«Երիտասարդաց համայնքային օրեր-III» «Երիտասարդաց համայնքային օրեր-III» 

Հայաստանի մէջ աւարտեց «Երիտասարդաց համայնքային օրեր-III»ը։

Յուլիսի 26-ին աւարտուեց «Երիտասարդաց համայնքային օրեր-III»-ը, որ մեկնարկել էր Յուլիսի 19-ին՝ հանդիսաւոր բացման արարողութեամբ:

Յուլիսի 26-ին աւարտուեց «Երիտասարդաց համայնքային օրեր-III»-ը, որ մեկնարկել էր Յուլիսի 19-ին՝ հանդիսաւոր բացման արարողութեամբ:

Երիտասարդաց համայնքային օրերի երկրորդ օրուայ առաջին բանախօսութիւնը վարեց հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ 2019թ. երիտասարդաց համաշխարհային օրերի առիթով գրուած ուղերձի վերաբերեալ, որի վերնագիրն է «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Հ. Գառնիկը բացատրեց ուղերձի հիմնական բովանդակութիւնը եւ շեշտեց. «Ինչպէս Աստուածամայրն ասաց իր քաջարի եւ վեհանձն «այո»-ն, մենք էլ մեր «այո»-ն պէտք է ասենք մեր կեանքի մէջ՝ նախեւառաջ ծառայելով Աստծուն, ինչպէս Աստուածամայրն իր կեանքի ընթացքում ծառայեց Տիրոջը»:

Ունկնդրէ լուրը

Երկրորդ բանախօսութիւնը վարեց Վրաստանի Կարիտասի տնօրէն Անահիտ Մխոյեանը, ով ծնունդով Շիրակի մարզի Արեւիկ գիւղից է եւ նախկինում եղել է Հայկական Կարիտասի գործադիր տնօրէնը: Նա խօսեց պատկանելութեան մասին եւ հրաւիրեց խորհրդածել հիմնականում պատկանելութեան երկու բաղադրիչների մասին՝ այն ինչ մարդ ժառանգում է եւ այն, ինչ ստանձնում է ունենալ՝ որպէս հասարակական կերպարի մաս: Ծաւալուեց քննարկում, երիտասարդներն արտայայտեցին իրենց կարծիքները:

Օրուայ երկրորդ կէսին Ռուսաստանի հայ կաթողիկէների Առաջնորդական Փոխանորդ Գերյ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանը բանախօսեց ապաշխարութեան խորհրդի թէմայով՝ բոլոր երիտասարդներին հրաւիրելով այդ օրերին խոստովանութիւն կատարել: Նա խօսեց «խորհուրդ» հասկացութեան, եկեղեցական եօթը խորհուրդների եւ ապաշխարութեան էութեան մասին:

Բանախօսութիւնից յետոյ երիտասարդներին «ՍՕՍ Արեւելքի քրիստոնեաների միաւորում» կազմակերպութեան մասին երիտասարդներին պատմեց կազմակերպութեան ղեկավար Ալեքսանդր Գուդարզին: ՍՕՍ միաւորումը այս տարի հանդիսանում է ԵՀՕ-III-ի հովանաւորներից մէկը: Հ. Գառնիկը նաեւ ներկայացրեց կազմակերպութեան երկու կամաւորականներին, ովքեր աշխատում են Աղաջանեան ամարային ճամբարում:

Բանախօսութիւններից յետոյ, ինչպէս այդ, այնպէս էլ յաջորդ օրերին, Գիւմրիի երիտասարդաց միութեան համակարգող Անի Ցոլակեանը ակտիւ խաղեր էր կազմակերպում երիտասարդների համար:

Մշակութային առաջին երեկոն կազմակերպեցին ճեմարանականները, ովքեր սովորում են Հռոմի Լեւոնեան վարժարանում, Կազախստանում, Լեհաստանում և Երեւանի Սրբոց հրեշտակապետաց միացեալ հոգեւոր ճեմարանում: Նրանք ներկայացրեցին գեղեցիկ վկայութիւններ:

Երիտասարդաց համայնքային երրորդ օրը մասնակիցները ներկայ գտնուեցին Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում մատուցուած Սուրբ Պատարագին՝ ձեռամբ Արհի. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի եւ առընթերակայութեամբ հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, այս օրերին երիտասարդների հետ գտնուող Իրաքի հայ կաթողիկէների առաջնորդ, Երուսաղէմի էքզարխ Գերյ. Հ. Ներսէս Թ. Ծ. Վրդ. Զապպարեանի, Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Մկրտչեանի եւ ներկայութեամբ հայ կաթողիկէ հոգեւորականների, ինչպէս նաեւ վաստակեալ առաջնորդ Արհի. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհէյեանի: Սուրբ Պատարագի ընթացքում սարկաւագական ձեռնադրութիւն ստացաւ Արմէն Դոմբուրյանը: Արմէնը ծնուել է 1981թ. Յունուարի 8-ին, Բեյրութում: Սովորել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ճեմարանում: Փիլիսոփայական եւ աստուածաբանական կրթութիւնը ստացել է Բեյրութի Անտունիէ համալսարանում՝ 2011-2015թթ.: Քահանայական փոքր կարգերը եւ կիսասարկաւագութիւնը ստացել է 2013թ. Սուրբ Եղիա, Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, ձեռամբ երջանկայիշատակ հոգեւոր Տէր Ներսէս Պետրոս 19-րդ Կաթողիկոս Պատրիարքի: Ամուսնացած է եւ ունի երկու զաւակ:

«Երիտասարդաց համայնքային օրեր-3» միջոցառման չորրորդ օրուայ առաջին բանախօսութիւնը հայ կաթողիկէ պատկանելութեան թեմայով էր, որ ներկայացրեց Գերյ. Հ. Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը: «Հայ Եկեղեցին խորապէս հայկական է եւ կաթողիկէ է». շեշտեց Հ. Մեսրոպը եւ բացատրեց այս երկու բաղադրիչների իմաստները եւ անբաժանելիութիւնը հայ կաթողիկէ ինքնութիւնից, երիտասարդներին կոչ արեց աւելի լաւ ուսումնասիրել Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմութիւնը, ճանաչել հայ կաթողիկէ ականաւոր անհատականութիւններին, կենդանի պահել հաւատքի եւ պատկանելութեան պատմական յիշողութիւնը, պատրաստ լինել վկայելու:

Կաթողիկէ լինել՝ նշանակում է բաց լինել հասարակութեան բոլոր անդամների առջեւ՝ յարգելով բոլորի մարդկային արժանապատւութիւնն ու կարողութիւնները: Այս քրիստոնէական սկզբունքի վրայ է հիմնուած նաեւ ներառականութեան գաղափարը, որի մասին խօսեց Հայկական Կարիտասի աշխատակից Սուրեն Ավդալեանը իր ընկերոջ՝ Արթուրի հետ միասին: Նրանք, ի մասնաւորի, ներկայացրեցին հաշմանդամութիւն ունեցող անձանց՝ ներառական կրթութեան իրաւունքը՝ որպէս անհատի զարգացման կարեւոր նախապայման:

 Ճաշից յետոյ Հ. Մեսրոպ Թոփալեանը խօսեց «Հայի մարեմականութիւնը» թէմայով՝ ներկայացնելով Աստուածամօր հանդէպ հայ ժողովրդի ջերմեռանդութեան նկարագիրը՝ պատմելով նաեւ Սուրբ Կոյսի բարեխօսութեամբ իր՝ քաղցկեղից հրաշալի բուժման պատմութիւնը:

 Աստուածամօր դերի մասին խօսեց նաեւ Տ. Նարեկ Քհնյ. Թադեւոսեանն իր բանախօսութեան մէջ՝ կարեւորելով ջերմեռանդութեան գործնական դրսեւորումների կարեւորութիւնը համայնքներում:

 Բանախօսութիւններից յետոյ երիտասարդները քահանաների հետ միասին քննարկեցին արծարծուած թէմաները եւ արձանագրեցին իրենց եզրայանգումները, որոնք եւ ներկայացրեցին ընդհանուր լսումների ընթացքում:

Երեկոյեան բոլորը միասին հաւաքուեցին Աղաջանեան կենտրոնի հրապարակում եւ Աստուածամօր պատկերի առջեւ աղօթեցին Սուրբ Վարդարան եւ Լիթանիա՝ խաղաղութեան, հիւանդների ապաքինութեան, երիտասարդների եւ այլ դիտաւորութիւններով, երգելով նաեւ Աստուածամօրը նուիրուած երգեր:

Մշակութային երեկոն այս անգամ վարեցին Ռուսաստանի համայնքների, Լանջիկի, Տաշիրի, Սիզաւէտի եւ Բաւրայի երիտասարդները՝ ցոյց տալով իրենց տաղանդներն ու ստեղծարարութիւնը:

5-րդ օրը մասնակից բոլոր երկու հարիւր յիսուն երիտասարդները կազմակերպչական խմբի հետ միասին այցելեցին Խոր Վիրապ, Գայիանէ եւ Սուրբ Էջմիածին վանքերը, Օշականի եկեղեցին եւ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը:

6-րդ օրուայ առաջին բանախօսութիւնը վարեց Արժ. Տ. Յովսէփ քհնյ. Գալստեանը՝ «Ի՞նչ է նշանակում պատկանել Կաթողիկէ Եկեղեցուն» թէմայով, որի ընթացքում բացատրեց կաթողիկէութեան իմաստը եւ բերկրանքը հայի համար՝ սկսելով «Եկեղեցի» հասկացութեան էութիւնից եւ մանրամասն անդրադառնալով Եկեղեցու մէկ եւ կաթողիկէ տէրունաւանդ յատկանիշներին:

 Յընթացս յաջորդ բանախօսութեան, Թուրքիայի Սուրբ Յովհաննէս Ոսկեբերան հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերյ. Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճեանը նախ մեկնաբանեց մի կէտ՝ Ֆրանցիսկոս Քահանայապետի «Քրիստոս ապրում է» (2018թ.) նամակից, ապա խօսեց քրիստոնէական խորհրդանշանների մասին, որոնցից առաջնայինը մարդկային կեանքն է՝ որպէս աստուածային կեանքի ներկայութեան խորհրդանիշ:

Արփենի եւ Հովտուն համայնքների ժողովրդապետ Գերյ. Հ. Եղիա Վրդ. Դերձակեանը խօսեց քրիստոնէական ինքնութեան եւ պատկանելութեան վկայութեան թէմայով՝ նախ ներկայացնելով քրիստոնէութեան պատմութեան վկաների կերպարները՝ սկսելով դեռեւս Հին Ուխտի շրջանից եւ բացատրելով, թէ ինչ է նշանակում «վկայել»:

Սրբոց Հրեշտակապետաց միացեալ հոգեւոր ճեմարանի տեսուչ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանը խօսեց սեփական կոչումը հասկանալու եւ ապրելու կարեւորութեան թէմայով: Որպէս հոգեւոր կոչման գեղեցիկ մի օրինակ, Հայր Մաշտոցը ներկայացրեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու 15-րդ Կաթողիկոս Պատրիարք Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանեանի մասին պատմող մի ֆիլմ եւ խնդրեց երիտասարդներին աղօթել, որ շուտով սկսուի Աղաջանեանի սրբադասման գործընթացը, որի համար հայ կաթողիկէ պատրիարքութիւնը արդէն իսկ պատրաստել է հարկ եղած փաստաթղթերը եւ դիմել Սրբազան Քահանայապետին:

Մշակութային երեկոյի ընթացքում համերգային եւ ստեղծագործական այլ ելոյթներով հանդէս եկան Գիւմրիի, Ջաւախքի Բաւրայի, Արեւիկի, Թուրքիայի, Իրաքի, Հովտունի, Փանիկի երիտասարդները:

 7-րդ օրը երիտասարդների համար անցկացուեց դասընթաց՝ «Կեանքի հմտութիւններ» թէմայով, որը վարեցին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերութեան եւ «Մենեջմենթ Միքս» ընկերութեան դասընթացավարներն ու մենթորները՝ «Երիտասարդների զարգացում» համատեղ ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով 2018 թուականին Երեւանում եւ մարզերում արդիւնաւէտ եւ փորձուած մեթոդներով արդէն իսկ կեանքի հմտութիւնների զարգացման աջակցութիւն է ստացել 2100 երիտասարդ: Դասընթացի առաջին հատուածում դասընթացավար, «ՋիԲի թեքնոլոջիս» ընկերութեան հիմնադիր տնօրէն Ստեփան Ավագեանը երիտասարդներին փոխանցեց ինքնաճանաչման եւ ինքնազարգացման հիմնական սկզբունքները: «Մասնագիտական կապերի ստեղծում եւ ամրապնդում» թէմայի շրջանակներում երիտասարդները սովորեցին գործատուին ճիշտ ձեւով ներկայանալու սկզբունքները, նաեւ դերային իրավիճակների միջոցով ներկայացան աշխատանքի ընդունման հարցազրոյցի:

 Դասընթացավար, «Մենեջմենթ Միքս» ընկերութեան հիմնադիր Ռաֆֆի Սեմերջեանը խօսեց երիտասարդների զօրացման ծրագրի էութեան մասին: Ի շարս այլ գործնական հմտութիւնների, Ռաֆֆին երիտասարդներին բացատրեց նաեւ աշխատանքի ընդունուելու համար սեփական նպատակները սահմանող ազդեցիկ նամակ եւ ինքնակենսագրական գրելու սկզբունքները:

Մէկօրեայ այս դասընթացը շատ կարեւոր եղաւ երիտասարդների համար՝ սեփական կարողութիւնները հասկանալու, զարգացնելու եւ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար:

Երիտասարդների սոցիալական եւ աշխատանքային հմտութիւնները զարգացնելը կարեւոր է Եկեղեցու համար, քանի որ բխում է մարդ անհատի արժանապատւութեան յարգման եւ մարդու ամբողջական զարգացման վերաբերեալ կաթողիկէ սոցիալական ուսմունքի դրոյթներից: Այս եւ միւս քրիստոնէական գաղափարները երիտասարդներին փոխանցելու համար լուրջ եւ շարունակական աշխատանք է հարկաւոր, ասաց Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ եօթնօրեայ երիտասարդական օրերի արդիւնքներն ամփոփելիս.

«Կը մաղթեմ մի էական կէտ՝ կապի մէջ մնաք իրար հետ ոչ շատախօսութեամբ, այլ որպէսզի կարողանաք իրար փոխանցել ձեր փորձառութիւնները, որպէսզի կարողանաք շփումը շարունակել: Միւս տարի պիտի շարունակենք այլ թեմայով»:

Իր խօսքի վերջում Սրբազանը եւս մէկ անգամ շեշտեց, որ այս տարուայ առանցքային թէման քրիստոնէական ինքնութիւնը եւ պատկանելութիւնը վկայելն էր.

«Ի սրտէ ձեզ բոլորիդ շնորհակալութիւն եմ յայտնում…Ինչպէս որ մենք ուզում ենք որ դուք վկայէք ձեր քրիստոնէական կեանքը, մենք էլ պարտաւոր ենք սնունդ տալ եւ ջրել այդ ձեր հոգեւոր զգացումները եւ արտայայտութիւնները, զօրացնել արմատները, որ դուք բարի պտուղը տաք»:

Սրբազան Հայրը յուշանուէրներ յանձնեց բոլոր հոգեւորականներին եւ պատուոգրեր՝ կազմակերպչական խմբի անդամներին ու կամաւորականներին: Հայր Գառնիկն էլ իր կողմից յուշանուէր տուեց Ռաֆայէլ Սրբազանին:

Միասնական «Հայր մեր» աղօթքից յետոյ մասնակիցները հնարաւորութիւն ունեցան իրենց սրտի խօսքն ասելու՝ որպէս այս եօթը գեղեցիկ օրերի ամփոփում:

 Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Մկրտչեանն իր խօսքում շեշտեց, որ հարկաւոր է համայնքներում ստեղծել եւ կանոնաւոր գործարկել երիտասարդական միութիւնները, որպէսզի երիտասարդները համայնքներից ներկայանան որպէս արդեն իսկ միաւորուած կառոյցների անդամներ եւ ոչ թէ միաւորուեն այս ընդհանրական հաւաքի ժամանակ եւ ունենան նախապէս ներկայացնելիք համարներ՝ մշակութային երեկոներին:

 Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանն իր ամփոփիչ խօսքում ասաց հետեւեալը.

«Սիրելի՛ երիտասարդներ, մի՛ կորցրէք երազելու եւ խաղաղութիւն սերմանելու ունակութիւնը, քանզի մեր ծեր ու յոգնած աշխարհին երազելու համար պակասում է յոյսը: Եւ, ինչպէս Նորին Սրբութիւնն է յորդորում, հետեւէ՛ք Տիրոջ խօսքին. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն» (Մատթ. 5:9)»:

Երեկոյի շարունակութիւնը համերգային էր. երիտասարդներին ուրախացնելու էին եկել գիւմրեցի երիտասարդ երգիչներ Էդգար Ղանդիլեանը, Կիմ Գրիգորեանը եւ Կարեն Աթոյեանը, ովքեր կատարեցին երգեր՝ տարբեր ժանրային ոճերում: Խանդավառութիւնը, հիացմունքը, ցնծութիւնն անսահման էր: Ամէն ինչ աւարտուեց խարոյկով, որը ջերմացնում էր արդէն իսկ միմեանց հանդէպ կարոտով համակուած երիտասարդ սրտերը՝ լի յոյսով եւ հաւատով:

Տ. Յովսէփ Քհնյ. Գալստեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/07/2019, 08:32