Որոնել

Հայկական Կարիթասի ընդհանուր հանդիպումը գործընկերների հետ Հայկական Կարիթասի ընդհանուր հանդիպումը գործընկերների հետ 

Հայկական Կարիթասի ընդհանուր հանդիպումը գործընկերների հետ

«Մեր առաքելութիւնն է՝ վկայել Աստուծոյ սէրը, որն արտայայտւում է մեր գործերով և սրտացաւութեամբ»:

2018-ի հոկտեմբերի 17-ին Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան կենտրոնում տեղի ունեցաւ Հայկական Գարիթասի ընդհանուր հերթական հանդիպումը տեղական և միջազգային գործընկերների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայկական Գարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսէփեանը, գործադիր տնօրէն Գագիկ Տարասեանը և ծրագրերի ղեկավարները, գարիտաս Եւրոպայի գլխաւոր քարտուղարը, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Լիբանանի Գարիտասի, աւստրիական Կարմիր Խաչի, Եւրոպական զարգացման բանկի, World Vision կազմակերպութեան, Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան, Շիրակի մարզպետարանի և այլ կազմակերպութիւնների աշխատակիցներ, որոնք համագործակցել են կամ ներդրումներ են ունեցել Հայկական Գարիտասի ծրագրերի իրականացման գործընթացներում:

Հանդիպումը սկսուեց Սուրբ Պատարագով, որ մատուցուեց ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի և առընթերակայութեամբ Հ. Գառնիկ ծ. վրդ. Յովսէփեանի և Հ. Նարեկ վրդ. Մնոյանի:

Հանդիպման ընթացքում Հայկական Կարիտասի աշխատակիցները գործընկերների հետ միասին վերլուծեցին կատարուած ծրագրերի արդիւնքները, ռազմավարութեան և ծրագրերի գործադրման փոխադարձ համապատասխանութիւնը, քննարկեցին ռազմավարութեան կամ ծրագրային աշխատանքում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերեալ առաջարկութիւններ, սոցիալական աշխատանքի հետ կապուած մարտահրաւէրները և նոր լուծումներ:

Բացման խօսքով նախ հանդէս եկաւ Արհ. Տ, Ռաֆայել արքեպս. Մինասեանը, ով խօսեց Կարիտասի ճշմարիտ իմաստի և ընդհանուր նպատակների մասին՝ շեշտելով, որ բոլորը՝ և՛ Հայկական Կարիտասը և՛ գործընկերները, կոչուած են Աստուծոյ կողմից շնորհուած նոյն առաքելութեան, որն է դրական փոփոխութիւններ բերել հասարակութեան մէջ՝ օգնելով եղբայրներին և քոյրերին դուրս գալ բարոյական և սոցիալական անառողջ հասարակական կացութիւնից: «Մեր հասարակութիւնն այսօր կորցրել է ազնիւ մարդկային արժէքները: Բոլորս միասին պէտք է աշխատենք փոփոխութիւններ բերել հենց ա՛յս ոլորտում».ասաց Սրբազան Հայրը: Նա շնորհակալութիւն յայտնեց բոլոր գործընկերներին երկար տարիներ Հայկական Կարիտասի հետ միասին աշխատելու համար և յոյս յայտնեց որ ապագայում այդ համագործակցութիւնն է՛լ աւելի արդիւնաւէտ կլինի: Ընդհանուր նախագահն ասաց, որ Հայկական Կարիտասը բաց սրտով օգնել է ոչ միայն Հայաստանում ապրող կարիքաւորների, այլև Հայաստանում ապաստանած փախստականների, մեզ զոհողութիւնների գնով վերափոխել է նրանց կեանքը և դարձրել երջանիկ ու խաղաղ: «Սէ՛րն է այն կարևորագոյն բաղկացուցիչը, որ մենք պէտք է կառուցենք Կարիտասում: Մեր առաքելութիւնն է՝ վկայել Աստծոյ սէրը, որն արտայայտւում է մեր գործերով և սրտցաւութեամբ.-ընդգծեց Սրբազան Հայրը և աւելացրեց մի դիտարկում,-սիրելի՛ եղբայրներ և քոյրեր, բարով էք եկել Հայաստան, բայց թոյլ մի՛ տուէք, որ այն վայրը կամ երկիրը, որտեղ գտնւում էք, կառավարի ձեզ, այլ եկէ՛ք մեր ռազմավարութեամբ և առաջնորդութեամբ ծառայենք մեր սիրելիներին, ովքեր կարիքների մէջ են: Թող մեր Տէր Յիսուսի աստուածային ողորմութիւնը զօրացնի և օգնի մեզ՝ բարի փոփոխութիւններ բերելու հասարակութեան մէջ»:

Սրբազան Հայրը խորհուրդ տուեց, որ համագործակցութիւնը միշտ առաջ ընթանայ, մնայ Տիրոջ հովանու ներքոյ և առատ պտուղ տայ:

Ընդհանուր նախագահից յետոյ հանդիպման սպասելիքների մասին խօսեց Հայկական Կարիտասի գործադիր տնօրէն Գագիկ Տարասեանը, ապա համագործակցութեան սկզբունքների մասին խօսեց Կարիտաս Եւրոպայի Ընդհանուր քարտուղար Խորխէ Նունո Մայերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան ներկայացուցիչ Արսեն Մանուկեանը իրավիճակային վերլուծութիւն արեց՝ խոցելի խմբերի սոցիալական պաշտպանութեան, միգրացիայի և ինտեգրման, տնտեսական և գիւղատնտեսական զարգացման մասին:

«Հալէպ» կազմակերպութեան ներկայացուցիչ Սարգիս Բալյանը և Շիրակի մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավդալյանը, ով, ի դէպ, եղել է Հայկական Կարիտասի շահառուներից մէկը, խօսեցին «Երեկույ շահառուն այսօրուայ գործընկերն է» թեմայով:

Ապա տեղի ունեցաւ «Բաց տարածք» ձևաչափով խմբային քննարկում՝ սոցիալական խոցելի խմբերի շահերի պաշտպանութեան, սոցիալական փոխակերպման և նորարարութեան, ռազմավարական փոփոխությունների անհրաժեշտութեան մասին:

Օրուայ երկրորդ կէսին ևս մէկ քննարկում եղաւ «Տաք աթոռ» ձևաչափով՝ սոցիալական պաշտպանութիւն և ներառում, տնտեսական զարգացում, Կարիտասը՝ որպէս կամուրջ Եւրոմիութեան և Հայաստանի միջև թեմաներով:

Հանդիպման փակման խօսքով հանդէս եկաւ Գագիկ Տարասեանը:

Գործընկերների հետ նման ձևաչափով հանդիպումները տեղի են ունենում երկու կամ երեք տարին մէկ անգամ:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/10/2018, 11:08