Վաղաժամ ծննդաբերութիւն. 21 տարեկան Իմանը եւ դուստրը՝ Ժուլանը Վաղաժամ ծննդաբերութիւն. 21 տարեկան Իմանը եւ դուստրը՝ Ժուլանը   Պատմութիւնը

Ծնուել Բեթղեհէմում

Յիսուսի հայրենի քաղաքում՝ Բեթղեհէմում, Կաթողիկէ Ծննդատունը պաղեստինեան տարածաշրջանում անգնահատելի բժշկական օգնութիւն է տրամադրում, միեւնոյն ժամանակ համաշխարհային խաղաղութեան ուղերձ յղում, ինչը լիովին դուրս է իր բժշկական ոլորտից:

Օլիւիէ Բոննել – Բեթղեհէմ

Բեթղեհէմի Սուրբ Ընտանիք Ծննդատան դեղնաշագանակագոյն պատերով վիթխարի շէնքի հարեւան խաչմերուկում՝ մի քանի մեթր հեռաւորութեան վրայ կարելի է տեսնել Սուրբ Ծննդեան Տաճարը: Նոյեմբեր ամսի վերջին բազմաթիւ ուխտաւորներ՝ ժամանած Իտալիայից կամ Պրազիլից, խռնուելով պաղեստինեան քաղաքի փողոցներում՝ ուղղւում են դէպի Քրիստոսի ծննդավայր, որտեղ հսկայ եղեւնու եւ մսուրի շուրջը վերջին զարդարանքներն են աւարտին հասցւում: 1882 թուականին Սուրբ Վենսան դը Փոլի Գթութեան դուստրերի կողմից կառուցուած հիւանդանոցի միջանցքներում մթնոլորտն աւելի խաղաղ է, քան դէպի տաճար տանող փողոցներում:

Սուրբ Ընտանիք Հիւանդանոցի տնօրէն Դընի Սեւեստրը
Սուրբ Ընտանիք Հիւանդանոցի տնօրէն Դընի Սեւեստրը

1990 թուականին, առաջին երեխայի ծնունդից ի վեր, Սուրբ Ընտանիք Ծննդատունը դարձել է մեկնակէտ պաղեստինցիների համար: Հաստատութիւնը, որը կառավարւում է Մալթայի Միաբանութեան կողմից, լաւագոյն բժշկական ծառայութիւններն է տրամադրում տարածաշրջանի յղի կանանց եւ նորածիններին: Մանկաբուժութեան եւ նորածնային խնամքի բաժանմունքը, որի բացումը տեղի ունեցաւ 2013 թուականին՝ ոչ մի բանով չի զիջում երկրագնդի լաւագոյն հիւանդանոցներին: Չնայած պատմութեան կարեւորութեանը եւ աւետարանական պատմուածքի ուժին՝ Բեթղեհէմում ծնուել միշտ չէ, որ նշանակում է երջանիկ աստղի տակ ծնուած լինել: Առողջապահութեան պետական համակարգը տկար է, գտնւում է բիւրոկրատական եւ յատկապէս՝ ծանր քաղաքական համատեքստի ճնշման ներքոյ:

Ծնուել Բեթղեհէմում

«Մեզ մօտ միշտ էլ տեղ կայ»

Իրականում, այն ժամանակից ի վեր, ինչ հարեւան Իսրայէլի հետ խաղաղութիւն ձեռք բերելու յոյսերը նուազեցին, պաղեստինցիների առօրեայ կեանքը բաւական մռայլ է: Երուսաղէմը ընդամէնը ութ քիլոմեթր հեռաւորութեան վրայ է գտնւում, սակայն սուրբ քաղաքը երբեք այդքան հեռու չէր թուացել, որքան հիմա է: «Ամենօրեայ անվտանգութեան վերահսկողութիւն է իրականացւում, եւ ամէն օր կարող էք տեսնել, թէ ինչպէս են Բեթղեհէմի բնակիչները անցակէտերում առաւօտեան ժամը 5-ից սկսած հերթ կանգնում, որպէսզի կարողանան ժամանակին հասնել աշխատանքի վայր», - ասում է Դընի Սեւեստրը՝ Ծննդատան տնօրէնը: Այս ֆրանսիացի նախկին զինուորականն արդէն հինգ տարի է, ինչ կնոջ հետ միասին բնակութիւն է հաստատել Բեթղեհէմում: Մալիում եւ Աֆղանիստանում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց յետոյ՝ տեղափոխուելով Բեթղեհէմ, ստանձնել է հիւանդանոցի եւ 140 աշխատակիցների կառավարման գործը, չնայած նիւթատեխնիկական ապահովման սահմանափակումներին եւ շարունակական ճնշումներին: «Մեզ մօտ միշտ էլ տեղ կը գտնուի», - խօսքն ամփոփելով ասում է նա: Որոշ կանայք, ովքեր գալիս են մեր հիւանդանոցում ծննդաբերելու, չեն վարանում ժամեր շարունակ ճանապարհ կտրել եւ հանդուրժել իսրայէլական բանակի մանրազնին ստուգումները: Բայց, ինչպէս եւ ամէն անգամ, այստեղ է ծնւում հրաշքը: Կանայք (մեծամասամբ մահմետական) վերցւում են հոգածութեան տակ, իսկ նորածինների խանձարուրների վրայ պատկերուած է Մալթայի խաչը:

Սուրբ Ընտանիք հիւանդանոցի միջանցքներում
Սուրբ Ընտանիք հիւանդանոցի միջանցքներում

«Եթէ Աստուած կամենայ՝ խաղաղութիւնը սկիզբ կ'առնի այստեղից»

Բարդ դէպքերի ժամանակ մանկաբուժական խնամքի ծառայութիւնը յայտնւում է իրարանցման մէջ: «Մեր հաստատութիւնը բարեգործական հիւանդանոց է», - պարզաբանում է Դընի Սեւեստրը՝ ընդգծելով իրենց հաստատութեան նպատակը. տրամադրել որակեալ ծննդօգնութիւն՝ առանց կրօնական կամ ֆինանսական միջոցների խտրականութեան: Ի դէպ, Սուրբ Ընտանիք հիւանդանոցը աշխատանքի է ընդունել սոցիալական աշխատակցի, ով ուսումնասիրում է ամենահամեստ հնարաւորութիւններ ունեցող ընտանիքների անձնական գործերը: Որոշ հիւանդներ վճարում են ընդամէնը մէկ խորհրդանշական շէկել:

Հիւանդանոցի անձնակազմի 56%-ը քրիստոնեաներ են, շատ աւելին, քան Պաղեստինի միջին ազգային ցուցանիշն է, սակայն Սուրբ Ընտանիքում ուշադրութիւն չեն դարձնում ո՛չ գլխանոցներին եւ ո՛չ էլ պարանոցի խաչերին, որ կրում են մայրերը: Բացի բժշկական բարձրակարգ ծառայութիւններից, որ մատուցում է հիւանդանոցը, նաեւ այս բարձրակարգ ընդունելութիւնն է, որ ստիպում է բազմաթիւ պաղեստինցիների գալ այստեղ եւ կեանք պարգեւել իրենց զաւակներին: «Երեխային այստեղ ծնունդ տալը յատուկ նպատակ ունի, քանի որ սա սուրբ քաղաք է», - պատմում է Բութէինան, ով օրօրում է Ալիին՝ երկու օր առաջ լոյս աշխարհ եկած իր որդուն: 28-ամեայ այս մահմետական կնոջ համար Բեթղեհէմը Յիսուսի քաղաքն է, ով Ղուրանում յիշատակւում է որպէս մարգարէ, իսկ Սուրբ Ընտանիք հիւանդանոցը՝ խաղաղութեան նաւահանգիստ:

Բուժքոյրերը Ծննդատան մանկական սենեակում
Բուժքոյրերը Ծննդատան մանկական սենեակում

«Քաղաքական գործիչները պատեր են կառուցում, բժիշկները բացում են սրտերը»

Պաղեստինեան հիւանդանոցի բարերար ազդեցութիւնն այսուհետեւ իրականութիւն է: Բոլոր բժիշկները, ովքեր պաղեստինցիներ են, դասընթացք են անցել արտերկրում՝ Ֆրանսիայում, Միացեալ Նահանգներում կամ Ուկրաինայում: Բուժքոյրերից երկուսը նոյնիսկ վերապատրաստում են անցել Հռոմի Մանուկ Յիսուս մանկական հիւանդանոցում: «Արդիւնքում, Վատիկանի խնդրանքով, այս բուժքոյրերը տեղի անձնակազմի համար անցկացրեցին վերապատրաստման դասընթացք», - հպարտօրէն ժպտում է Դընի Սեւեստրը: Նախկին զինուորականը սիրում է յաճախ կրկնել. «Քաղաքական գործիչները պատեր են կառուցում, մինչդեռ բժիշկները բացում են սրտերը»: Սա է իւրաքանչիւր պարտուողական խօսքի հակաթոյնը:

Կանխածին երեխաների սրահում 21-ամեայ Իմանը հսկում է դստեր՝ Ժուլանի քունը: Երեխան ծնուել է ժամկէտից չորս ամիս առաջ եւ կշռում էր ընդամէնը 830 գրամ: Ամէն օր այս երիտասարդ կինը, ով գլխանոց է կրում, երթուդարձ է կատարում Հեբրոնից, որը Բեթղեհէմից 25 քիլոմեթր հեռաւորութեան վրայ է գտնւում, սակայն, երբեմն ժամ եւ կէս է պահանջւում ճանապարհն անցնելու համար: Նորածնային ինտենսիւ խնամքի բաժանմունքը հրաշքներ գործեց եւ Իմանի դուստրն այսօր կշռում է 2,5 կիլօգրամ: Այնուամենայնիւ, երեխան դեռեւս պէտք է նեարդավիրաբուժական միջամտութիւն ստանայ Երուսաղէմի հիւանդանոցում:

Վիրահատական սրահի դռան վերեւում տեղադրուած է Սուրբ Ընտանիքի պատկերը, որը հետեւում եւ պահպանում է բոլորին
Վիրահատական սրահի դռան վերեւում տեղադրուած է Սուրբ Ընտանիքի պատկերը, որը հետեւում եւ պահպանում է բոլորին

Անվտանգութիւնն ապահովելուց առաջ անհրաժեշտ է կարեկցանք դրսեւորել

Հիւանդանոցի բակի հին մատուռում վեր է խոյանում Աստուածամօր արձանը, որը գիշերային լուսաւորութեան մէջ թւում է, թէ արթուն հսկում է քաղաքն ու շրջակայքը, ինչպէս Մարիամն էր մսուրում հսկում Մանուկ Յիսուսի քունը: Այգում կան բազմաթիւ նարնջենիներ ու ձիթենիներ, որոնք խաղաղութեան խորհրդանիշներն են, եւ թւում է, թէ դրանք այստեղ տնկել են որպէս վկայութիւն:

Ծագումով Ջենինից Ահմեդը տեսակցում է նոյն առաւօտ ծնուած որդուն
Ծագումով Ջենինից Ահմեդը տեսակցում է նոյն առաւօտ ծնուած որդուն

Մի քանի օրից մեծ եղեւնի կը տեղադրուի Ծննդատան սրահներից մէկում եւ աշխատակազմի անդամներից իւրաքանչիւրն իր ձեռքով կը զարդարի այն: Բեթղեհէմի քրիստոնեաները Սուրբ Ծնունդը տօնում են երեք անգամ՝ դեկտեմբերի 25-ին կաթողիկէների համար, յունուարի 6-ին՝ ուղղափառների, իսկ յունուարի 19-ին հայերի համար: Երեք պատճառ Քրիստոսի ծնունդը ցնծութեամբ տօնելու:

Ծննդատան տնօրէնն իր խօսքի մէջ յիշատակում է նաեւ իսրայէլցի զինուորներին, ովքեր անցակէտում օգնում են տեղափոխել նորածին երեխաներին: Նոյնիսկ եթէ դա տեսանելի չէ առաջին հայեացքից, այնուամենայնիւ, հէնց այստեղ՝ Բեթղեհէմի կեանքի այս փոքրիկ դրուագներում կարելի է տեսնել Խաղաղութեան Իշխանի հրաշքը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

24.12.2019

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/12/2019, 09:47