Որոնել

«Հայկական Կարիտասի» հաւաք «Հայկական Կարիտասի» հաւաք 

«Հայկական Կարիտասի» գործունէութեան հոգևոր հիմքի առաւել խոր ընկալման և յստակ մարմնաւորման ճանապարհին

«Ով բնակւում է իմ մէջ, և ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չէք կարող անել», Յվհ., 15, 5:

«Կարիտասը»՝ որպէս միջազգային բարեգործական կազմակերպութիւն, Աստծոյ սիրոյ արտայայտութիւնն է՝ օգնութեան կարիք ունեցող մարդկանց հանդէպ, «Աստծոյ ներկայութեան նշանը՝ մարդկանց մէջ», ինչպէս ասում էր Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը:

 «Հայկական Կարիտասի» Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը վերջերս ասաց. «Կարիտասը Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցու զաւակն է, կամ պարզապէս՝ Աստծու Սուրբ Եկեղեցու բարեգործութեան գործիքը: Կարո՞ղ էք պատկերացնել. այդ  զաւակը՝ իւրայատուկ նկարագրով, գալիս է աշխարհ՝ Յիսուսի հետ միասին ասելու. «Եկե՛ք ինձ մօտ՝ բոլոր յոգնածներդ և բեռնաւորուածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ», Մտթ. 11, 28: Այս ճշմարտութիւնը մեծագոյն մի պատասխանատուութիւն է դնում մեր ուսերին, որը ստիպում է մեզ քննել, թէ արդեօ՞ք մեր աշխատանքը, մեր ծրագրերը լիովին ամուր հիմնուած են Տիրոջ Աւետարանի սկզբունքների վրայ, Նրա Սուրբ Եկեղեցու ուսմունքի վրայ:

  Ի նկատի առնելով այն փաստը, որ «Հայկական Կարիտասը» Եկեղեցու բարեգործական կամ սոցիալական առաքելութիւնն իրականացնող, հիմքում հոգևոր նկարագիր ունեցող մի հաստատութիւն է, ղեկավարութիւնը շատ կարևոր է համարում կազմակերպութեան աշխատանքում հաստատուն տեղ յատկացնել Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի ուսումնասիրութեանը, հոգևոր խորհրդածութեանը և աղօթական կեանքին, ինչն անհրաժեշտ է Կարիտասի առաքելութիւնը լաւագոյնն ձևով իրականացնելու և Եկեղեցու առաքելութեան լայն հունի մէջ իր նախասահմանուած գործառոյթը կատարելու համար:

 Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի առանցքային սկզբունքներից մէկը և Եկեղեցու՝ մարդուն ուղղուած առաքելութեան,  հիմնական նպատակը մարդու և մարդկութեան փրկութիւնն է՝ համակողմանի զարգացման (integral human development) ճանապարհով:

 Տրամաբանական է, որ անհնար է նպաստել կարիքի մէջ ապրող մարդու ամբողջական զարգացմանը, եթէ նախ յարատև ջանք չխնայենք ինքներս մեր ամբողջական, ներդաշնակ զարգացման համար՝ թէ մասնագիտական և, թէ հոգևոր ներքին նկարագրով: Նախ հարկ է մտածել և նոր ուղիներ գտնել՝ աշխատող սուբյեկտի ներդաշնակութիւնը զարգացնելու համար, որպէսզի հնարաւոր լինի հասնել նաև մեր աշխատանքի հասցէական անձանց ներդաշնակութեանը:

 Այս ճշմարտութիւնը գործնականում արտայայտելու նպատակով Հայկական Կարիտասի՝ Հայաստանի բոլոր կենտրոններում («Հայկական Կարիտասի» կենտրոնական գրասենեակում, դժուարին իրավիճակներում յայտնուած երեխաների «Փոքրիկ իշխան» կենտրոններում, տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում, «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամութիւն ունեցող անձանց ցերեկային հոգածութեան կենտրոնում, Առողջութեան առաջնային պահպանութեան կենտրոնում, «Սաբինե» փոքր խմբով տանը, Միգրացիայի և ինտեգրման ծրագրերով զբաղուող գրասենեակում) անձնակազմերի համար կազմակերպւում են աշխարհաժողովներ կամ հոգևոր խորհրդածութեան հանդիպումներ՝ կազմակերպութեան ինքնութեան, արժէքների, աշխատանքի վերաիմաստաւորման, Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնական սկզբունքների և առանձին թեմաների շուրջ, որոնք, ինչպէս ընդունուած է Կարիտասում ընդհանրապէս, պէտք է լինեն քրիստոնէական բարեգործութեան կամ սոցիալական աշխատանքի գաղափարական հենքը:

 

 Այս աշխատանքը Հայկական Կարիտասի անձնակազմի հետ հայ կաթողիկէ հոգևորականները և կազմակերպութեան տնօրինութիւնը տարել են մշտապէս՝ տարբեր ձևաչափերով:

 Զուգահեռ, կանոնաւոր աշխատանք է տարւում նաև Հայկական Կարիտասի շահառուների հետ: Կազմակերպութեան հոգևոր խորհրդատուն (այժմ՝ ես Տ. Յովսէփ Քհն. Գալստեանս) անցկացնում է հոգևոր զրոյցներ՝ շահառուներին հետաքրքրող տարբեր թեմաներով, դասընթացներ, միասնական աղօթքներ, տօնական միջոցառումներ, բեմադրութիւններ՝ անձնակազմի և կամաւորականների օգնութեամբ:

 2019թ. սեպտեմբերից հոգևոր խորհրդատւութեան աշխատանքը դարձել է առաւել ինտենսիվ՝ 1 ժամ տևողութեամբ ամսական 20-25 հանդիպումներով: Հանդիպումների մեծ մասն առայժմ Գիւմրիի կենտրոնում է՝ ժամանակի սղութեան և իմ զբաղուածութիւն պատճառով, բայց նախատեսում եմ հետագայում ինտեսնիվ դարձնել նաև այլ կենտրոններում:

 Այս աշխատանքում իրենց լուրջ ներդրումն ունեն նաև այլ մարզերում աշխատող հոգևորականները: Օրինակ՝ Տաշիրի «Փոքրիկ իշխան» կենտրոնում անձնակազմի, երեխաների և ծնողների հետ հոգևոր զրոյցների, աղօթքի միջոցով շարունակական աշխատանք է տանում տեղի հոգևոր հովիւ Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը: Իսկ Գավառի Փոքրիկ իշխան կենտրոնի շահառու երեխաների հետ հոգևոր զրոյցներ են անցկացնում տեղի հայ առաքելական հոգևորականները:

Միասնական աշխատանքի համար յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնը:

 Համագործակցութիւնը և միասնական աշխատանքը, անտխրական վերաբերմունքը, բաց լինելը մարդ անհատի առջև՝ ընդունելով նրան այնպիսին, ինչպիսին որ կա, քրիստոնէական սիրոյ գործադրութեան կարևորագոյն ճանապարհներից մեկն է և համահունչ Ընդհանրական Եկեղեցու առաքելական ոգուն՝ ամենուր սփռելու Աւետարանի լոյսը:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

«Հայկական Կարիտասի» Հոգևոր խորհրդատու

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/11/2019, 08:10