Հայաստանի Քարիթասի ժողով Հայաստանի Քարիթասի ժողով 

Հայկական Կարիտասն ամփոփում է ներառական կրթութեան ծրագրի երկամեայ ընթացքի արդիւնքները

Եկեղեցու սոցիալական առաքելութիւններից մէկն է զարգացնել «մարդասիրութեան կրթութիւնը»:

2019թ. փետրուարի 22-ին Կումրույում տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպուեց համագումար, որտեղ Հայկական Կարիտասն ամփոփեց ներառական կրթութեան ոլորտում իրականացուող իր ծրագրերից մէկի երկամեայ ընթացքը: «Համայնքային գործընթաց՝ կրթութեան մէջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիրը իրականացւում է Եւրոպական միութեան, Աւստրիայի զարգացման գործակալութեան և Կարիտաս Աւստրիայի ֆինանսաւորմամբ և «Դպրոցական ծնող խորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպութեան հետ համատեղ աշխատանքով:

Համագումարին ներկայ էին Հայաստանում Եւրոպական միութեան պատուիրակութեան ղեկավար Պյոտր Սվիտալակին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսեանը, Գիւմրիի փոխ քաղաքապետ Ռուբէն Սանոյանը, ՀՀ Կրթութեան և գիտութեան փոխ նախարար Լուսինէ Առաքելյանը, Ազգային ժողովի պատգամաւոր Սոֆյա Յովսէփեանը, Հայկական Կարիտասի գործադիր տնօրէն Գագիկ Տարասյանը, ծրագրերի պատասխանատու Անահիտ Գևորգյանը, այլ պաշտօնատար և դպրոցի տնօրէններ, ուսուցիչներ, ովքեր աջակցել են ծրագրի իրականացմանը, աշակերտներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, ոլորտի մասնագէտներ:
Համագումարի մեկնարկը տրուեց մի յուզիչ և խորհրդանշական համերգային ելոյթով, որ ներկայացրեցին Արթիկի թիւ 1 դպրոցի աշակերտները: Երգի հեղինակը իրենք երեխաներն էին, երգը կոչւում էր «Մենք բոլորս հաւասար ենք»: Արթիկի այս դպրոցում իրականացւում է ներառական կրթութիւն:

Տէրունական միասնական աղօթքի առաջարկով և ապա ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հայկական Կարիտասի հոգևոր խորհրդատու Տ. Յովսէփ քհն. Գալստեանը, ով նախ փոխանցեց Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի հայրական ողջոյնը և ապա ասաց հետևեալը.
«Հայկական Կարիտասի և «Դպրոցական ծնող խորհուրդների անդամների ազգային ասոցիացիա»-ն այսօր վերլուծում են 2017թ.-ից իրենց համատեղ իրականացրած այս ծրագրի արդիւնքները, որոնք Աստծոյ օրհնութեամբ և աշխատակիցների նուիրման արդիւնքում արդեն տեսանելի են և հիմք են դարձել նոր աշխատանք սկսելու, հասարակութեան մէջ համապատասխան մտածելակերպ և վերաբերմունք ձևաւորելու, ներառական կրթութեան ոլորտում լուրջ բարեփոխումներ կատարելու և մարդու համակողմանի զարգացմանը նպաստելու համար: Աստծոյ համար անսահման մեծ արժէք ունի իւրաքանչիւր մարդ արարած, իւրաքանչիւր անհատականութիւն՝ իր տեսակով, տաղանդներով կամ հաշմանդամութեամբ, իր ձգտումներով և երազանքներով, իր հաւատքով և նաև անտարբերութեամբ: Հետևաբար, Եկեղեցու համար առանցքային կարևորութիւն ունի բոլո՛ր անհատների կրթութեան իրաւունքի դրսևորման համար պատշաճ հնարաւորութիւնների ապահովումը՝ հիմքեր ստեղծելով մարդ անհատի ամբողջական զարգացման (integral human development) համար, որը Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի առանցքային տեսլականներից է և հիմնուած է մարդու արժանապատւութեան յարգանքի անխախտ սկզբունքի վրայ, ինչն էլ իր հերթին բխում է այն ճշմարտութիւնից, որ իւրաքանչիւր մարդ Աստծոյ պատկերով և նմանութեամբ արարուած մի եզակի ստեղծագործութիւն է: Հայկական Կարիտասը՝ որպէս քրիստոնէական սոցիալական առաքելութեան ամենախօսուն արտայայտութիւն, իրականացնում է հենց այս սկզբունքի կիրառութիւնը՝ բազում ծրագրերի միջոցով, որոնցից մեկն էլ կրթութեան ներառականութեանը և հաշմանդամութիւն ունեցող անձանց հզօրացմանն ուղղուած այս ծրագիրն է:

1965թ. Պօղոս 6-րդ Քահանայապետի կողմից հրապարակուած կրթութեան վերաբերեալ մի փաստաթղթում գրուած է հետևեալը. «Ճշմարիտ կրթութեան նպատակն է ձևաւորել մարդ անհատը՝ իր վերջնական նպատակին հասնելու համար և այն հասարակութեան ընդհանուր բարիքի համար, որի անդամն է ինքը և որի պատասխանատուութիւնը ինքը հետագայում կիսելու է որպէս մեծահասակ» (Gravissimum Educationis, 1965): Պէտք է ասել, որ ներառական կրթութեան նպատակը քրիստոնէութեան տեսանկիւնից ևս պէտք է լինի երեխային հնարաւորութիւններ ընձեռելը, որպէսզի կարողանայ իր կարողութիւններով հետագայում ամբողջովին կիսել հասարակութեան պատասխանատուութիւնը: Սա կարելի է անուանել նաև «մարդասիրութեան կրթութիւն» (humanizing education), այսինքն՝ «մի կրթութիւն, որը կենտրոնում դնում է մարդ անհատը՝ յարաբերութիւնների այն կոնտեքստում, որը ստեղծում է կենդանի համայնք, որտեղ բոլորը միմեանց կարիքն ունեն և ունեն ընդհանուր նպատակ», ինչպէս բացատրում է կրթութեան վերաբերեալ մէկ այլ եկեղեցական փաստաթուղթ (Fraternal Humanism, 8, 2017):

Այդ կենդանի համայնքը դուք բոլո՛րդ էք, ովքեր համախմբուած էք՝ միասին աշխատելու կրթութեան մէջ ներառականության կարևոր բաղադրիչը զարգացնելու և իւրաքանչիւր երեխայի կրթութեան իրաւունքը ապահովուած տեսնելու համար»:
«Համայնքային գործընթաց՝ կրթութեան մէջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը և «Դպրոցական ծնող խորհուրդների անդամների ազգային ասոցիացիա»-յի ներկայացուցիչ Ռուզաննա Յակոբեանը ներկայացրեցին ծրագրի ընթացքը և ձեռքբերումները: Ծրագիրն իրականացուել է Շիրակի մարզում, որտեղ ընտրուել են տասներկու դպրոցներ, որոնցում լրիւութեամբ կամ մասամբ իրականացւում է ներառական կրթութիւն: Այդ դպրոցներում կատարուել են ուսումնասիրութիւններ՝ պարզելու համար ներառական կրթութեան իրականացման խնդիրներն ու մարտահրաւէրները, հաշուի են առնուել ծնողների, հաշմանդամութիւն ունեցող երեխաների, ուսուցիչների, ոլորտի մասնագէտների կարծիքները, դրանք համադրուել են ոլորտում իրականացուող պետական քաղաքականութեան և օրեէնդրութեան հետ: Ծրագրի պատասխանատուները առաջնորդւում են «Ներառման ինդեքս» կոչուող միջազգային ուղեցոյցով, որը օգնում է դպրոցներում ներդրել ներառական կրթութիւն: Երկամեայ ուսումնասիրութիւնների արդիւնքներով պարզ է դարձել, որ դեռևս մեծ աշխատանք պէտք է կատարուի՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում հաշմանդամութիւն ունեցող երեխաների լիարժէք ներառման և այդ գործընթացի նկատմամբ հասարակութեան համապատասխան վերաբերմունք ձևաւորելու համար:
Այս կարծիքները կոնկրետ օրինակներով և իրենց փորձառութեամբ մանրամասնելով՝ կիսեցին նաև ոլորտի մասնագէտները՝ ԱԺ պատագամավոր Սոֆյա Յովսէփեանը և ՀՀ ԿԳ փոխնարար Լուսինէ Առաքելյանը: Յովսէփեանը կոչ արեց, որպէսզի խնդրով մտահոգ իւրաքանչիւր անհատ խօսի իր շրջապատում՝ հաշմանդամների հանդէպ հաւասար վերաբերմունքի, կրթութեան մէջ ներառուելու իրաւունքի մասին, որպէսզի հնարաւոր լինի փոփոխութիւնների հասնել:

ՀՀ-ում Եվրամիության պատուիրակութեան ղեկավար Պյոտր Սվիտալսկին պատմեց, թէ դեռևս երկու տասնամեակ առաջ, երբ ներառական կրթութիւնը փորձում էին ներդրել Լեհաստանում ինչպիսի դժուարութիւնների էին հանդիպում, յատկապէս, ծնողների մտածողութեան պատճառով: Հարկ եղաւ երկար ճանապարհ անցնել և կտրուկ միջամտութիւններ անել, որպէսզի հնարաւոր լինէր աստիճանաբար զարգացնել փոխադարձ սիրոյ և ներառականության մտածողութիւն լեհական հասարակութեան մէջ: Այս իմաստով Սվիտալսկին ամենամեծ խնդիրը ներառական կրթութիւնը ներդրելու գործընթացում համարում է մտածողութեան փոփոխութիւնը, որը հարկ է կատարել նաև Հայաստանում: Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի կառավարութեան հետ համատեղ ծրագրեր իրականացնել՝ ներառականությունը կրթութեան մէջ զարգացնելու համար: Եվրամիության ֆինանսաւորմամբ Գիւմրիում իրականացւում է նաև Հայկական Կարիտասի Արեգակ փուռ սրճարանի ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամութիւն ունեցող անձանց հնարաւորութիւն տալ աշխատանք ունենալու և զարգացնելու իրենց հմտութիւնները:

Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանին կայքէն
 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/02/2019, 08:30