Որոնել

Բավրայի երիտասարդները Խաչվերացի թափոր կատարեցին՝ ծաղկած խաչափայտով Բավրայի երիտասարդները Խաչվերացի թափոր կատարեցին՝ ծաղկած խաչափայտով 

Բավրայի երիտասարդները Խաչվերացի թափոր կատարեցին՝ ծաղկած խաչափայտով

Սուրբ Խաչի նայելիս՝ պէտք է յիշենք, որ Աստուած սիրում է մեզ ի սպառ

Խաչվերացի տօնին Բավրա գիւղում հայ կաթողիկէ երիտասարդական և պատանեկան միութիւնները Տ. Յովսէփ քահանայ Գալստեանի առաջնորդութեամբ կիրակնօրեայ Սբ. Պատարագից առաջ գիւղում կազմակերպել էին Խաչվերացի թափոր: Երիտասարդները նախապէս մեծ պատրաստել էին մեծ խաչափայտ՝ ի նմանութիւն Տէր Յիսուս Քրիստոսի Խաչափայտի, և զարդարել էին դաշտային երփներանգ ծաղիկներով: Թափորը սկսուեց առաւօտեան ժամը 10:00-ին, Սուրբ Նշան հայ կաթողիկէ եկեղեցում դիմացից: Առջևից գնում էր բուրվառակիր սպասաւորը՝ խնկարկելով ծաղկած խաչափայտին, որ իրենց ուսերին կրում էին երիտասարդները, ապա գնում էր քահանան, երկու կողմերից քշոցակիրները, ապա՝ թափորի միւս մասնակիցները: Քահանան թափորն առաջնորդում էր դէպի գիւղի չորս կէտեր՝ հարաւային, արևելեան, հիւսիսային և արևմտեան, և ամեն կէտում, ըստ Խաչվերացի կանոնի, որ մեզ աւանդուած է Ժամագրքում, երգում էր մէկական աւետարանական հատուած, ապա ասում օրհնութեան աղօթքներ: Իսկ ճանապարհին աղօթում էին Սուրբ Վարդարանը՝ խնդրելով Աստուածամօր բարեխօսութիւնը իրենց գիւղի բնակիչների համար, որպէսզի Սուրբ Խաչի զօրութեամբ ամրանայ նրանց հաւատքը և աճի սերը՝ Աստծոյ հանդէպ: Քահանան և երիտասարդները ճանապարհին իրենց հանդիպած գիւղացիներին հրաւիրում էին թափորին և Սբ. Պատարագին մասնակցութիւն ունենալու:

Այնուհետև եկեղեցում մատուցուեց Սուրբ Պատարագը: Քահանան իր քարոզում բացատրեց տօնի խորհուրդը և ներկաներին հրաւիրեց մտածել մի պարզ, բայց և խտացեալ ճշմարտութեան մասին.

«Խաչը մարդու հանդէպ Աստծու սիրոյ նշանն է, և ամեն անգամ խաչին նայելիս՝ պէտք է յիշենք յանուն մեզ Տէր Յիսուս Քրիստոսի կատարած զոհաբերութիւնը: Ամէն անգամ խաչելութեան նշանին մեր հայեացքը սևեռելիս, պէտք է յիշենք, որ Աստուած մեզ սիրում է, որ մենք մենակ չենք մեր դժուարութիւնների մէջ, պէտք է յիշենք, որ Աստուած այնքա՜ն է սիրում մեզ, որ մինչև իսկ «Իր Միածին Որդուն տուեց, որպէսզի ով նրան հաւատում է, չկորչի, այլ յաւիտենական կեանք ունենայ», ինչպէս լսեցինք այսօրեայ աւետարանում: Խաչի ներկայութիւնը մեր կեանքում մեզ պէտք է յիշեցնի Յիսուսի ներկայութեան մասին, որ, գուցէ, երբեմն թւում է աննկատ, լուռ դիտորդի նման, կամ քնած, ինչպէս աւետարանական այն պատմութեան մէջ՝ փոթորկի մասին, երբ Յիսուս հանգիստ քնած էր նաւակի մէջ: Խաչի պատկերները մեզ միշտ ուղեկցում են, և մենք միշտ չէ, որ նրանց նայելիս մտածում ենք Յիսուսի կենդանի, անհերքելի ներկայութեան մասին, Նրա զօրութեան մասին, միշտ չէ, որ խաչին նայելիս՝ ներքին վստահութիւն ենք զգում, քաջութիւն ենք զգում՝ սատանայի փորձութիւնների, կեանքի մարտահրաւէրների դէմ յանդիման, ճիշտ ինչպէս աշակերտները, որ սարսափել էին փոթորկից, վախի մէջ էին և մոռացել էին, որ Աստծոյ Որդին իրենց նաւակի մէջ է, որ Աստուած իրենց հետ է այդ բաց ծովում: Բայց նման պարագաներում, երբ վախեցած ենք, յուսահատ, չենք կարողանում գտնել մեր հարցերի պատասխանները, մենք միշտ կարող ենք նայել Խաչի պատկերին և աշակերտների նման օգնութիւն աղերսել Յիսուսից՝ գոչելով. «Վարդապե՜տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: Եւ Յիսուս հանդարտեցնելու է մեր հոգու ալեկոծութիւնը, սաստելու է սատանայական ներգործութիւնները՝ Իր ի սպառ սիրով, Իր Սուրբ Խաչի և Սուրբ Պատարագի ամոքիչ զօրութեամբ, և մենք էլ աշակերտների պէս ապշած ասելու ենք. «Ինչպիսի՞ մեկն է սա…»: Ուրեմն Խաչը մեզ տանում է դէպի ճշմարիտ աստուածճանաչողութիւն, սովորեցնում է հասկանալ Աստծոյ սերը մարդու հանդէպ և միաժամանակ սովորեցնում է փոխադարձաբար սիրել Աստծուն՝ Յիսուսի նման և Նրա օրինակով: Խաչը մեզ ցոյց է տալիս, որ սիրուած ենք և թէ ինչպէս պէտք է սիրել…»:

Ահա այս ճշմարտութեան վրայ քահանան սևեռեց ներկաների ուշադրութիւնը՝ յաւելելով, որ յուրաքանչյուր  աստուածային խորհուրդ մեզ համար  հոգևոր առումով աւելի հարստանալու ևս մէկ առիթ է:

 

Նիկոլ Մարգարյան

Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան մամլոյ քարտուղար

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/09/2019, 08:53