Որոնել

Աշոցքի համայնքներում տօնուեց «Աստծոյ Խօսքի կիրակին»: Աշոցքի համայնքներում տօնուեց «Աստծոյ Խօսքի կիրակին»: 

Աշոցքի համայնքներում տօնուեց «Աստծոյ Խօսքի կիրակին»:

«Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. Քո բերանում և քո սրտում է, և քեզանից է կախուած դա կատարելը». Բ Օր. 30, 11-14

Յունուարի 25-26-ը Աշոցքի հայ կաթողիկէ չորս համայնքներ տօնեցին «Աստծոյ Խօսքի կիրակին», որ հաստատուել է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի նախաձեռնութեամբ՝ «Aperuit illis»՝ «Նա բացում է» վերտառութեամբ նամակով, 2019թ. սեպտեմբերի 30-ին: Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա և Սիզավետ համայնքներում Սուրբ Պատարագները մատուցուեցին Աստծոյ Խօսքի տարածման դիտաւորութեամբ, խօսեցինք Աստծոյ Խօսքի մասին և Աստուածաշունչ ընթերցելու կարևորութեան մասին՝ հաւատացեալներին կոչ անելով ամէն օր ընթերցել Սուրբ Գիրք և աղօթել Սուրբ Գրքի տողերի շուրջ խորհրդածելով:

Ունկնդրէ լուրը

Սուրբ Պատարագներից յետոյ նաև միասնական յատուկ աղօթք բարձրացրեցինք առ Աստուած՝ Աստծոյ Խօսքի տարածման համար, որն աղօթեցինք նաև Սուրբ Հաղորդութեան երկրպագութեան ժամանակ, Մեծ Սեպասարում: Երիտասարդների և պատանիների հետ հանդիպումների ժամանակ նրանց ուշադրութիւնը հրաւիրեցինք Աստուածաշնչի վրայ և կազմակերպեցինք Աւետարանի հատուածի քննարկում:

 

Աղօթք՝ Աստծոյ  Խօսքի տարածման համար

Սիրելի՛ Յիսուս, քո Սուրբ Հաղորդութեան եւ Սուրբ Աւետարանիդ առջեւ ծունկի ենք եկել՝ միասնաբար աղօթելու Աստծոյ Խօսքի առաւել տարածման եւ Աւետարանիդ՝ մինչեւ աշխարհի ծայրերը քարոզութեան համար, քո սուրբ պատուիրանիդ համաձայն:

Տու՛ր մեզ շնորհդ՝ առաւել շատ սիրելու Աստուածային Խօսքդ, գերիմաստութիւնդ, իւրաքանչիւր բառդ, որ ներշնչել ես գրել Աստուածաշունչ մատեանի էջերում:

Տու՛ր մեզ աստուածային շնորհդ՝ առաւել խորութեամբ հասկանալու իմաստը աստուածային խօսքերիդ, անհատնում հարստութիւնները իւրաքանչիւր աստուածաշունչ բառիդ եւ գրքիդ:

Տու՛ր մեզ աստուածային շնորհդ՝ մեր սրտերում զարգացնելու կամք եւ կարգապահութիւն՝ ամէն օր ընթերցելու Աստուածաշունչը, մանաւանդ, Քո Սուրբ Աւետարանները, ընթերցելու աղօթքով, բացուած սրտերով, զղջացած հոգով եւ լուսաւորուելու պատրաստ մտքերով՝ դառնալով պարարտ հող՝ քո խօսքի սերմն ընդունելու եւ պտղաբերելու ձգտումով:

Տու՛ր մեզ աստուածային շնորհդ՝ Աստուածաշունչը դարձնելու մեր ամենասիրելի գիրքը, մեր ամենաշատ ընթերցուող գիրքը, մեր ընտանիքների ամենաթանկարժեք գանձը, որից կախուած է մեր կեանքը, մեր երջանկութիւնը, մեր խաղաղութիւնը, մեր փրկութիւնը չարի յարձակումներից, մեր բուժումները՝ ամէն տեսակ հոգեկան եւ մարմնաւոր հիւանդութիւններից, յուսահատութիւնից եւ յոռետեսութիւնից:

Տու՛ր մեզ շնորհ՝ Քո Աստուածային Խօսքի մէջ գտնելու մեր կեանքի յոյսը, ամենօրեայ պայքարի համար ուժը, կենսախինդ գոյները՝ կենցաղի միօրինակ գորշութեան մէջ, ճշմարիտ ուղեցոյցը՝ դժուարին իրավիճակներում, իմաստուն խորհուրդը, երբ ոչ ոք չկայ, որ օգնի, ուղեկից եւ միշտ հաւատարիմ ընկերը, որ երբեք չի դաւաճանում եւ միշտ պատրաստ է աւելին անելու, եթէ սիրենք իրեն եւ յաճախակի դիմենք իր օգնութեանը:

Սիրելի՛ Յիսուս, տու՛ր մեզ շնորհ՝ մշտապէս փափաքելու մասնակցել Քո Սուրբ Պատարագին եւ Սուրբ Հաղորդութեանդ երկրպագութեանը՝ գիտակցելով, որ Աւետարանը, որ ընթերցւում է, Դու ես՝ կենարար Խօսքդ, Պատարագիչը Դու ես՝ Ինքնազոհաբերուող Արարիչ Խօսքդ, Պատարագուողը Դու ես՝ Աստծոյ մարմնացեալ Խօսքդ, Պատարագը Դու ես՝ Քո Սուրբ Մարմնով եւ Արեամբ, Աստուածային Անձովդ եւ մարդացեալ Խօսքովդ: Տու՛ր շնորհ՝ հասկանալու, որ մեզ որպէս սրբարար կերակուր մատուցուողը Դու ես՝ մեր փրկութեան համար եւ մեզ Քո Խօսքով միաւորողը, Քո Սուրբ Հաղորդութեամբ մեզ մէկ հաց մէկ մարմին դարձնողը Դու ես՝ մեզ հետ հաղորդուող Իմաստութիւնդ:

Սիրելի՛ Փրկիչ, վերջապէս տու՛ր մեզ շնորհ՝ Քո Աստուածային Խօսքիդ հանդէպ մեր սէրը եւ մեր տկար գիտելիքները, որ քաղում ենք Աստուածաշնչի աղբիւրից, կիսելու մեր եղբայրների եւ քոյրերի հետ, ինչպէս դու ես կիսում Քո Սուրբ Մարմինն ու Արիւնը բոլորի հետ, ովքեր գալիս են դէպի Քեզ:

Ո՛վ Մայր Աստուածային Խօսքի, քո մայրական քնքշութեամբ եւ խոհեմութեամբ սովորեցրու՛ մեզ ընդունել ու վստահել Քո Սուրբ Որդու խօսքին եւ խոստումներին, ինչպէս Դու վստահեցիր. Ամէն:

  

Տ. Հովսեփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/01/2020, 09:15