Որոնել

Սուրբ Յովհաննէս Մկրիչ անուան եկեղեցւոյ օծում: Սուրբ Յովհաննէս Մկրիչ անուան եկեղեցւոյ օծում: 

Օծուեց Արփենիի նորակառոյց Սբ. Յովհաննէս Մկրտիչ հայ կաթողիկէ եկեղ

2018 թ. հոկտեմբերի 25-ին, Արփենիի «Սուրբ Յովհաննէս Մկրտիչ» նորակառոյց եկեղեցին հանդիսաւոր արարողութեամբ՝ Սբ. Պատարագի ընթացքում, օծուեց՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի :

Շիրակի մարզի Արփենի գիւղը հիմնադրուել է Արևմտեան Հայաստանի Ալաշկերտ գաւառի Իրիցու գիւղից գաղթած կաթողիկէ հայերի կողմից՝ 1852 թ.։ Մինչև 1978 թուականը կրել է թուրքական «Փալութլի» անուանումը։

Գիւղի տարածքում 1910 թ. աւարուել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մէկի՝ «Սբ. Յովհաննես Մկրտիչ» հայ կաթողիկէ եկեղեցու կառուցումը: Ինչպէս տեղի բնակիչները նշում են, նախնիները կառուցել են եկեղեցին, որն իրենց  Իրիցու գիւղի կաթողիկէ եկեղեցու կրկնօրինակն է, երբ նրանք իրենց պապերին հարցնում էին, թէ ինչու են այսքան մեծ եկեղեցի կառուցել, պատասխանում էին, որ նոյն եկեղեցին են ուզում տեսնել նոր բնակավայրում: Պատմում են, թէ համագիւղացիներից մէկը երազում տեսել է, որ իրենց հաստատուած նոր գիւղում պէտք է կառուցել նմանօրինակ մի եկեղեցի: Ամբողջ գիւղը ամիսներով ձու է հաւաքել, բերել են հսկայ քարերն ու ձուի շաղախով կառուցել եկեղեցին: Սբ. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու պատերի վրայ մնացել են 1920թ. թուրք զինուորների արձակած փամփուշտների ծակերը և պատմական վկայութիւնն են գիւղում թուքերի իրականացրած կոտորածների: ԽՍՀՄ տարիներին եկեղեցին ծառայել է որպէս պահեստ, 1988 թ. երկրաշարժից բաւական վնասուեց, ապա չօգտագործուեց, չվերանորոգուեց, ժամանակի ընթացքում տանիքը քայքայուեց և փլուզուեց, մնացին միայն պատերը՝ կիախոնարհ վիճակում:

Հին եկեղեցին նորոգելու համար բաւական գումար էր անհրաժեշտ, որը գտնելը հեշտ չէր: Ժամանակի ընթացքում առաջ եկաւ նաև մէկ այլ անհամարութիւն. երբ կառուցուեց նոր գիւղի հատուածը, գիւղացիները տեղափոխուեցին և բնակութիւն հաստատեցին նոր գիւղում, որը հնից հեռու է մօտ մէկ քիլոմեթր. հին գիւղի տարածքում այժմ ապրում է ընդամէնը հինգ ընտանիք, իսկ մնացած մօտ քառասուն ընտանիքները բնակւում են նոր գիւղում:

Այս գործօնները ի նկատի ունենալով՝ հայ կաթողիկէ հոգևորականներն աւելի նպատակայարմար գտան նոր գիւղի տարածքում կառուցել մի նոր՝ աւելի փոքր եկեղեցի: Դեռ տասը տարի առաջ այդ նպատակով նոր գիւղի տարածքում հող յատկացուեց, բայց եկեղեցու կառուցման աշխատանքները դեռևս չէին մեկնարկում ֆինանսական միջոցների բացակայութեան պատճառով: Տասը տարի նոր եկեղեցի ունենալն այդպէս էլ մնում էր երազանք, իսկ Սբ. Պատարագը և միւս կրօնական արարողութիւնները կատարւում էին թաղապետարանի շէնքի մի սենեակում, որը վերածուել էր մատրան:

 Նոր եկեղեցու կառուցումը

2016թ. գիւղի այն ժամանակուայ ժողովրդապետ Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը նոր եկեղեցու շինարարութեան համար դրամ գտնելու որոշմամբ մեկնեց Լեհաստան և երկար ժամանակ աշխատում էր տարբեր լեհական համայնքներում՝ քարոզելով, գումար հաւաքելով և նուիրատութիւններ խնդրելով տարբեր բարերարներից, պարզ հաւատացեալներից: Ի վերջոյ, երբ անհրաժեշտ գումարը մեծ դժուարութեամբ կարողացաւ հաւաքել,  2017թ. յուլիսին սկսեց նոր եկեղեցու շինարարութիւնը, որի հիմքում քարեր դրուեցին նաև հին եկեղեցուց: Աշխատանքները տևեցին մէկ տարուց քիչ աւելի:

Եկեղեցու շինարարութեան մէջ մեծ ներդրում ունեցաւ նաև Արփենիի նոր ժողովրդապետ Հ. Եղիա վրդ. Դերձակեանը՝ տեղում կազմակերպելով շատ աշխատանքներ. տեղադրուեց եկեղեցու զանգակը, որը նուեր է Զմմառի վանքի կողմից և բերուել է Թբիլիսիից, կառուցուեց բակի պարիսպը, դարբասները, բարեկարգուեց բակը, տեղադրուեց եկեղեցու մուտքի նախադուռը, պատվիրվեց և տեղադրուեց Սուրբ Խորանի Աստուածամօր պատկերը: Հ. Եղիան 2018-ի սկզբից բնակւում է Արփենիում, կիսում տեղի բնակիչների դժուարին պայմանները և իր հուվական աշխատանքով մշտապէս իր հաւատացեալների կողքին է: 1990-ական թուականներից յետոյ, երբ Արփենիում վերսկսուեց հայ կաթողիկէ հոգևորականների առաքելութիւնը, Հ. Եղիան առաջինն է, որ իր կամքով բնակուեց Արփենիում:

Շինարարութեան ընթացքում, 2018թ. յուլիսի 29-ին հանդիսապետութեամբ Հ. Եղիա վրդ. Դերձակեանի և առընթերակայութեամբ Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկի օծուեց և տեղադրուեց նորակառոյց եկեղեցու խաչը:

Ի վերջոյ, 2018թ. հոկտեմբերին, եկեղեցու շինարարական աշխատանքները մօտեցան աւարտին: Հ. Եղիա վրդ. Դերձակըանի առաջարկով նոր եկեղեցին անուանակոչեց Սբ. Յովհաննէս Մկրտիչ՝ հնի նմանութեամբ:

Օծումը

2018 թ. հոկտեմբերի 25-ին, Արփենիի «Սուրբ Յովհաննէս Մկրտիչ» նորակառոյց եկեղեցին հանդիսաւոր արարողութեամբ՝ Սբ. Պատարագի ընթացքում, օծուեց՝ ձեռամբ  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի և առընթերակայութեամբ Հայաստանում և Վրաստանում պապական նուիրակ Արքեպս. Խոսվ Բեթանկուրի, ինչպէս նաև Զմմառի վանքի մեծաւոր Գերհ. Հ. Գաբրիէլ ծ.վրդ. Մուրադյանի: Օծման և Սուրբ Պատարագի արարողութըանը ներկայ էին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը, Գյումրիի փոխ քաղաքապետը, Արփենիի գիւղապետը և այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, որոնք այս կամ այն կերպ իրենց նպաստն են բերել Արփենի եկեղեցու կառուցմանը, Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանը և այլ հայ կաթողիկէ հոգևորականներ, Անարատ Յղութեան միաբանութեան հայ քոյրեր, Մայր Թերեզայի Գթության միաբան քոյրեր, Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցի տնօրինութիւնը և հաւատացյալների հոծ բազմութիւնը:

Նախ, ըստ կարգի, օրհնուեց եկեղեցու սպասքը, ապա գլխաւոր մուտքի դուռը, որից յետոյ կատարուեց Սբ. Խորանի Սեղանի ջրով և գինով լուացման կարգը, ապա հերթականութեամբ օծուեցին Սուրբ Խորանի Սեղանը, եկեղեցու չորս պատերը և մուտքի դուռը:

Սբ. Պատարագի ժամանակ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը իր քարոզում ասաց հետևեալը.

«Յոյժ սիրելի և պատուական հաստատացնել՛ր,

Այսօր, ինձ համար մայր հողի վրայ նոր եկեղեցի օծելը անհուն ուրախութեան մի պահ է: Ուրախութիւն է, որովհետև ևս մէկ տուն կառուցուեց Աստուծոյ Երկրպագութեան համար և մի շինարարութիւն՝ հաւատացյալների հոգեկան բաւարարութեան համար. սա հոգևոր ապրումի սփոփանք և մխիթարութիւն է:

Եկեղեցին, ինչպէս գիտենք ընդունարանն է ու ժամադրավայրը բոլոր  հաւատացեալների, որտեղ հանդիպում ենք իրար՝ կազմելու Քրիստոսի Սբ. Ընտանիքը: Բացի այս պատկերաւոր արտայայտութեան. Եկեղեցին՝ Քրիստոսի իրական բնակարանն է, ուր ֆիզիկապէս բնակւում է, և որտեղ մեզանից ամեն ոք կարող է գալ իրեն այցելութեան և հանդիպման, ազատօրէն զրուցելու Նրա հետ, խնդրելու և պատմելու մեր ցաւերը: Եկեղեցին կարող ենք համարել Քրիստոսի գրասենեակը, որտեղ գալիս ենք յայտնելու մեր որդիական անկեղծ երախտագիտութիւնը, դիմելու և ստանալու այն առատ շնորհները, որ մեր կեանքի ընթացքում ստացել ենք նրանից: Եկեղեցու մէջ մեր քրիստոնեան կեանքի առաջին կնիքը ստանում ենք Սուրբ Մկրտութեան միջոցով, ապա ամուսնութեամբ և նոյն եկեղեցու շեմին հրաժեշտ ենք տալիս այս աշխարհին:

Ահա, համառօտ իմաստը «Եկեղեցի» բառին, որի համար դուք ուզեցիք և այսօր ամէնքս միասին օծում և հռչակում ենք համայն աշխարհի դիմաց մեր սուրբ հաւատքը առ Եկեղեցին և Հեղինակին՝ Քրիստոսին:

յոյսով եմ, որ ձեր հովիւները, բոլոր այն ժողովրդապետները, որոնք յաջորդաբար պէտք է գան  ծառայելու այս շրջանի մէջ և հոգալու Ձեր հոգեկան ապրումները, տանելու ձեր հոգու բեռը, իրենց առաջին պարտականութիւնը պէտք է լինի Ձեզ յուշելը, հրաւիրելը և ձեզ հետ միասին հոգևոր կեանքի արժէքները ապրելը: Ա՛յս է հոգևորականի առաջին պարտականութիւնը ինչպէս նաև ձե՛ր պարտականութիւնը:

Սիրասուն հայ որդինե՛ր, այսօր մեր և ձեր փափաքն ու երազանքը իրականացաւ այստեղ ներկայ անխոնջ վարդապետների ջանքերով, որոնք աշխատեցան ու քաջալերեցին մեր բարերարներին, որ տան իրենց լուման՝ Քրիստոսի տան քարայրի մէջ, նրանց եմ յայտնում իմ և ձեր անկեղծ ու հարազատ երախտագիտութեան ամենաջերմ զգացմունքները՝ վստահեցնելով նրանց, որ յաւերժապէս աղօթքներ պիտի բարձրանան առ Աստուած՝ եկեղեցի շինողների անունների համար։

Հրճուե՛նք ու գոհաբանական աղօթքներ բարձրացնենք առ Աստուած՝ մեր նորակառոյց Սուրբ Յովհաննէս Մկրտչին նուիրուած եկեղեցու համար: Աստուած լսեց ձեր աղօթքները, և դուք էլ լսեցէ՛ք իր կամքը՝ մշտապէս յաճախելով իր եկեղեցին: Ամէն»:

Քաղուած Հայաստանի Հայ կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/10/2018, 12:16