Որոնել

Սուրբ Վարդարանը Սուրբ Վարդարանը 

Հայ կաթողիկէները կը միանան Վարդարանի համաշխարհային աղօթքին

«Տուէք ինձ մի բանակ, որ Վարդարան է աղօթում, և ես կնուաճեմ աշխարհը»

Հոկտեմբեր ամիսը Կաթողիկէ Եկեղեցում, ըստ աւանդութեան, նուիրուած է Սուրբ Կոյս Մարիամի Վարդարանի ջերմեռանդութեանը:  Իսկ հոկտեմբերի 7-ը, մասնաւորապէս, Վարդարանի Տիրամօր տօնն է: Այս առթիւ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց ամբողջ Ընդհանրական Եկեղեցուն այդ օրը ու հոկտեմբեր ամսոյն ընթացքին բոլոր համայնքներում միասնաբար Վարդարան աղօթել՝ Եկեղեցին չարի յարձակումներից պաշտպանելու համար: Իր խնդրանքը Սրբազան Քահանայապետը տարածեց «Քահանայապետի աղօթքի համաշխարհային ցանցի» միջոցով: Կոչին արձագանքեցին աշխարհի բոլոր կաթողիկէ համայնքները և նոյն օրը՝ տարբեր ժամերի, բոլոր համայնքներում Վարդարան աղօթեցին՝ խնդրելով Տիրամօր պաշտպանութիւնը Եկեղեցու համար:

Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում ևս հոկտեմբերին 7-ին կազմակերպուեց Վարդարանի միասնական աղօթասացություն՝ Սբ. Պատարագից առաջ կամ յետոյ, եկեղեցում և այլ սրբավայրերում:

Հայ կաթողիկէ համայնքներում արդեն իսկ արմատացած է մայիս և հոկտեմբեր ամիսներին Վարդարան աղօթելու և Տիրամօրը նուիրուած ջերմեռանդական միջոցառումների, թափորների կազմակերպումը (իսկ, մի քանի համայնքներում, օրինակ, Մեծ Սեպասարում, Ղազանչիում, Սիզավետում, Բավրայում ամբողջ տարին՝ բոլոր կիրակնօրեայ Սբ. Պատարագներից առաջ հոգևոր հովուի առաջնորդութեամբ աղօթում են Վարդարան):

Հայ կաթողիկէների մօտ աստիճանաբար վերականգնւում է Վարդարանի ջերմեռանդութեան հոգևոր արժէքը և սէրը, որը սերնդափոխութեան և անաստուածութեան հետևանքով բաւական մոռացութեան էր մատնուած: Այսօր երիտասարդներից շատերը սովորութիւն ունեն ամեն օր աղօթելու Վարդարան և  չարի յարձակումների դէմ պայքարել Սուրբ Կոյսի հովանաւորութեամբ: Համայնքներում աղօթում են Տէր Յիսուս Քրիստոսի մէկ և Ընդհանրական Սուրբ Եկեղեցու անսասանութեան, չարից պաշտպանուելու, հայ կաթողիկէ ինքնութեան ծաղկունքի, հայրենիքի բարօրութեան, հայ ընտանիքների հոգևոր, ազգային նկարագրի պահպանութեան, հիւանդների և տարեցների առողջութեան, սրբութեան և այլ դիտաւորութիւնով: Հայ կաթողիկէն այսօր հասկանում է, թէ որքա՛ն կարևոր է հայի համար Վարդարանի աղօթքը, որովհետև ծանօթ է Ընդհանրական Եկեղեցու պատմական փորձառութեանը և անբաժանելի մասն է Տիրոջ Կաթողիկէ՝ Ընդհանրական մէկ Եկեղեցու:

1571թ. հոկտեմբերի սկզբին Արևմտեան Եւրոպայի քրիստոնեաներին սպառնում էին Օտտոմանյան կայսրութեան թուրք մահմեդական զօրքերը. դա քրիստոնեայ քաղաքակրթութեան պահպանութեան հարց էր դարձել, համայնքների գոյութեան խնդիր: Օրհասական այդ օրերին Ն. Ս. Սբ. Պիոս Ե Սրբազան Քահանայապետը խնդրեց Կաթողիկէ ողջ Եկեղեցուն ամէն օր Վարդարան աղօթել:  Տիրամայրը լսեց այդ միասնական աղօթքները. հոկտեմբերի 7-ին Լեպանտոյի ծովային ճակատամարտում թուրքական զօրքերը պարտութիւն կրեցին և նահանջեցին: Թուրքերի յարձակումները հետագայում շարունակուեցին, բայց քրիստոնեայ Եւրոպան փրկուեց, իսկ յաղթանակը վերագրուեց Վարդարանին:

Սբ. Պիոս Ե-ը այդ հոկտեմբերի 7-ը հռչակեց Վարդարանի Տիրամօր տօն, իսկ Վարդարանը՝ Եկեղեցին չարից պաշտպանուելու հզօր զէնք:

Սա Վարդարանի հզօր ազդեցութեան միակ պատմական փաստը չէ: Օրինակ, Իռլանդայում, որտեղ կաթողիկէները մշտապէս աղօթել են Վարդարան, կարողացել են պահել իրենց համայնքները: Երբ Օլիվեր Կրոմվելը, որ 17-րդ դարում ուզում էր ճնշել կաթողիկէներին, յուսահատած գրում է իր վերադասներին. «Ամեն ինչ վատ է, դուք տուել էք մեզ փող, զէնքեր: Բայց պէտք է ասեմ, որ Իռլանդայում ամէն մի տուն աղօթքի տուն է, և երբ այս մոլեռանդ իռլանդացիներին կանգնեցնում եմ զէնքերի նշանառութեան տակ, նրանք իրենց ձեռքն են վերցնում աղօթահամրիչներն ու երբեք չեն յանձնւում»: Հենց Վարդարա՛նն է Իռլանդան պահել կաթողիկէ՝ դարերի ընթացքում: Երկրորդ համաշխարհայնանային պատերազմի տարիներին Աւստրիան կարողացաւ պահել իր կաթողիկէ ինքնութիւնը՝ շնորհիւ Վարդարանի, ինչպէս համոզուած են աւստրիացիները: Այս օրինակները շատ են, նաև՝ հայերի մօտ:

Պիոս ԺԱ Քահանայապետը Վարդարանի մասին ասել է. «Եթէ ուզում էք ունենալ խաղաղութիւն ձեր սրտերում, տներում, ձեր հայրենիքում, ամէն երեկոյ հաւաքուեցէք Վարդարան աղօթելու: Մի՛ բաց թողէք նոյնիսկ մէկ օր, ամէն օր աղօթեցէք, ինչքան էլ ծանրաբեռնուած լինէք»:

Իսկ Պիոս Թ Քահանայապետն ասել է. «Տուէք ինձ մի բանակ, որ Վարդարան է աղօթում, և ես կնուաճեմ աշխարհը»:

Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խնդրում է Տիրոջ Եկեղեցուն այս հոկտեմբերին ամէն օր աղօթել Վարդարան՝ ապաշխարութեամբ և Սուրբ Հաղորդութիւն ընդունելով և աղաչելով, որ Սուրբ Կոյսն ու Միքայէլ հրեշտակապետը պաշտպանեն Եկեղեցին սատանայից, որ միշտ ուզում է սեպ խրել հաւատացեալների միջև և քանդել Եկեղեցին: Քահանայապետը խնդրում է Վարդարան աղոթելիս ասել նաև հետևեալ աղօթքները.

«Ապաւինում ենք քո պաշտպանութեանը, ո՛վ Սուրբ Մայր Աստծոյ: Լսի՛ր մեր խնդրանքները և նայի՛ր մեր կարիքներին, ազատի՛ր մեզ միշտ բոլոր վտանգներից, ո՛վ փառաւորեալ և Երանելի Կոյս Մարիամ»:

Իսկ Վարդարանի աւարտին աղօթել Լևոն ԺԱ Քահանայապետի հետևեալ աղօթքը.

«Սու՛րբ Միքայէլ հրեշտակապետ, պաշտպանի՛ր մեզ ճակատամարտում, եղի՛ր մեր պաշտպանութիւնը ընդդէմ սատանայի նենգամտութեան և թակարդների: Մենք խոնարհութեամբ աղօթում ենք, որ դու, ո՛վ Իշխան հրեշտակների, Աստծոյ զօրութեամբ դժոխք նետես սատանային և նրա բոլոր դևերին, որոնք թափառում են աշխարհում՝ փնտռելով, թէ որ հոգին կարող են կործանել: Ամեն»:

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/10/2018, 08:48