Որոնել

Vatican News

2019 թուականի ընթացքում Փանիկ համայնքում իրականացուած աշխատանքներ։

Հոգեւոր սպասաւորն ի պարտականութիւնէ, նախ եւ առաջ, պէտք է մտածի իրեն յանձնուած հօտի հոգիների փրկութեան, հաւատքի անսասանութեան եւ բարի հովուութեան մասին

«Սի­մո՛ն, որ­դի՛ Յով­նա­նի, սի­րո՞ւմ ես ինձ աւե­լի, քան նրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գի­տես, որ սի­րում եմ քեզ»: Նրան ասաց. «Արա­ծե­ց­րո՛ւ իմ գառ­նե­րին» (Յովհ. 21:15):

Սուրբ Գրային ընթերցումները մեզ վկայում են, թէ ինչպէս է Քրիստոս կարգում Պետրոս Առաքեալին որպէս գլուխ Առաքեալների խմբի, վէմ Եկեղեցու, Վարդապետ Սուրբ Հաւատքի եւ Ընդհանուր Հովիւ:

Երբ Յիսուս գտնւում էր Փի­լիպ­պեան Կե­սա­րի­ա­յի կողմերում՝ հարցնում է իր աշակերտներին. «Մար­դիկ իմ մա­սին ի՞նչ են ասում. ո՞վ է Մարդու Որ­դին» (Մատթ. 16:13): Նրանք պատասխանեցին. «Ոմանք կարծում են, թէ Յիսուսը մեռելներից յարութիւն առած Յովհաննէս Մկրտիչն է, ուրիշները կարծում են, թէ նա Հին Կտակարանի մարգարէ է՝ Եղիայի եւ Երեմիայի նման (Մարկ. 6:14-15)»: «Իսկ դուք իմ մա­սին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես», եւ ահա՝ Սիմոն Պետրոսը քաջաբար պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիս­տո­սը՝ կեն­դա­նի Աստծոյ Որ­դին» (Մատթ. 16:16): Վերջապէս աշակերտների աչքերը բացուել էին եւ ճանաչեցին Քրիստոսին՝ որպէս Փրկիչ համայն աշխարհի: Այս ճշմարիտ խոստովանութեան առջեւ Յիսուս խօսքը ուղղեց առանձնապէս Պետրոսին ասելով. «Երա­նի՜ է քեզ, Սի­մո՛ն, Յով­նա­նի՛ որ­դի, որով­հե­տեւ մար­մի­նը եւ արիւ­նը չէ, որ յայ­տ­նեց քեզ, այլ՝ իմ Հայ­րը, որ եր­կն­քում է: Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէ­մի վրայ պի­տի շի­նեմ իմ եկե­ղե­ցին, ու դժոխ­քի դռ­նե­րը այն չպի­տի յաղ­թա­հա­րեն» (Մատթ. 16:17-18):

Սուրբ Պետրոսի եւ բոլոր Առաքեալների պաշտօնի և գործի շարունակողն այսօր հոգեւոր սպասաւորներն են: Հոգեւոր սպասաւորն ի պարտականութիւնէ, նախ եւ առաջ, պէտք է մտածի իրեն յանձնուած հօտի հոգիների փրկութեան, հաւատքի անսասանութեան եւ բարի հովուութեան մասին՝ ինչպէս Քրիստոս հրահանգեց Պետրոսին ասելով. «…որ­պէս­զի քո հա­ւա­տը չպա­կա­սի, եւ դու, երբ վե­րա­դառ­նաս ինձ, հաս­տա­տես քո եղ­բայր­նե­րին» (Ղուկ. 22:32) հաւատքի մէջ, այնպէս էլ այդ նոյն հրահանգը տրուել է այսօրուայ քահանային՝ հաստատել իր հօտը սրբազան հաւատի մէջ: Հոգեւոր սպասաւորը պէտք է ծառայի իր հօտին Քրիստոսի սիրով եւ գթութեամբ, սիրով սնուցանի եւ առաջնորդի իր ժողովուրդը դէպի աղբիւրը լոյսի՝ որ է Քրիստոս: Բարի հովուութիւն անել նշանակում է այցելել ընտանիքներին, հիւանդներին, աղքատներին, բանտարկեալներին՝ ինչպէս որ Տէրը ասաց. «Ես եմ բարի հո­վի­ւը. եւ ճա­նա­չում եմ իմ ոչ­խար­նե­րին ու ճա­նաչ­ւում եմ նրան­ցից» (Յովհ. 10:14): Ի վերջոյ, քահանան պէտք է լինի արտացոլումը Քրիստոսի կենդանի ներկայութեան իր համայնքի ժողովրդի մէջ, որպէսզի այս ներդաշնակ համագործակցութեամբ թէ՛ հոգեւոր հովիւը եւ թէ՛ նրան յանձնուած հօտը կարողանան արժանանալ Յաւիտենական Կեանքին:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում 2019 թուականի ընթացքում Փանիկ համայնքում իրականացուած աշխատանքները.

Փանիկ համայնքի ժողովրդապետ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Երիտասարդաց խմբի ղեկավար՝ Ալլա Կարապետեանի նախաձեռնութեամբ 2018 թուականի մայիսի 10-ին կազմաւորուեց Փանիկի «Սուրբ Աստուածածին» Եկեղեցւոյ Հայ Կաթողիկէ Տիկնանց միութիւնը՝ բաղկացած 17 անդամներից: Տիկնանց միութիւնը Երիտասարդաց խմբի հետ համատեղ իր ակտիւ մասնակցութիւնն է ցուցաբերում Եկեղեցում կազմակերպուող միջոցառումներին, պարբերաբար իրականացուող հոգեւոր կրթութեան դասընթացներին եւ բարեգործական նախաձեռնութիւններին: 

2019 թուականի յունուարի 26-ին Փանիկի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութիւնը ակտիւ մասնակցութիւն է ցուցաբերել Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցած մէկօրեայ երիտասարդական հանդիպմանը, որի նպատակն էր մաս կազմել Պանամայում տեղի ունեցող «Համաշխարհային երիտասարդական օրեր 2019» միջոցառմանը: 

Տիկնանց եւ Երիտասարդաց միութիւնների նախաձեռնութեամբ Տեառնընդառաջի տօնին նուիրուած Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ Եկեղեցւոյ բակում, Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի գլխաւորութեամբ, վառուեց տօնական խարոյկը, այնուհետեւ տեղի ունեցաւ նորապսակների օրհնութեան կարգ:

Սուրբ Սարգիս Զօրավարի տօնին նուիրուած Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ Փանիկ համայնքի երիտասարդների օրհնութեան կարգ: 

Մեծ Պահքի շրջանում Հայր Գառնիկի գլխաւորութեամբ եւ պրն. Վարդան Կարապետեանի նախաձեռնութեամբ կազմակերպուեց հերթական բարեգործական ակցիան «Մայր Թերեզայի Քոյրերի» Սպիտակի կենդրոնի սաների համար:

Ինչպէս ամէն տարի՝ այս տարի եւս, յունուար եւ յուլիս ամիսներին Հայոց բանակ զօրակոչուող երիտասարդների օրհնութեան կարգ կատարուեց:

 Համայնքի Տիկնանց եւ Երիտասարդաց միութիւնների անդամների ակտիւ մասնակցութեամբ Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցում մեծ շուքով նշուեց Ծաղկազարդի եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը: 

Փանիկ համայնքում աւանդոյթ է դարձել մայիս եւ հոկտեմբեր ամիսներին Վարդարան աղօթելու եւ Աստուածամօրը նուիրուած միջոցառումների ու թափօրների կազմակերպումը: Այս տարի եւս՝ մայիսի 31-ին, տեղի ունեցաւ Աստուածամօրը նուիրուած թափօրը, որին, Փանիկի Տիկնանց միութեան հրաւէրով, ներկայ էր նաեւ Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցւոյ Տիկնանց միութիւնը:

Յունիսի 9-ին՝ Հոգեգալստեան տօնին, Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցում տօնական տրամադրութիւն էր տիրում, քանզի այս տարի եւս 27 մանուկներ ստացան Առաջին Սուրբ Հաղորդութիւն ձեռամբ՝ Արհիապատիւ Տէր Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասեանի: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները իրականացուել էին ժողովրդապետի գլխաւորութեամբ եւ Երիտասարդաց միութեան աջակցութեամբ: 

Նոյն ամսին Հայր Սուրբը Երիտասարդաց միութեան նախաձեռնութեամբ կազմակերպեց Յիսուսի Սուրբ Սրտին նուիրուած թափօրը, որին իրենց ակտիւ մասնակցութիւնը ցուցաբերեցին համայնքի անդամները:

Արդէն երրորդ տարին է, ինչ Հայաստանում՝ Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում, տեղի են ունենում «Համայնքային երիտասարդական օրերը»: Այս տարի յուլիսի 19-26-ը կայացած հերթական հանդիպմանն իրենց ակտիւ մասնակցութիւնը բերեցին Փանիկ համայնքից 15 երիտասարդներ:

Տարուայ ընթացքում պարբերաբար կազմակերպուել են հոգեւոր, ճանաչողական եւ մշակութային էքսկուրսիաներ եւ ուխտագնացութիւններ, որոնք էլ նպաստում են Տիկնանց եւ Երիտասարդաց միութիւնների միջանձնային փոխյարաբերութիւնների ամրապնդմանը:

Դեկտեմբերի 1-ին մեկնարկեց արդէն իսկ աւանդոյթ դարձած Սուրբ Ծննդեան բարեգործական տօնավաճառը, որը կը շարունակուի մինչեւ 2020 թուականի յունուարի 12-ը: Բարեգործական տօնավաճառից ստացուած ողջ հասոյթը տրամադրուելու է անապահով ընտանիքներին:

 

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ 

06/12/2019, 08:07