Որոնել

Ընտանիքների հանդիպումները շարունակւում են Ընտանիքների հանդիպումները շարունակւում են 

Գիւմրի. Ընտանիքների հանդիպումները շարունակւում են. հիւրեր՝ Լեհաստանից և Սլովաքիայից։

Համագործակցութիւն՝ ընտանիքների միութիւններ ստեղծելու ուղղութեամբ

2019թ. հոկտեմբերի 5-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու սրահում տեղի ժողովրդապետ Տ. Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչյանի առաջնորդութեամբ, ինչպէս նաև Տէր և Տիկին Վարդան և Գոհար Շախուլանների ջանքերով տեղի ունեցաւ «Եկեղեցասէր քրիստոնէական ընտանիք» խորագրով հանդիպում՝ շարունակելով այս տարուայ յուլիսի 11-13-ը «Կարդինալ Աղաջանյան կենտրոնում» տեղի ունեցած եռօրեայ հանդիպման տեսլականը՝ ընտանիքների համար ստեղծել հոգևոր կրթութեան, ընտանեկան կեանքի տարբեր կողմերի վերաբերեալ գիտելիքների խորացման, փորձառութեան կիսման և միասնական աղօթքի հնարաւորութիւն:

Հոկտեմբերի 5-ի հանդիպմանը նաև հիւրընկալուել էին Լեհաստանի Վրոցլավ քաղաքից՝ «Վյոսնա» կաթողիկէ ընտանիքների միութեան հիմնադիր Վալդեկ Բիկովսկին, Սլովաքիայից՝ Հանա Սիմցիկովան և երիտասարդ ամուսիններ Ստանիսլավը և Աննան, ովքեր ևս աշխատում են կաթողիկէ ընտանիքների միութիւնների ստեղծման ուղղութեամբ: Նրանք իրենց փորձառութիւնը կիսեցին ներկայ գտնուող մասնակիցների հետ և ցանկութիւն յայտնեցին համագործակցել և օգնել, որպէսզի հայ կաթողիկէ համայնքներում ևս զարգանան ընտանիքների միութիւնները: Հիւրերը հանդիպել են նաև Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին և ստացել նրա հայրական օրհնութիւնը՝ առաքելութիւն կատարելու հայ ընտանիքների հետ միասին: Նրանք մտադիր են տեղի հոգևորականների առաջնորդութեամբ և հայ, լեհ և սլովակ ընտանիքների հետ միասին յաջորդ տարի Հայաստանում կազմակերպել միասնական հանդիպումներ և հոգևոր կրթութիւն:

Տ. Գրիգորը խօսեց յուլիսի 11-13-ը «Կարդինալ Աղաջանյան կենտրոնում» տեղի ունեցած հոգևոր կրթութեան մասին և յայտնեց իր պատրաստակամութիւնը՝ աջակցելու և կազմակերպելու միասնական հանդիպումներ: Նա խնդրեց նաև ներկայ գտնուող ընտանիքներին շարունակել ակտիվ մասնակցութիւնը համայնքային եկեղեցական կեանքին: Հանդիպմանը ներկայ էին ընտանիքներ՝ Գիւմրիից, Փանիկից, Մեծ Սեպասարից և Երևանից:

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն

Հաւաք
Հաւաք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/10/2019, 10:23