Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը 

Ահաբեկիչների ձեռքով սպաննուել է Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը

Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը ունի մէկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրութիւնն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի

Սրտի խոր կսկիծով և վշտի զգացումով գուժում ենք, որ 2019թ. նոյեմբերի 11-ի առաւօտեան ահաբեկիչների ձեռքով վայրագօրեն սպաննուել է Սիրիայի Գամիշլի բնակավայրի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիւ Արժ. Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը:

Տ. Յովսէփը սպաննուել է Հասաքիե-Դեր Զոր ճանապարհին, ըստ երևոյթին, ահաբեկիչների կողմից արձակուած կրակոցներից: Տէր Հօր մեքենայում եղել են նաև նրա հայրը և Ֆադի Սանո Սարկաւագը: Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է հիւանդանոց տեղափոխուելու ճանապարհին, իսկ սարկաւագը գտնւում է հիւանդանոցում՝ ծանր վիճակում: Յայտնի է, որ Տ. Յովսէփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին: Ցաւագին զուգադիպութեամբ, ողբերգական դէպքը պատահել է Շիդդադե կոչուող մի վայրում, որտեղ տեղի ունեցել 1915-ի հայկական ցեղասպանութեան վերջին կոտորածը:

Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը ունի մէկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրութիւնն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, Հայաստանի Արևիկ համայնքում: 2014-ից ծառայում էր Գամիշլիում, որտեղ և ապրում էր ընտանիքով: Հիմնել է Գամիշլիի Սուրբ Յովսէփի երիտասարդական միութիւնը, կազմակերպում էր նաև տեղում գործող այլ միութիւնների՝ Սրբուհի Ռիտայի, Սրբուհի Թերեզայի միութիւնների աշխատանքը:

Տ. Յովսէփը մի քանի ամիս ծառայել է նաև Հայաստանի կաթողիկէ համայնքներում, 2017-2018թթ. մասնակցել է Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցող Երիտասարդական համայնքային օրերին: Սիրում էր աշխատել երեխաների և երիտասարդների հետ և իր կենսուրախ, աշխոյժ բնաւորութեամբ սիրելի էր բոլորի համար:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Տ. Հովսեփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/11/2019, 17:24