Որոնել

Գերապայծառ  Փօլ Կալլակեր Գերապայծառ Փօլ Կալլակեր  

Ինչպիսի՞ն է Սուրբ Աթոռի դիւանագիտութիւնը կովկասեան տարածաշրջանում

Հռոմի Սուրբ Աթոռի պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղարը խորհրդաժողով է անցկացրել Թիֆլիսի համալսարանում` մասնակցութեամբ հայ, վրաց և քաղդէացի կաթողիկէների:

2018թ. հոկտեմբերի 23-ին Հռոմի Սուրբ Աթոռի Քարտուղարութեան պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Գալահերը Թիֆլիսի Իվանէ Ջավախիշվիլիի անուան պետական համալսարանում ելոյթ ունեցաւ «Սուրբ Աթոռի դիւանագիտութիւնը և յանձնառութիւնը՝ յանուն խաղաղութեան և մարդ անհատի արժանապատութեան պաշտպանութեան, յատկապէս, կովկասեան տարածաշրջանում» թեմայով: Այս շատ կարևոր խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնը բերեցին նաև հայ կաթողիկէ հոգևորականներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը, Հ. Նարեկ վրդ. Մնոյեանը և Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչեանը: Հանդիպմանը ներկայ էին Վրաստանում պապական նուիրակ արքեպիսկոպոս Խօսէ Փեթենկուրը և Վրաստանի լատին ծէսի կաթողիկէների առաջնորդ եպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոն: Սուրբ Աթոռի բարձրաստիճան հոգևորականի հետ հանդիպման էին եկել Թիֆլիսի համալսարանի դասախօսական անձնակազմը, ուսանողները, քաղաքական, կրօնական գործիչներ՝ կաթողիկէ և վրաց ուղղափառ համայնքներից, Գարիթաս Վրաստանի ներկայացուցիչներ, դիւանագէտներ և այլ հետաքրքրուած մասնագէտներ, գործիչներ:

Իր խօսքի սկզբում արքեպիսկոպոս Փոլ Գալահերը ներկաներին փոխանցեց Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Քահանայապետի ողջոյնը և յիշատակեց Քահանայապետի այցը Վրաստան՝ 2016թ. հոկտեմբերին: Համառօտ պատմական ակնարկ անելով Վրաստանի անկախութեան և պետական համալսարանի պատմութեանը՝ արքեպիսկոպոսը յիշատակեց համալսարանի հիմնադիրներից քիմիկոս, պրոֆեսոր Պետրէ Մելիքիշվիլիին, ով վրացի կաթողիկէ էր և ընտրուեց նոյն համալսարանի առաջին ռեկտոր: Սա, ըստ բանախօսի, մի գեղեցիկ ապացոյց է, թէ որքան մեծ դեր են ունեցել վրաց կաթողիկէները Վրաստանի պատմութեան մեջ: Նա յիշեց նաև մի քանի ականաւոր վրաց կաթողիկէ հոգևորականների՝ Հ. Միխեիլ Թամարաշվիլիին, ով նաև հրաշալի պատմաբան էր, Պետրե Խարիշարիշվիլիին և միւսներին, կաթողիկէ դաւանանքով վրացի կոմպոզիտորների, օրինակ՝ Զաքարիա Պալիաշվիլիին, ով հիմնել է Թիֆլիսի օպերան, և այլոց:

Անցնելով բուն թեմային՝ դիւանագէտ հոգևորականը շեշտեց, որ Հռոմի Սուրբ Աթոռը մշտապէս վարել է միմիայն խաղաղութեան դիւանագիտութիւն: «Պատճառը Սուրբ Աթոռի բնոյթն է, որը արմատաւորած է մարդկութեանը ծառայելու սկզբունքի մէջ՝ ծառայելով իւրաքանչիւր մարդու և ամբողջական մարդ արարածին՝ առանց խտրականութիւնների, տարբերութիւնների, ինչպէս նաև՝ պաշտպանելով մարդկային արժանապատուութիւնը և ամբողջական զարգացումը».-ասաց նա: Խաղաղութիւնը Կաթողիկէ Եկեղեցու ամբողջ գործունէութեան «լեյտմոտիվ»ն է, նաև՝ դիւանագիտութեան, որ ծառայում է մարդկութեան համընդհանուր բարիքին: Այսպիսին է Սուրբ Աթոռի դիւանագիտութեան ուղերձը՝ բիւրեղացած պատմական սխալներից և անկատարութիւններից, խոստովանեց բարձրաստիճան հոգևորականը: Աւելի կոնկրետացնելով՝ նա ընդգծեց. «Պապական դիւանագիտութիւնը հետաքրքրուած չէ աշխարհիկ իշխանութեամբ՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ գաղափարախօսական: Այն նոյնը չէ ինչ պետութիւնների դիւանագիտութիւնը, որոնք հետապնդում են սեփական շահերը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, տարածքային…՝ փնտռելով ազդեցութիւն և ալյանսներ՝ առաջ մղելով սեփական մշակոյթը, արւեստը և այլն: Ընդհակառակն, պապական դիւանագիտութիւնը, թեև ազգերի ընտանիքում ունի հաստատուն դիրք, որը նաև պատմականօրէն երաշխաւորուած է Սուրբ Աթոռի՝ միջազգային իրաւունքի սուբյեկտ լինելով, նախ և առաջ Ընդհանրական Եկեղեցու դիւանագիտութիւնն է, որը ներառում է բոլոր ազգերին, որոնք բաց են ազատութեան, մարդու իրաւունքների, համընդհանուր բարիքի արժէքների առջև»:

Այս կարևոր խօսքերից յետոյ արքեպիսկոպոս Գալահերը մեկնաբանեց նաև Վատիկան պետութեան գործօնը.

«Քանի որ Սուրբ Աթոռը կապուած չէ այլ քաղաքական պետութեան հետ, այն կախուած չէ որևէ ժամանակաւոր իշխանութիւնից: Սուրբ Աթոռն ունի տարածքային հիմք՝ Վատիկան քաղաք-պետութեան մեջ՝ աշխարհի փոքրագոյն պետութեան, որ ունի 44 հա տարածք, որը … գործառնական (functional) պետութիւն է, որ գոյութիւն ունի՝ որպէս պատշաճ երաշխաւորութիւն՝ Սուրբ Աթոռի ազատութեան և որպէս միջոց՝ ապահովելու Սրբազան Քահանայապետի տեսանելի անկախութիւնը՝ աշխարհում իր առաքելութիւնն իրականացնելիս»:

Ի՞նչ է Սուրբ Աթոռի դիւանագիտութիւնը

Այդ դիրքից Սուրբ Աթոռը աւելի մեծ ազատութեամբ է հանդէս գալիս հաշտարարի դերում և, ինչքան էլ հակասական թուի, իր համար ոչինչ չի ակնկալում: Մարդկային հեռանկարում Սուրբ Աթոռի նպատակը թւում է գրեթէ անհասանելի, բայց Աւետարանի հեռանկարում այն հրամայական է, բացատրեց Գալահերը: Սուրբ Աթոռը ջանում է, որ հակամարտող երկրները վերադառնան երկխօսութեան սեղանի շուրջ և յաղթահարեն փոխադարձ ատելութիւնը: Սուրբ Աթոռը ջանք չի խնայում դիւանագիտութեանը վերադարձնելու իր իրական իմաստը՝ լինել համերաշխութեանը նպաստող գործիք, որը պէտք է փոխարինի զէնքին ու բռնութեանը: Սուրբ Աթոռի դիւանագիտութիւնը ջանում է ընդհանուր երկխօսութեան հարթակ ստեղծել կողմերի միջև, որոնք իրենք իրենց ընկալում են որպէս մրցակից հակոտնեաներ:

Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը

Սուրբ Աթոռի դիւանագիտութեան առանցքը ոչ միայն խաղաղութիւնը և համերաշխութիւնն է, այլ նաև՝ մարդու արժանապատուութեան պաշտպանութիւնը, բացատրեց արքեպիսկոպոս Գալահերը՝ յիշեցնելով, որ այս տարի լրանում է նաև Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 70 ամեակը, ինչը ևս մէկ առիթ է Սուրբ Աթոռի համար՝ վերահաստատելու իր առաքելութեան սկզբունքներն այս ոլորտում: «իրաւի, մարդ անհատի բնոյթը հիմքն է ցանկացած իրաւունքի…Եկեղեցին չի կարող չպաշտպանել մարդու արժանապատուութիւնը, քանի որ դա քրիստոնէական տեսլականի աւանդական և հիմնարար մասն է, ըստ որի Աստուած է, որ մարդու շնորհել է արժանապատուութիւն»,-շեշտեց Գալահերը՝ բացատրելով Կաթողիկէ Եկեղեցու այս հիմնարար սկզբունքի էութիւնը: Այսու Սուրբ Աթոռը յանձնառու է պաշտպանելու ոչ միայն մարդու քաղաքական և քաղաքացիական, այլև տնտեսական, սոցիալական և մշակութային իրաւունքները՝ համահունչ Մարդու իրաւունքների հռչակագրին: Դա նշանակում է՝ մարդ անհատին պաշտպանել համընդհանուր կերպով, ինչը Եկեղեցին անվանում է «մարդու ամբողջական՝ integral, զարգացում», սա նշանակում է առաջնահերթութիւն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր թոյլ և անպաշտպան են՝ աղքատներ, գործազուրկներ, փախստականներ, առանց կրթութեան մնացած երիտասարդներ, ծերեր, դեռ չծնուած երեխաներ, հաշմանդամներ, այսինքն՝ այն, ինչ անում է Կաթողիկէ Եկեղեցին իր բարեսիրական կազմակերպութիւնների միջոցով: Այստեղ Գերապայծառ Գալահերը բերեց Գարիթաս Վրաստանի օրինակը:

Խօսելով աշխարհի տարբեր վայրերում գոյութիւն ունեցող մարդու իրաւունքների տարաբնոյթ ոտնահարումների մասին՝ արքեպիսկոպոսը խօսեց նաև կովկասեան տարածաշրջանում առկայ նման երևոյթների մասին: Որպէսզի կարողանանք նպաստել այդ խնդիրների լուծմանը, հարկ է սկսել այն մեկնակէտից, ըստ որի ուրիշի իրաւունքների ոտնահարումը նշանակում է նաև ի՛մ իրաւունքների ոտնահարում, շեշտեց Գերապայծառը:

Պապական դիւանագիտութիւնը Կովկասում և Վրաստանում

Արքեպիսկոպոսը նշեց, որ Սուրբ Աթոռը յատուկ ուշադրութիւն է դարձնում Արևելեան Եւրոպայի երկրներին, որոնք անցել են կոմունիստական կառավարման շրջանը: Այն տարիներին, երբ կոմունիստական վարչակարգի և Սուրբ Աթոռի միջև որևէ յարաբերութիւն չի եղել, Վրաստանում մինչև 1921թ. գործող բոլոր կաթողիկէ եկեղեցիներից բաց մնաց միայն մէգը՝ Թիֆլիսի Պետրոս և Պօղոս եկեղեցին, որը հետագայում՝ սովետական ռեժիմի փլուզումից յետոյ, դարձաւ կաթողիկէ համայնքի վերածննդեան հիմքը Վրաստանում: Խօսելով 90-ականներին Վրաստանում կաթողիկէ համայնքի զարթօնքի դժուարութիւնների մասին՝ Գալահերը նշեց, որ եպիսկոպոս Ջուզեպպէ Բազոտտոն՝ լատին ծէսի վրաց կաթողիկէների առաջնորդը, Վրաստանի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը և քաղդեական կաթողիկէների առաջնորդ Հ. Բեննի Յադեգարը, վստահաբար, շատ յուշեր ունեն անցեալ տասնամեակների բարդութիւնների և նեղութիւնների մասին: Սուրբ Աթոռի և Վրաստանի կառավարութեան, ինչպէս նաև Հայաստանի կառավարութեան միջև դիւանագիտական յարաբերութիւնները սկսուեցին 1992թ.-ից:

Գերապայծառ Գալահերը նաև պատմական անդրադարձ կատարեց Վրաստանում կաթողիկէ համայնքների գոյութեան, միսիոներների առաքելութեան և Սուրբ Աթոռի հետ վրաց հոգևոր առաջնորդների յարաբերութիւններին՝ նշելով, որ դրանք այժմ աւելի առաջընթաց փուլում են գտնւում՝ Թիֆլիսիում պապական նուիրակի առաքելութեան շնորհիւ, որը կառավարութեան մօտ ներկայացուցիչն է Սրբազան Քահանայապետի և Վրաստանի կաթողիկէ երեք՝ լատին, հայկական և քաղդեական ծէսի համայնքների:

Արքեպիսկոպոս Գալահերն իր խօսքն աւարտեց Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի 2017թ. ամանորեայ ուղերձի խօսքերով՝ խաղաղութեան վերաբերեալ.

«Խաղաղութիւնը պարգև է, մարտահրաւէր և յանձնառութիւն: Խաղաղութիւնը պարգև է, որովհետև այն բխում է Աստծոյ սրտից: Այն մարտահրաւէր է, որովհետև մի բարիք է, որ երբեք ինքնըստինքեան չի տրւում, այլ պէտք է յարատևօրէն ձեռք բերուի: Խաղաղութիւնը յանձնառութիւն է, որովհետև պահանջում է ջանադրութիւն բարի կամքի տէր բոլոր մարդկանց կողմից՝ ձգտելու և կառուցելու խաղաղութիւն: Ճշմարիտ խաղաղութեան կարելի է հասնել միայն այն դէպքում, եթէ մարդիկ ունենան տեսլականը ամբողջական զարգացման՝ յարգելով մարդու անձեռնմխելի արժանապատուութիւնը»:

Արքեպիսկոպոս Փոլ Գալահերի զեկոյցից յետոյ ուսանողները հարցեր տուեցին նրան, ծաւալուեց հետաքրքիր քննարկում և զրոյց:

Խորհրդաժողովից յետոյ արքեպիսկոպոս Գալահերը Թիֆլիսի Վերափոխման կաթողիկէ եկեղեցում մատուցեց Սուրբ Պատարագ, որին մասնակցեցին հայ, լատին և քաղդէական ծէսի կաթողիկէ համայնքների հաւատացեալները, ովքեր Սբ. Պատարագի ընթացքում իրենց լեզուներով աղօթքներ և ընթերցումներ կատարեցին: Սա կաթողիկէ ընտանիքի միասնականութեան մի գեղեցիկ դրսևորում էր:

Պետք է ասել, որ արքեպիսկոպոս Գալահերի խորհրդաժողովի ելոյթը շատ կարևոր ուղերձներ է պարունակում ոչ միայն վրաց, այլեւ հայ հասարակութեան և նաև հարևան Ադրբեջանի համար, որովհետև շօշափում է տարածաշրջանի քաղաքական, հասարակական և կրօնական միջավայրերին առընչուող խնդիրներ և առաջարկում դրանց լուծման բանալիները՝ խաղաղութեան կառուցման անհրաժեշտութիւնը, հասարակական համերաշխութեան զարգացումը, կրօնական հանդուրժողականութիւնը, միջ դաւանական երկխօսութեան առաջխաղացումը, միասնականութիւնը, որոնց կարելի է հասնել՝ միայն հետևելով Աւետարանի պատուիրաններին, սիրոյ և համընդհանուր բարիքի կառուցման սկզբունքներին: Գալահերը յստակ ներկայացրեց այս համատեքստում Կաթողիկէ Եկեղեցու աշխատանքների բնոյթը և առաքելութեան դերը կովկասեան տարածաշրջանում՝ ցրելու համար տարատեսակ սխալ մեկնաբանութիւնները և ընկալումները, որ կան թէ հասարակական լայն շրջանակներում և թէ եկեղեցական համայնքներում:

Քաղուած Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/10/2018, 08:58