէտք է լինէք գաղափարներ ծնող և զարգացնող պարարտ հող, որոնց մէջ կայ կեա՛նք և այն միշտ խոստանում է աճել, զարգանալ՝ ճիշտ Երկնքի Արքայութեան սերմի նման, որն ինչպէս Հի սուս ասում է, սկզբում մանանեխի հատիկի չափ է, բայց երբ աճում է, դառնում է մի մեծ ծառ, որի ճիւղերին հանգստանում են թռչունները: Այսպիսին պէտք է լինի ձեր իւրաքանչիւր գաղափարը և ծրագիրը. նախ՝ փոքր կամ դեռևս անորոշ, սաղմնային վիճակում, բայց երբ մտածէք իւրաքանչիւր քայլը, աշխատէք, փորձ ձեռք բերէք և, որ շատ կարևոր է, աղօթէք այդ գաղափարների համար, դրանք կաճեն կդառնան իսկական ծառեր և շատերի համար կլինեն զարգացման, բարեկեցութեան, հոգևոր մխիթարութեան հնարաւորութիւններ:

Ես աղօթում եմ, որ դուք լինէք առաւել ջերմեռանդ հաւատքի մէջ և առաւել ջանասէր ինքնուրոյն նախաձեռնութիւններով հանդէս գալու և դրանք իրագործելու միջոցները գտնելու մէջ: Այսպիսի հանդիպումները ձեզ կօգնեն լինել աւելի նախաձեռնող և գտնել հնարաւորութիւններ:

Դաւիթ թագաւորը, որ նաև սաղմոսներ էր գրում, մի շատ ոգևորիչ աղօթք ունի.

«Տէր, Քեզնո՛վ միայն զինուած պիտի վազեմ և իմ Աստծու շնորհիւ պիտի անցնեմ պարսպի վրայով», Բ Թգ., 22:30

Քրիստինէ Մխիթարեանն իր կարևոր նիւթը երիտասարդներին ներկայացրեց հետաքրքիր բացատրութիւններով և քննարկումների միջոցով, լսելով երիտասարդների կարծիքները, նրանց առիթ տալով խորհրդածել սեփական կարողութիւնների, տաղանդների մասին, թէ ինչպէս կարող են դրանք դրսևորել և ինչպէս կարող են գաղափարներ յղանալ ու զարգացնել իրենց համայնքներում: Նա շեշտեց, որ իւրաքանչիւր անձ կարող է փոփոխութիւններ բերել իր իրականութեան մէջ՝ ջանալով ոչ թէ նախ փոխել իրականութեան պայմանները, այլ՝ նախ սեփական անձը, յաղթահարել վախերը, թերահաւատութիւնը, սահմանել նպատակներ, երազանքներ, ոգեշնչուել ու ջանք թափել դրանք իրականութիւն դարձնելու համար՝ չվախենալով միջոցների սահմանափակ լինելուց: Նա առաջարկեց երիտասարդներին մտածել «աշխարհը փոխելու 6 քայլերի մասին», դրանք են՝ 1.ոգեշնչուել, 2.լինել տեղեկացուած, 3.բացայայտել սեփական տաղանդները, ուժեղ կողմերը, 4.լինել խիզախ և գործել՝ մանրամասն ծրագրելով ամեն մի քայլ, 5. թոյլ կողմերը լրացնել ուրիշների օգնութեամբ, թիմային աշխատանքով, գտնել ճիշտ մարդկային ռեսուրսներ, 6.տօնել իւրաքանչիւր փոքր յաղթանակ՝ վստահ լինելով, որ կարողացար դրական փոփոխութիւն բերել:

Քրիստիներից յետոյ Բավրայի Երիտասարդական միութեան անդամ Անդրանիկ Մարգարյանը, որ այս տարուայ Յունուարի 12-21-ը Հայկական Կարիտասի կողմից հրաւիրուել էլ Ֆրանսիայում մասնակցելու համայնքներում սոցիալական ծրագրերի փորձի փոխանակման մի ծրագրի, պատմեց Ֆրանսիայում Կարիտասի ծրագրերի և գաղափարների մասին, որոնք կարող են երիտասարդներին օգնել զարգացնել իրենց գաղափարները տեղի համայնքներում:

Հանդիպումն աւարտուեց միասնական աղօթքով և թեման յետագայ սեմինարներում զարգացնելու մասին քննարկումներով, գաղափարային նոր առաջարկներով:

Տ. Յովսէփ Գալստեան,

Մեծ Սեպասարի, Բավրայի, Սիզավետի, Ղազանչիի հոգևոր հովիւ

Երիտասարդական հաւաք
Երիտասարդական հաւաք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/01/2020, 09:21