Որոնել

Գերյարգելի Հայր Գառնիկ Վարդապետ Յովսէփեան Գերյարգելի Հայր Գառնիկ Վարդապետ Յովսէփեան 

Հարցազրոյց-Հանդիպում Գերյարգելի Հայր Գառնիկ Վարդապետ Յովսէփեանի հետ։

Ինքնութիւն, Պատկանելութիւն և Վկայութիւն, Հայ կաթողիկէ առաջնորդարանի «Համայնքային երիտասարդական օրեր-III» հանդիպումը:

Հարցազրոյց Հանդիպում Գերյարգելի Հայր Գառնիկ Վարդապետ Յովսէփեանի հետ, Հայաստանի Հայ Կաթողիկէ առաջնորդութեան երիտասարդական բաժնի նախագահ։

Ունկնդրէ Հարցազրոյցը

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կազմակերպութեամբ 2018թ. յուլիս 21-28-ը, ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի «Աղաճանեան կենտրոնում» անցկացուեց «Համայնքային Երիտասարդական Օրեր – II» հոգևոր մշակութային միջոցառումը, որը բազմամարդ էր՝ աւելի քան 260 հայ երիտասարդներ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրանիայի, Լիբանանի, Սիրիայի, ԱՄՆ-ի և Գանատայի հայ կաթողիկէ համայնքներից, ինչպէս նաև, Իտալիայում, Լեհաստանում և Ղազախստանում սովորող հայ ճեմարանականներ: Միջոցառման նպատակն էր ամրապնդել աշխարհի տարբեր կողմերից մէկ վայրում համախմբուած հայ կաթողիկէ երիտասարդութեան միասնութիւնն ու ազգային ինքնութեան գիտակցութիւնը, խրախուսել նրանց պատկանելութիւնը Տիեզերական Եկեղեցուն և հարստացնել նրանց գիտելիքները հայոց պատմութեան և մշակոյթի վերաբերեալ:

Այս հանդիպման բնաբանը վերցուած էր Ղուկասի Աւետարանից. «Մի՛ վա­խե­ցիր, Մա­րի­ա՛մ, քանզի Աստ­ծուց դու շնորհ գտար» (Ղուկ. 1:30): Միևնոյն ժամանակ, երիտասարդական հաւաքի խորհրդածութեան թեմաներն էին. Ինքնութիւն, Պատկանելութիւն և Վկայութիւն, որոնց շուրջ անցկացուեցին դասախօսութիւններ և խմբային քննարկումներ: Այս օրերի ընթացքում մենք հնարաւորութիւնն ունեցանք վայելելու Հայրենիքի և Սփիւռքի մեր հայրենակիցների ներկայութիւնը:

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից նախանշուած և 2019թ.-ի յունուարի 23-28-ը Փանամայում անցկացուած Երիտասարդաց Համաշխարհային 34-րդ հաւաքին հայ կաթողիկէ երիտասարդների մասնակցութիւնը չկարողանալով ապահովել, յունուարի 26-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցում անցկացրեց «Միանանք ԵՀՕ 2019-ին Փանամայում» խորագրով հոգևոր մշակութային միջոցառումը, որին մասնակցեցին աւելի քան 200 երիտասարդներ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից:

Հանդիպման նպատակն էր մասը կազմել և հայ կաթողիկէ երիտասարդներին հաղորդակից դարձնել 34-րդ «Երիտասարդաց Համաշխարհային Օրեր» հաւաքին, որի գլխաւոր պատգամը վերցուած էր Ղուկասի Աւետարանից. «Ահա­ւա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի հա­մա­ձայն լի­նի ինձ» (Ղուկ. 1:38):

Այս տարի ևս, յուլիսի 19-26-ը, Հայ կաթողիկէ առաջնորդարանը ծրագրում է անցկացնել «Համայնքային երիտասարդական օրեր-III» հանդիպումը:

Երիտասարդական այս հաւաքի համար որպէս բնաբան ընտրուել է Փանամայում անցկացուած Երիտասարդաց Համաշխարհային 34-րդ հաւաքին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից Ղուկասի Աւետարանից կատարուած աւետարանական մէջբերումը. «Ահա­ւա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի հա­մա­ձայն լի­նի ինձ» (Ղուկ. 1:38): Միևնոյն ժամանակ, նպատակ ունենք աւելի խորը քննութեան ենթարկել նախորդ տարուայ երիտասարդական հաւաքի խորհրդածութեան թեմաները՝ Ինքնութիւն, Պատկանելութիւն և Վկայութիւն:

Միջոցառմանը մասնակցելու են 17-30 տարեկան երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Սիրիայից, Լիբանանից, Յունաստանից, Եգիպտոսից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Գանատայից:

Երիտասարդական այս հաւաքի ընթացքում երիտասարդները ոչ միայն մասնակցելու են հոգևոր թեմաներով համագումարների, այլեւ ներկայացնելու են իրենց գործունութիւնը և մշակոյթը: Նրանց համար կազմակերպուելու են ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր:

Լիայոյս ենք, որ համահայկական այս մէկշաբաթեայ միջոցառումը կնպաստի Եկեղեցու և երիտասարդների միջև էլ աւելի սերտ փոխյարաբերութիւնի հաստատմանը, քանզի մեր այսօրեայ երիտասարդութեան աչքերում է, որ Եկեղեցին տեսնում է իր արտացոլանքն ու առաքելութիւնը, ինչպէս նաև իր վաղուայ օրը: Երիտասարդական այս հաւաքը կարելի է բնորոշել որպէս ուխտի ճանապարհ, որպէս մայրցամաքների, ժողովուրդների ու մշակոյթների միջև եղբայրութեան և յոյսի ինքնատիպ մի կամուրջ, որի միջոցով էլ աւելի է ամրապնդուելու Հայաստան-Սփիւռք կապը: Սա ևս մէկ քայլ է լեզուի, հայկական համայնքներում հայ ազգային ինքնութեան և մշակութային ժառանգութեան պահպանման:

Լայն բացելով մեր սրտի դռները, մենք մեծ սիրով ու գրկաբաց սպասում ենք մեր երիտասարդների հետ այս հանդիպմանը, որպէսզի միասին կարողանանք կիսել մեր Տէր Յիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու նկատմամբ ունեցած սերն ու հաւատքը, ուժեղացնենք Աստծոյ ժողովրդին պատկանելու գիտակցութիւնը և վստահ քայլերով ու միասնաբար առաջ շարժուենք:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/04/2019, 09:32