Ձեռնարկէն առնուած լուսանկար Ձեռնարկէն առնուած լուսանկար 

«Փոքրիկ իշխան» կենտրոնի սաների Սուրբ Ծննդեան բեմադրութիւնը

«Յիսուս Մանուկը՝ պարզ մսուրի մէջ դրուած, մեզ ներշնչում է մի վստահութիւն, որ մենք կարո՛ղ ենք մեր ապագան կառուցել՝ մեր երազանքների համաձայն և Աստծոյ կամքի համաձայն»

«Յիսուս Քրիստոսի ծննդեան պատկերումը ինքնին հանդիսանում է Աստծոյ Որդու Մարդեղութեան խորհրդի պարզ և բերկրալից հռչակումը: Իսկապէս, Սուրբ Ծննդեան մսուրը, կարծես, Սուրբ Գրքի էջերից դուրս եկած կենդանի Աւետարան լինի».

այս տողերը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այս տարի հրապարակուած «Հրաշալի նշանը» վերտառութեամբ ուղերձից են՝ Սուրբ Ծննդեան մսուրի պատկերի մասին: Քահանայապետը կոչ է անում վերարժևորել մսուրի նշանակութիւնը, խորհուրդը, և մսուրի պատկերներ պատրաստել մեր տներում, աշխատավայրերում, հրապարակներում, ամենուրեք, ուր կա հնարաւորութիւնն:

Ունկնդրէ լուրը

 Քահանայապետի այս ուղերձը մեզ ոգևորում է առաւել մեծ ուշադրութիւն դարձնել Սուրբ Ծննդեան աւետարանական պատումին և ոչ միայն տեղադրել պատկերներ, այլեւ կենդանացնել, վերապրել այդ սրբազան պատումը՝ մեր տներում, կենտրոններում, ամեն տեղ, որտեղ ունենք գեթ չնչին մի հնարաւորութիւնն:

Այս մտածումով այս տարի որոշեցինք Սուրբ Ծննդեան պատումի բեմադրութիւններ կազմակերպել կամ աջակցել դրանց առաւել հարուստ կազմակերպմանը նաև Հայկական Կարիտասի մի քանի կենտրոններում:

Առաջին բեմադրութիւնը տեղի ունեցաւ 2019թ. դեկտեմբերի 17-ին, Գիւմրիի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում՝ սաների բեմադրութեամբ և աշխատակիցների օգնութեամբ, յատկապէս, կենտրոնի համակարգող Աննա Մարտիրոսեանի, երգեցողութեան ուսուցչուհի Յասմիկ Չերքեզյանի, որ սովորեցրեց երգերը և օգնեց կազմակերպչական աշխատանքում, կարի ուսուցչուհի Սվետա Մկրտչեանի, որ սիրով կարեց բեմական հագուստները, նկարչութեան ուսուցիչ Վարդան Տիրատուրյանի, որ ստեղծեց գեղեցիկ դեկորացիաները՝ քարայրի տեսարանը, մսուրը, կենդանիները, կամաւորական երիտասարդները և ուրիշներ: Այս մեծ աշխատանքի համար նրանց յայտնում եմ իմ խորին շնորհակալութիւնը:

Բայց ամենամեծ երախտագիտութիւնը պէտք է յայտնել կենտրոնի պատանիներին, պարմանուհիներին և երիտասարդներին, ովքեր մեծ ջանքեր գործադրեցին՝ լաւագոյնն կերպով ներկայացնելու աւետարանական պատումի հիման վրայ մեր պատրաստած սցենարը: Ինչպէս պատմողն իր խօսքում ասաց. «Սիրելի՛ ծնողներ և ներկաներ, սա մեր առաջին բեմադրութիւնն է, որ ջանացինք ներկայացնել մեր համեստ ուժերով, բայց շատ լայն և ջերմ սրտերով: Մենք դերասաններ չենք, բայց ուզեցինք ձեզ ցոյց տալ, թէ ինչքա՜ն ենք սիրում Յիսուսին և Սուրբ Աւետարանը»:

Նրանք իրօ՛ք ցոյց տուեցին իրենց սերը, իրենց մեծ բերկրանքը՝ առ այն, որ կարողանում են ներկայացնել Սրբուհի Մարիամին, Սուրբ Յովսէփին, հովիւներին, մոգերին, ինը հրեշտակների՝ Գաբրիէլ հրեշտակապետի գլխաւորութեամբ. ա՛յս էր իրենց առաքելութիւնը և ոչ թէ՝ արհեստավարժ դերասական մի խաղ ցոյց տալը: «Աստուածամօր, Սուրբ Յովսէփի կամ հովիւների դերերը խաղալը մեզ համար մեծ ուրախութիւն է, որովհետև նրանք սրբեր են, ում իւրաքանչիւրս կոչուած ենք նմանուելու: Նրանք մեզ նման մարդիկ էին, որ ապրում էին աղքատ, դժուար պայմաններում, իրենց երեսի քրտինքով վաստակում էին իրենց օրուայ հացը, բայց այնքա՛ն հաւատք ունէին, որ լսեցին Աստծոյ ձայնը և համաձայնուեցին կատարել Աստծոյ կամքը, իրենց սրտերը լայն բացեցին Աստծոյ սիրոյ առջև: Նրանց դերերը տանելով՝ մենք մի քայլ առաջ ենք անում դէպի սրբութիւն». ասացին պատանիները:

Վերջում, որպէս աւետարանական պատումին աւելացուած գեղարուեստական մաս, հրեշտակները խօսքեր ուղղեցին հանդիսատեսին: Ահա՛ մի հատուած.

«Մենք՝ պատանիներս ու երիտասարդներս, մեր սրտերում անսահման մեծ եռանդ ունենք, մեծ ու անսահման՝ այնքան, որքան մեր երազանքներն են: Յիսուս Մանուկը՝ պարզ մսուրի մէջ դրուած, մեզ ներշնչում է մի վստահութիւն, որ մենք կարո՛ղ ենք մեր ապագան կառուցել՝ մեր երազանքների համաձայն և Աստծոյ կամքի համաձայն»:

Իսկ միւս հրեշտակն ուզեց այդ խանդավառութեամբ ոգևորել նաև ծնողներին և միւս մեծահասակներին՝ ասելով.

«Դուք էլ երբե՛ք-երբե՛ք մի յուսահատուէք, սիրելի՛ ծնողներ և բոլոր մեծահասակներ: Մեզ նայելով՝ յիշէ՛ք, որ մենք միշտ ձեր կողքին ենք մեր անսպառ եռանդով, մեր ժպիտով, մեր օգնութեամբ, մեր մեծ վստահութեամբ և հաւատքով և ձեզ խնդրում ենք, որ դու՛ք էլ հաւատաք և վստահէք, որ դուք էլ ձեր սրտերում ունենաք երազանքներ՝ մեզ նման, որ դուք էլ յիշէք ձեր երիտասարդութիւնը»:

Նրանց ոգևորելը մեր յուրաքանչյուրիս պարտականութիւնն է, մեր ներկայութիւնը իրենց կեանքում, այսպիսի ստեղծագործական ինքնադրսևորումների պահերին մի կարևոր աջակցութիւն և զօրակցութիւն է նրանց համար. այս մասին իմ շնորհակալ ական խօսքում ասացի մեր սիրելի ծնողներին և հիւրերին, որ սիրով ընդառաջել էին մեր հրաւէրին՝ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանին, Հ. Ներսէս Վրդ. Գալստեանին, Հ. Եղիա Վրդ. Դերձակյանին, Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանին, Անարատ Յղութեան հայ միաբան քոյրեր Ք. Ռեբեկային ու Ք. Պոլինին, Շիրակի մարզպետարանի Երեխաների իրաւունքների պաշտպանութեան բաժնի ղեկավար Լիլիթ Գորգինյանին և Հայկական Կարիտասի այլ ծրագրերի աշխատակիցներին: Յիշեցրեցի Սրբուհի Մայր Թերեզայի յայտնի խօսքերը, թէ «պէտք է ձգտել անել ոչ թէ մեծ գործեր, այլ՝ փոքր գործեր՝ մեծ սիրով»: Ա՛յս էր երիտասարդների հետ մեր միասնական ջանքերի ամբողջ իմաստը՝ որպէս պատասխան՝ յուրաքանչյուրիս հանդէպ Աստծոյ առատազեղ սիրոյն, որի խտացումն է նորածին Յիսուս Մանուկը կամ մարդեղացած Աստծոյ Որդին:

Տ. Յովսէփ Գալստեան Հայկական Կարիտասի Հոգևոր խորհրդատու

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/12/2019, 10:19