Սուրբ Հաղորդութիւն Սուրբ Հաղորդութիւն 

Սիզավետում և Ղազանչիում՝ Սբ. Սեղանի օծման և առաջին Սբ. Հաղորդութեան արարողութիւն։

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի ձեռամբ:2019թ. սեպտեմբերի 28-ին Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ և Ղազանչի հայ կաթողիկէ գիւղերում տեղի ունեցան առաջին Սուրբ Հաղորդութեան արարողութիւններ։

2019թ. սեպտեմբերի 28-ին Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ և Ղազանչի հայ կաթողիկէ գիւղերում տեղի ունեցան Սուրբ Սեղանի օծման և առաջին Սուրբ Հաղորդութեան արարողութիւններ, որոնք կատարուեցին հայրապետական Սուրբ Պատարագների ընթացքում՝ մատուցուած Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի ձեռամբ:

Առաւօտեան ժամը 11:00-ին, Սրբազան Հայրը ժամանեց Սիզավետ փոքրիկ գիւղը, որտեղ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում նրան դիմաւորեցին առաջին Սուրբ Հաղորդութեան պատրաստուող հինգ մանուկները՝ հրեշտակների մասին մի գեղեցիկ երգով և աղ ու հացով: Ապա Սրբազան Հայրը մէկ առ մէկ ձեռքով ողջունելով բակում հաւաքուած հաւատացեալներին, մտաւ եկեղեցի՝ ծանօթանալու Խորանի նորակառոյց քարէ Սուրբ Սեղանին: Այն կառուցուել է ամիսներ առաջ՝ Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում, ինչպէս նաև Աշոցքի գիւղապետարանի և Սիզավետի հաւատացեալների միասնական նուիրատուութիւններով և ծնունդով Սիզավետից՝ վարպետ Արամ Թովմասփանի կամաւորապէս կատարած անգնահատելի, աստուածահաճոյ աշխատանքի շնորհիւ: Սուրբ Խորանի կառուցմանը զուգահեռ նաև նորոգուել է եկեղեցու հին պարիսպը, տեղադրուել է նոր դարպաս և նստարաններ՝ բակում: Սուրբ Սեղանը պատրաստուած է ֆերզիտ քարից, ունի տապանակ և ստորին հատուածում զարդարուած է Սուրբ Խաչի և երկու հրեշտակների քանդակներով:

Սուրբ Սեղանը
Սուրբ Սեղանը

Սուրբ Սեղանը օծուեց Սրբալոյս Միւռոնով, այնուհետև Սուրբ Պատարագը մատուցուեց՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, առընթերակայությամբ Ուկրանիայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և Սիզավետի, Ղազանչիի, Մեծ Սեպասարի և Բավրայի ժողովրդապետ Տ. Յովսէփ Քհն. Գալստեանի, սպասաւորութեամբ ճեմարանական եղբայրների: Սուրբ Պատարագի ընթացքում առաջին Սուրբ Հաղորդութեան պատրաստուած սպիտակազգեստ մանուկները արտասանեցին յուզիչ և խորհրդաւոր աղօթքներ, մատուցեցին խորհրդանշական ընծաները և առաջին անգամ ճաշակեցին Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արիւնը՝ երախտագիտութեան խօսքերով:

Սրբազան Հայրն իր քարոզում իր մեծ ուրախութիւնը յայտնեց Սուրբ Սեղանի օծման և հինգ մանուկների առաջին հաղորդութեան առթիւ՝ մանուկներին հրաւիրելով մտածել այն մասին, որ առաջին Սուրբ Հաղորդութիւնը Տէր Յիսուսի հետ առաջին միութիւնն է, երկար սպասուած և երանելի մի հանդիպում, ինչպիսին ծնողից երկար ժամանակով բաժանուած երեխայի և ծնողի հանդիպումն է՝ մեծ և բնական մի երջանկութիւն, որը ոչ մի բանով չես կարող փոխարինել: Իւրաքանչիւր էրեխա Տէր Յիսուս Քրիստոսին պէտք է ընդունի որպէս իր հոգևոր ծնողը, իր հոգևոր կեանքի աղբիւրը և աճման, սրբութեան միակ գրաւականը և հիմքը:

Սուրբ Պատարագից յետոյ Տ. Յովսէփ քհն. Գալստյանը երախտագիտութիւն յայտնեց Սրբազան Հօրը՝ հայրական ներկայութեամբ փոքրիկ համայնքի հաւատացեալների մեծ հաւատքը ամրապնդելու, նրանց զօրակցելու համար: Քահանան շնորհակալութիւն յայտնեց նաև Հայկական Կարիտասին, գիւղապետարանին, վարպետին և բոլոր գիւղացիներին, ովքեր օգնել են Սուրբ Սեղանի կառուցմանը: Իրենց սրտի խօսքերն ասացին նաև հաւատացեալները՝ Տկն. Կարինէ Հակոբյանը, ով նաև շատ յուզիչ առոգանութեամբ արտասանեց Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծութիւնը, երիտասարդների անունից խօսք ասաց Մելիք Միքայելյանը, ով նաև պատմեց երիտասարդների մասնակցութեան մասին՝ հայ կաթողիկէ երիտասարդական միջոցառումներին և հոգևոր ձեռնարկներին: Վերջում Սրբազան Հայրը հիւրընկալուեց գիւղի վարչական ղեկավար Հենրիկ Պողոսյանի տանը, որտեղ մտերմիկ զրոյց ունեցաւ սեղանի շուրջ:

Ռաֆայէլ Սրբազանը Սիզավետից մեկնեց հարևան Ղազանչի գիւղը, որտեղ ևս մատուցեց Սուրբ Պատարագ՝ մատրան մէջ, որ գտնւում է երիտասարդական կրթական կենտրոնում: Այստեղ Սուրբ Պատարագի ընթացքում առաջին Սուրբ Հաղորդութիւնը Սրբազան Հօր ձեռքերից ընդունեցին տասը երեխաներ, ովքեր ևս, ինչպէս Սիզավետի երեխաները, նախապէս պատրաստուել էին Տէր Յովսէփի առաջնորդութեամբ՝ քրիստոնէական վարդապետութեան դասընթացի ընթացքում: Սրբազան Հայրը երեխաներին դիմելով՝ ասաց, թէ այս մատրան մէջ պատարագելը իրեն յիշեցրեց 1970-ականներին իր ծառայութիւնը փոքրիկ հայ կաթողիկէ համայնքներում, որտեղ կար պարզութիւն, շքեղութեան բացակայութիւն, բաց այնքա՜ն բաց և հաւատքի մէջ ջերմ սրտեր, այնքան ամուր հաւատք, որ մեծ և անփոխարինելի հոգևոր արժէք է: Սրբազանը ներկայ ընտանիքներին հրաւիրեց միշտ ամուր լինել հաւատքի մէջ, երեխաներին՝ լինել հաւատքի և սիրոյ առաջամարտիկները, անպտուղ չթողնել Յիսուսի հետ այս առաջին և հետագայ բոլոր շնորհառատ միութիւնները, ընդունել Յիսուսին՝ որպէս սեփական կյանգի, ապագայի միակ Տէրը և անդաւաճան ընկերը:

Սուրբ Պատարագից յետոյ Տ. Յովսէփը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հորը՝ Ղազանչի համայնքին ևս իր ներկայութեամբ զօրավիգ կանգնելու համար, շնորհակալութիւն յայտնեց նաև երեխաներին և նրանց ծնողներին՝ հաւատքի վկայութեան և հոգևոր գիտակցութեան համար և հրաւիրեց աղօթել, որ մի օր գիւղը նաև եկեղեցի ունենայ: Ղազանչի գիւղում նոր հայ կաթողիկէ եկեղեցու հիմքերի կառուցման աշխատանքները կատարուեցին դեռևս 2014թ, բայց չշարունակուեցին՝ ֆինանսական դժուարութիւնների պատճառով: Առաջիկայում աշխատանքները կշարունակուեն՝ Աստծոյ օգնութեամբ:

Սուրբ Պատարագից յետոյ Սրբազան Հայրը ծանօթացաւ նաև գիւղի կրթական կենտրոնի շէնքի նորոգման աշխատանքների արդիւնքներին. Հայկական Կարիտասի ծրագրերով, Սրբազան Հօր աջակցութեամբ և քահանայի նախաձեռնութեամբ վերջին ամիսներին մասնակի նորոգուել են շէնքի երկրորդ հարկը, որտեղ գործում է մանկապարտէզը, ամբողջութեամբ փոխուել է շէնքի տանիքը, նորոգուել են կոյուղին և պարիսպները, կառուցուել է նախամուտքի ծածկը: Հայկական Կարիտասի «Ծխական խորհուրդներ» ծրագրով և բելգիահայ կանանց աջակցութեամբ նորոգուել են շէնքի առաջին հարկում գտնուող երկու ընդարձակ սենեակները, որոնցում սկսել են կազմակերպուել պարի և մարմնամարզութեան դասընթացներ՝ մանուկների և երիտասարդների համար:

Տ. Յովսէփ քհն. Գալստեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/09/2019, 08:51