Cerca

Vatican News
Սոչիի հայ կաթողիկէ համայնքը նոր ժողովրդապետ ունի Սոչիի հայ կաթողիկէ համայնքը նոր ժողովրդապետ ունի 

Սոչիի հայ կաթողիկէ համայնքը նոր ժողովրդապետ ունի

Սոչիի շրջանի հայ կաթողիկէների նորանշանակ ժողովրդապետ Հոգշն. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկ:

 

2018թ. դեկտեմբերի 2-ին Մոսկուայի և հարակից բնակավայրերի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս ծ. վրդ. Եսայեանը Ադլեր քաղաքի հայ կաթողիկէ համայնքին ներկայացրեց Սոչիի շրջանի հայ կաթողիկէների նորանշանակ ժողովրդապետ Հոգշն. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկին: Հ. Ռաֆայելը նախկինում հոգևոր ծառայութիւն է կատարել Ռուսաստանի Վինյով քաղաքում, ապա՝ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներում (Աշոցքի ժողովրդապետ՝ 2015-2017թթ.), 2017թ. սկսել Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէների եկեղեցական դատական ատեանի հիմնադրման գործընթացը, իսկ 2018թ. նոյեմբերին Հ. Ռաֆայէլը նշանակուեց ծառայութեան Ռուսաստանի հարաւային շրջանում՝ որպէս Սոչիի հայ կաթողիկէների ժողովրդապետ:

Հ. Ռաֆայէլի հովութեան ներքոյ գտնւում են այսպէս կոչուած Մեծ Սոչիի տարածքի մի քանի հայաշատ քաղաքներ, որոնցից ամենահայաշատը Ադլերն է, այդ պատճառով էլ որոշուել է Ադլերում հիմնել մնայուն ժողովրդապետութեան կենտրոնը: Տեղի լատին ծէսի կաթողիկէ եպիսկոպոսը սիրով օգտագործման իրաւունքով հայ կաթողիկէ ժողովրդապետութեանն է յատկացրել մի յարմարաւետ շինութիւն, որտեղ կա քահանայատուն և մատուռ: Սոչիի քաղաքներում հայ կաթողիկէ եկեղեցիներ դեռևս չկան: Իսկ բուն Սոչիում հայ կաթողիկէ ծէսով Սուրբ Պատարագը և միւս արարողութիւնները կատարւում են լատին ծէսի կաթողիկէ եկեղեցում:

Առաջնորդական Փոխանորդ Հ. Պետրոս ծ.վրդ. Եսայեանի ջանքերով համագործակցութիւնը և եղբայրական յարաբերութիւնները Ռուսաստանի լատին ծէսի կաթողիկէ առաջնորդների հետ մտել է նոր և հեռանկարային փուլ: Հ. Պետրոսը նորանշանակ ժողովրդապետին ներկայացնելիս՝ դրուատանքի և գնահատանքի խօսքով է արտայայտուել նաև Սոչիի հայերի համար նախկինում ծառայող լատին ծէսի վարդապետների: Միասնական ոգով ծառայութեանը, անշուշտ, կշարունակի նաև Սոչիի նոր ժողովրդապետ Հ. Ռաֆայելը՝ փոխադարձաբար վայելելով յարգանքն ու սերը հայկական ծէսի և հայ ժողովրդի հանդեպ՝ լատին ծէսի առաջնորդների կողմից:

Հ. Պետրոսը շնորհակալութիւն յայտնեց նաև Կրասնոդարի շրջանի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Սերգեյ վրդ. Բաբաջանյանին, ով չնայած իր ծանրաբեռնուածութիւնը ժամանակ էր գտնում ջանասիրութեամբ հոգալու նաև Սոչիի հայ կաթողիկէների հոգևոր կարիքները:

Աստուածային նախախնամութեամբ, այսպիսով, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում արդեն ծառայում են հինգ հայածէս հոգևորականներ. երեքը՝ Մոսկվայում, Վենյովում և Ռուսաստանի կենտրոնական այլ բնակավայրերում և երկուսը՝ Ռուսաստանի հարաւային շրջաններում: Առայժմ մնայուն սպասաւորներ չկան Ռուսաստանի հիւսիսում, որտեղ հայ կաթողիկէների թիւը ևս քիչ չէ:

Քաղուած Հայ Կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն

06/12/2018, 08:19