Որոնել

... ... 

Վերաբացուեց հայ կաթողիկէ «Սրբոց հրեշտակապետաց միացեալ հոգևոր ճեմարանը

Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան կենտրոնում վերաբացուեց «Սրբոց հրեշտակապետաց միացեալ հոգևոր ճեմարանը», որտեղ պատրաստւում են ապագայ հոգևորականներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէ համայնքներում ծառայելու համար

2018թ. հոկտեմբերի 26-ին Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան կենտրոնում վերաբացուեց «Սրբոց հրեշտակապետաց միացեալ հոգևոր ճեմարանը», որտեղ պատրաստւում են ապագայ հոգևորականներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէ համայնքներում ծառայելու համար: Հայ կաթողիկէ առաջնորդութեան հոգևոր ճեմարանը նախկինում ունէր «Ներսիսեան դպրեվանք» անվանումը և հիմնուել էր դեռևս 1990-ականներին, Գիւմրիում, Արհ. Տ. Ներսէս Տեր-Ներսիսյանի նախաձեռնութեամբ, ապա տեղափոխուել Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետութիւն, բայց հինգ տարի առաջ ճեմարանը ժամանակաւորապէս դադարեցրեց իր գործունութիւնը՝ ընթացիկ կազմակերպչական խնդիրներ լուծելու պատճառով: Այժմ նոր անունով և նոր հոգևոր տեսչի՝ Հոգշն. Հ. Մաշտոց վրդ. Զահթերեանի գլխաւորութեամբ, հոգևոր ճեմարանը վերսկսեց իր առաքելութիւնը՝ այլևս երբեք իր դռները չփակելու տեսլականով և առաջնորդ հոր՝ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի օրհնութեամբ: Հոգևոր ճեմարանի վերաբացման գործում իր աջակցութիւնն է ցուցաբերում նաև Հայ Կաթողիկէ Պատրիարքութիւնը՝ յանձին Պեյրութի թեմի պատրիարքական փոխանորդ, Զմմառի վանքի մեծաւոր Գերապայծառ Հ. Գաբրիէլ թ. ծ. վրդ. Մուրադյանի, ով ևս ներկայ էր ճեմարանի վերաբացման արարողութեանը՝ Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանի, Երևանի Մխիթարեան կրթահամալիրի հոգևոր տեսուչ Գերհ. Հ. Եղիա ծ. վրդ. Քիլաղպյանի, Գերհ. Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանի, Հոգշն. Հ. Գևորգ վրդ. Սարգսյանի, Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի, Արժ. Տ. Կոմիտաս քհն. Դավեյանի, Արժ. Տ. Սահակ քհն. Աղեկյանի հետ միասին: Կատարուեց ճեմարանի օրհնութեան կարգ, միասնական աղօթք բարձրացուեց առ Աստուած՝ ճեմարանի պտղաբեր առաքելութեան աղերսանքով: Ճեմարանի տեսուչ Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը համառօտ խօսքով դիմեց հոգևոր եղբայրներին և ճեմարանի սաներ:

«Մեղ մաղթանքն է, որ առաջնորդութեամբ Սրբազան Հօր և Զմմառի վանքի մեծաւորի կարողանանք բարի հովիւներ դաստիարակել՝ մեր ժողովրդի հոգևոր կարիքները հոգալու նպատակով: Իւրաքանչիւրս մեր լուման ունենք ներդնելու, որպէսզի ճեմարանը կարողանայ յարատևել և պէտք եղած արդիւնքները տալ ապագայում: Աստուած թող տեսնի մեր բարի նպատակները և մտահոգութիւնը, օրհնի մեր տկար կարողութիւնները, որ կարողանանք առաւել բարւոք ճեմարանում ունենալ ոչ թէ տասը, այլ շատ աւելի մեծ թուով սաներ: Ձեր օրհնութեամբ պաշտօնապէս սկսում ենք մեր ուսումնական տարին»:

Հոգևորականները ծանօթացան ճեմարանի նորոգուած սենեակներին, պայմաններին, օրակարգին: Ճեմարանի համար յատկացուած սենեակներն ու դահլիճը նախատեսուած չեն մեծ թիւով սաների համար. ծրագրւում է յետագայում աւելի ընդարձակ տարածքում շարունակել ճեմարանի գործունէութիւնը՝ Աստծոյ կամքով և օրհնութեամբ:

Քաղուած Հայաստանի Հայ կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/10/2018, 08:11