Որոնել

Հոգևոր կրթութիւն՝ հոգևորականների համար Հոգևոր կրթութիւն՝ հոգևորականների համար 

«Ի՞նչ է քահանայութիւնը». հոգևոր կրթութիւն՝ հոգևորականների համար

Քահանան կոչուած է իր կեանքով շահել մարդկանց սերը ոչ թէ դէպի իր անձը, այլ՝ դէպի Քրիստոս:

2019թ. ապրիլի 11-12-ը Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան կենտրոնում կազմակերպուեց հոգևոր կրթութիւն՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հոգևորականների համար, առաջնորդութեամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի և առ ի պատրաստութիւն Սուրբ Յարութեան խորհրդին: Հոգևոր կրթութեան թեման էր «Ի՞նչ է քահանայութիւնը և ինչպէ՞ս ապրել այն»՝ բանախօսութեամբ Արհ. Տ. Յովհաննէս Եպս. Թեյրուզեանի:

Հոգևոր կրթութեան ընթացքում հոգևորականները միասնաբար մատուցեցին Սուրբ Պատարագ, լսեցին չորս բանախօսութիւններ, ունեցան թեմայի շուրջ խորհրդածութեան ժամեր և միասնաբար աղօթեցին ժամերգութիւններ:

Առաջին բանախօսութեան թեման էր քահանայի ընկալումը՝ սեփական կոչման և առաքելութեան: Արհիապատիւ Թեյրուզեան Եպիսկոպոսը եղբայրակից հոգևորականների հետ կիսեց իր երկարամեայ քահանայական կյանգի փորձառութիւնը և շեշտեց, յատկապէս, անհրաժեշտութիւնը, որ իւրաքանչիւր քահանայ մշտապէս ինքն իրեն յիշեցնի և առաւել խորապէս գիտակցի, որ իր առաքելութեան միակ աղբիւրը և առաջ մղող ուժը Տէր Յիսուս Քրիստոսն է, որ միայն Քրիստոսի հետ ամենօրեայ սերտ հաղորդութեան, Նրա հետ անքակտելի միութեան, ներքին երկխօսութեան, մտերմութեան պարագայում է իմաստաւորւում քահանայութիւնը, աւետարանացումը և քահանայական կոչման ճիշտ ընկալումը, քանի որ իւրաքանչիւր քահանայ իր ձեռնադրութեան վայրկեանից մասնակից է դառնում Քրիստոսի յաւիտենական քահանայութեանը և կիսում է Նրա փրկչագործական առաքելութիւնը, յանձն է առնում իր Տիրոջ նման հոգ տանել մարդկանց հոգիների փրկութեան մասին: Բանախօսը կոչ արեց քահանաներին հաւատարիմ մնալ Քրիստոսի Անձին, սովորել Նրանից, նմանուել Նրան, որպէսզի հանրավար լինի այս աշխարհում ճշմարտապէս արտացոլել Յիսուսի Անձի յատկանիշները, լինել «Քրիստոսի բուրմունքը», ինչպէս գրում է Սուրբ Պօղոսը, միշտ յիշել, որ քահանան կոչուած է իր քարոզութեամբ կամ սրբագործող խորհրդակատարութիւնների միջոցով մարդկանց մօտեցնել Քրիստոսին, ոչ թէ իր սեփական անձին, փառաւորել Յիսուսի՛ն, սիրել ու յարգել տալ Աստծու՛ն, ոչ թէ իր սեփական անձը, լինել խոնարհ և միշտ Քրիստոսով սնուելու կարոտ:

Երկրորդ բանախօսութեան թեման էր հնազանդութիւնը: Թեյրուզեան եպիսկոպոսը խոնարհաբար և եղբայրաբար բացատրեց հնազանդութեան սկզբունքի անգնահատելի արժէքը՝ Եկեղեցու բարօրութեան, Քրիստոսի առաքելութեան շարունակականութիւնը ապահովելու համար: Իւրաքանչիւր քահանայ՝ ինքն իրեն ընկալելով որպէս իր հոգևոր խնամարկութեանը յանձնուած ժողովրդի ծառայ և ոչ թէ տէր, պէտք է խոնարհաբար նմանուի Քրիստոսին, որ եկաւ ոչ թէ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու: Իւրաքանչիւր քահանայ պէտք է իր եպիսկոպոսի մէջ տեսնի Քրիստոսի ներկայացուցչին, Եկեղեցու առաջնորդութեան մարմնաւորողին, ում որոշումներին պէտք է հետևի սիրով, բայց ոչ կոյր և անգիտակից ստրկութեամբ, այլ՝ իր հնազանդութիւնը ընկալելով որպէս մասնակցություն իր մեծաւորի իշխանութեանը կամ առաջնորդութեանը, որը իրականում Քրիստոսի՛ առաջնորդութիւնն է՝ Իր Խորհրդաւոր Մարմնի անդամների նկատմամբ: Գիտակից հնազանդութիւնը ենթադրում է նաև արտայայտել սեփական նկատառումները, կարծիքները՝ մեծաւորի որոշումների վերաբերեալ՝ ոչ թէ խանգարելու, այլ նրան աջակցելու բարի նպատակով: Այսպիսի ազնիւ մօտեցումը նպաստում է Եկեղեցու կառավարման ժողովականութեան կամ կոլլեգիալության սկզբունքին, որը ոչ թէ բացառում է կայլակածնութիւնը, այլ բաց է լսելու բոլորին, որպէսզի բոլորը բաժին ունենան աւետարանացման գործում:

Երրորդ թեման Եկեղեցու ճգնաժամերի յաղթահարման վերաբերեալ էր: Թեյրուզեան Եպիսկոպոսը, որպէս բազմաթիւ մարտահրաւէրներ, դժուարութիւններ, անկումներ տեսած փորձառու հոգևորական, իր եղբայրակիցների ուշադրութիւնը հրաւիրեց Եկեղեցու ոչ թէ բացասական երևոյթների, այլ՝ հաղթանակած ճանապարհի վրա, որը Տիրոջ ողորմածութեան, Քրիստոսի անչափելի սիրոյ արդիւնքն է: Քրիստոս երբեք թոյլ չի տալիս, որ իր Եկեղեցին պարտուի. «դժոխքի դռները երբեք չպիտի յաղթահարեն այն», ինչպէս Յիսուս ասաց Պետրոս առաքեալին: Քրիստոս միշտ Իր ձեռքը մեկնում է և խորտակուողին հանում է ծովի անդունդից, Նա երբեք թոյլ չի տա, որ իր հետևորդները մնան անկեալ վիճակում: Թեյրուզեանը յիշեցրեց վերնատան տեսարանը, երբ Յիսուս լուաց նոյնիսկ Յուդայի ոտքերը՝ քաջ իմանալով, որ նա դաւաճանելու է Իրեն: Յիսուս Իր կեանքը տուեց նաև իր թշնամիների, Իրեն ատողների համար: Հետևաբար, այսօր Յիսուսին հետևող քահանան պէտք է նոյնը անի՝ իր կեանքը, գործը նուիրի բոլորի համար՝ առանց խտրութիւն դնելու, նուիրուի անմնացորդ կերպով, սիրի և ների մշտապէս, ինչպէս իր Երկնային Վարդապետը:

Չորրորդ թեման Աստուածամօր կերպարն էր՝ որպէս բարեխօս և օրինակ քահանայի համար: Քահանան ևս իր կոչումը ընդունելիս՝ Սուրբ Կոյսի նման մի երկնային աւետիս է ընդունում: Քահանային ևս Աստուած առաջարկում է նուիրուել Աստծոյ փրկագործ առաքելութեանը՝ վստահելով Իր աստուածային կամքին և, չիմանալով, թէ ինչ է սպասւում իրեն, այնուամենայնիւ, համարձակ ընդունել Աստծոյ կամքը և նետուել առաջ՝ կատարելու այն: Թեյրուզեան Սրբազանը կոչ արեց միշտ գոհանալ սեփական կեանքի պայմաններով, չդժգոհել դժուարութիւններից՝ յիշելով աղքատ ընտանիքները և միշտ գիտակցելով, որ ունենք Աստուածամօր բարեխօսութիւնը մեզ համար, որ Մայրն է ամբողջ Եկեղեցու և տեսնում է բոլորի կարիքները, ինչպէս տեսաւ Կանայի հարսանիքի ժամանակ և դիմեց իր Որդուն:

Հոգևոր կրթութեան վերջում Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր հոգևորականներին՝ հոգևոր կրթութեանը մասնակցելու համար, որը ոչ միայն առիթ է հոգևորապէս նորոգման, այլեւ միմեանց տեսնելու և միասին աղօթելու:

 

Տ. Յովսէփ քհն. Գալստեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/04/2019, 09:52