Որոնել

«Հայկական Կարիտաս»-ի կամաւորները տօնեցին Կամաւորների միջազգային օրը։ «Հայկական Կարիտաս»-ի կամաւորները տօնեցին Կամաւորների միջազգային օրը։ 

«Հայկական Կարիտաս»-ի կամաւորները տօնեցին Կամաւորների միջազգային օրը։

«Հայկական Կարիտասը», լինելով քրիստոնէական սկզբունքներով առաջնորդուող կազմակերպութիւն, մշտապէս իր ծրագրերում հնարաւորութիւնն է ստեղծում՝ կամաւորների լայն ընդգրկման

Դեկտեմբերի 5-ը «Կամաւորների միջազգային» օրն է, որը հաստատուել է ՄԱԿ-ի կողմից՝ 1985թ.: Առաւել ստոյգ, այն կոչւում է «Կամաւորների միջազգային օր՝ տնտեսական և սոցիալական զարգացման համար» և նպատակ ունի աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպութիւններին, որտեղ աշխատում են կամաւորներ, և անհատ կամաւորներին, հնարաւորութիւնն ընձեռել՝ առաւել խթանելու կամաւորութիւնը տեղական և միջազգային մակարդակներում, կառավարութիւններին հրաւիրել ճանաչելու կամաւորութեան կարևորութիւնը՝ երկրների զարգացման համար: Այլ խօսքով, սա մի օր է, որը կոչուած է ուշադրութեան կենտրոնում պահելու կամաւորներին և կամաւորութեան գաղափարի կարևորութիւնն ընդհանրապէս:

Ունկնդրէ լուրը

 «Հայկական Կարիտասը», լինելով քրիստոնէական սկզբունքներով առաջնորդուող կազմակերպութիւն, մշտապէս իր ծրագրերում հնարաւորութիւնն է ստեղծում՝ կամաւորների լայն ընդգրկման, նաև համայնքներում կամաւորութեան խթանման համար: Հետևաբար, Կամաւորների միջազգային տօնն ամէն տարի նշելը Հայկական Կարիտասի համար կարևոր է: Այս տարի տօնը նշելու համար,  Գիւմրիում հաւաքուել էին Հայաստանի տարբեր մարզերում Կարիտասի կողմից իրականացուող ծրագրերում այս կամ այն ձևով աշխատող և ներդրում ունեցած 60 երիտասարդ կամաւորականներ:

 Այս անգամ մասնակիցների թւում էին նաև Բավրա համայնքի Հայ կաթողիկէ երիտասարդական միութեան 10 անդամներ, ովքեր ևս իրենց ծառայութիւնն են բերել կազմակերպութեան համայնքային ծրագրերի իրականացմանը, մասնաւորապէս, սննդօգնութեան բաշխման մէջ, «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում մշակելով և իրականացնելով համակարգչային հիմնական ծրագրերի դասընթացը:

 Միջոցառումը նախաձեռնել էր Հայկական Կարիտասի կամաւորականների կորպուսի համակարգող Լիլիթ Մայլամյանը: Մասնակցում էին կազմակերպութեան տնօրէն Գագիկ Տարասյանը, Շահերի պաշտպան Քրիստինե Մխիթարյանը, Հոգևոր խորհրդատու Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Հասարակական կապերի մասնագէտ Արմենուհի Մխոյանը, Էմիլի Արեգակ սոցիալական կենտրոնի տնօրէն Տիգրանուհի Հակոբյանը:

 Նախ երիտասարդներին իր շնորհաւորանքի խօսքն ուղղեց Գագիկ Տարասյանը՝ կարևորելով կամաւորների լուրջ ներդրումը կազմակերպութեան ծրագրերի իրականացման գործում, ինչն իրականութիւն է արդեն 25 տարի և շատ գնահատելի է բոլորի կողմից: Առանց կամաւորների աշխատանքի, շատ ծրագրեր հնարաւոր չէր լինի իրականութիւն դարձնել:

Լիլիթ Մայլամյանը մի քանի կամաւորականների խրախուսական նուէրներ յանձնեց և անցկացրեց գիտելիքների մրցոյթ:

 Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը համառօտ խօսեց «Կամաւորութեան քրիստոնէական ընկալումը թեմայով»՝ նախ շեշտելով, որ կարևոր է աւելի յաճախ ստեղծել այսպիսի միասնական հանդիպումների հնարաւորութիւններ և ասաց, որ մտադիր է առաջիկայում առաջարկել դասընթացի ձևաչափով մի հանդիպում՝ Կարիտասի բոլոր կամաւորականների համար՝ ընդգրկելով նաև համայնքների երիտասարդներին: Նա շեշտեց, որ կամաւորութիւնը խթանելու կարևոր ճանապարհներից մէգը միասնականութիւն է և փորձառութեան, ձգտումների կիսումը, փոխադարձ հարստացումը:

«Կամաւորութեան քրիստոնէական իմաստը ճիշտ հասկանալու և այն ճիշտ գործադրելու համար մենք պէտք է հասկանանք դրա արմատը: Իսկ արմատը պէտք է փնտռել նախ առաջ Աւետարանում, որովհետև Քրիստոսն ինքը եղաւ առաջին կամաւորը, որ ոչ միայն իր ժամանակը, իր կարողութիւնները, այլեւ իր կեանքը տուեց ամբողջ մարդկութեան համար՝ դրանով իսկ իւրաքանչիւր մարդ արարածի համար դառնալով կամաւոր նուիրումի ամենաառանցքային, բարձրագոյն և անկրկնելի օրինակը: Անկրկնելի՝ այն իմաստով, որ յանձին Յիսուս Քրիստոսի, Աստուած Ի՛նքը զոհաբերուեց մեզ համար, Աստուած իր կեանքը կամովին դրեց զոհասեղանին՝ մարդու համար, և գառան պէս մորթուեց, որպէսզի մարդուն ազատագրի մեղքի կապանքներից, բոլոր սահմանափակումներից և տա կամաւոր նուիրումի գերագոյն այնպիսի մի օրինակ, ինչպիսին չէր կարող տալ ոչ մի մարդկային արարած: Քրիստոսի օրինակի լոյսի ներքոյ «կամաւորութիւն» հասկացութիւնը քրիստոնեայի համար նոյնական է դառնում «կատարեալ նուիրում», «ինքնազոհաբերութիւն» և «սէր» հասկացութիւններին, որոնք Քրիստոսի Անձի, կերպարի մէջ նոյն իմաստն ունեն և արտայայտւում են նոյն կերպ: Այս իմաստով քրիստոնեաներիս համար լինել կամաւոր՝ նշանակում է նախևառաջ նմանուել Քրիստոսին, ունենալ անձնական երկխօսութեան, մտերմութեան փորձառութիւն՝ Յիսուս Քրիստոսի հետ: Առանց այսպիսի փորձառութեան, «կամաւորութեան» մեր ընկալումը կլինի հիմքից կտրուած և, ըստ էութեան, աննպատակ».բացատրեց Տ. Յովսէփը:

 Քահանան երիտասարդներին հարց ուղղեց՝ մտածելու սեփակամ կամաւորական աշխատանքի պատճառի և նպատակի մասին, լսեց մի քանի պատասխաններ և խօսքն ամփոփեց Մայր Թերեզայի խօսքերով.

«Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալաւը, և մարդիկ կփշրեն քոյ ատամները, բայց տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալաւը ամէն դէպքում»:

 Միջոցառման երկրորդ հատուածը տօնական, ժամանցային տրամադրութեամբ լեցուն էր՝ համերգային ծրագրով և միասնական ճաշով, թխուածքաբլիթով:

 

Քաղուած. armenianchurchco.com/ կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/12/2019, 10:00