Որոնել

«Կարդինալ Աղաճանեան» ամարային ճամբար «Կարդինալ Աղաճանեան» ամարային ճամբար 

«Սրտի կազմաւորումը»՝ «Կարդինալ Աղաճանեան» ամարային ճամբար-2018

«Կարդինալ Աղաճանեան»-2018 ճամբարին այս տարի մասնակցեցին 11-15 տարեկան մօտ 500 երեխաներ՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ համայնքներից:

«Կարդինալ Աղաճանեան» ամարային ճամբարի առաքելութիւնը կարևոր բաղկացուցիչն է Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաքելութեան, որն է՝ առաջնորդել իր զաւակներին և միասին ընթանալ դէպի մարդ անհատի ամբողջական զարգացում և փրկութիւն, դէպի լիակատար միութիւն մեր Տէր Յիսուս Քրիստոսի հետ: Աւետարանումը այս առաջնորդութեան ամենակարևոր պարտականութիւններից մեկն է, որն իրականացնելու համար Եկեղեցու վարդապետութիւնը առաջարկում է օգտագործել ամենատարբեր միջոցներ, որոնք կարող են դիւրացնել աւետարանական պատգամների ընկալումն ու ապրումը ժամանակակից կեանքի պայմաններում: Երեխաներին աւետարանման պարագայում ժամանցը և հանգիստը ճիշտ կազմակերպելը մի այդպիսի շատ կարևոր միջոց է և հնարաւորութիւն՝ պայմանով որ հանգիստը  արդիւնաւէտ մեթոդներով զուգակցուի աւետարանացման հետ՝ քարոզի, աղօթքի, հոգևոր վարժանքների՝ հիմնուելով կազմակերպիչների հոգևոր նուիրման և խանդավառութեան վրայ, առանց որի երեխաների հետ աշխատանքը կվերածուեր պարզապէս «ևս մէկ սոցիալական ծառայութեան», ինչպէս գրում է Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետը («Աստուած սեր է»՝ «Deus Caritas Est» շրջ. նամակ, 2005): Այս իմաստով մեծ ուշադրութիւն է դարձւում նաև կազմակերպիչների, ջոկատավարների հոգևոր կրթութեանը կամ, Բենեդիկտոս 16-րդի բառերով, «սրտի կազմաւորմանը»՝ նրանց ընտրութեան ժամանակ կարևորելով իւրաքանչիւրի հոգևոր, բարոյական որակները և կամաւորական աշխատանք կատարելու դրդապատճառները, Աստծոյ հետ ներքին երկխօսութեան մակարդակը և հոգևոր ձգտումները:

«Կարդինալ Աղաճանեան» ամարային ճամբարի կազմակերպչական խումբը (տնօրէն՝ Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյան, 2018-ից նաև՝ փոխտնօրէն Տ. Նարեկ Քհն. Թադևոսյան, համակարգողներ Սիրանուշ Մինասյան, Քրիստինե Մխիթարյան, Անի Ցոլակյան, Լիլիթ Մկրտչյան) և աջակցող քահանաները աշխատում են տարեց տարի յղկել մանկավարժական, մեթոդական մօտեցումները՝ յստակեցնել սեփական աշխատանքի իւրաքանչիւր բաղկացեալի լուծելիք խնդիրները և լուծման առաւելագոյն արդիւնաւէտ և, հոգևոր իմաստով, պտղաբեր ճանապարհները՝ համադրելով աւետարանական պատուիրաններն ու ժամանակակից հաղորդակցման, առաջնորդութեան միջոցները: Իւրաքանչիւր տարի լինում է մի նորոյթ, որ փորձութեան է ենթարկւում՝ լաւագոյնը գտնելու նպատակով:

Օրինակ այս տարի դասընթացները դարձան աւելի բազմազան. աւելացուեցին դասեր՝ բնապահպանութեան վերաբերեալ (դասաւանդող՝ Տ. Սահակ Քհն. Աղեկյան), որոնք մատուցւում էին դիւրընկալելի մեթոդներով, մուլտերով, տեսանիւթերով և կոնկրետ օրինակներով: Այս դասերը երեխաներին սովորեցնում են հոգատար լինել արարչագործութեան հանդէպ՝ գնահատելով աստուածային իւրաքանչիւր ստեղծագործութեան արժէքը: Սա հիմնուած է Եկեղեցու վարդապետութեան վրայ և համահունչ է, յատկապէս, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Գովեմք զՔեզ» Laudato Si (2015)  շրջաբերական թղթում արծարծուած ճշմարտութիւնների հետ:

Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» կենտրոնի կամաւորականներն այս տարի ճամբարի երեք հերթափոխերի ընթացքում երեխաներին սովորեցնում էին ձեռագործութիւն:

Չորրորդ հերթափոխի ընթացքում երեխաները դասընթացք ունեցան նաև աղէտների ժամանակ պաշտպանութեան միջոցների մասին:

Քրիստոնէականի դասաւանդման համար այս տարի կազմուեց մի փոքրիկ ձեռնարկ՝ նախատեսուած հինգ դասաժամերի համար, որտեղ հարցուպատասխանից զատ կան նաև քննարկումների համար նախատեսուած բաժիններ: Այս մեթոդը ապացուցեց իր արդիւնաւէտութիւնը, բայց նախաձեռնողները մտադիր են հետագայում վերանայել և առաւել յղկել՝ կարևորելով երեխաների առաւելագոյն ներգրաւուածութիւն ապահովելը:

Այս տարի դասերից յետոյ տարբեր թեմաներով առանձին քննարկումներ կազմակերպուեցին 14-15 տարեկանների համար՝ հաշուի առնելով, որ այս տարիքային խումբը առաւել հակուած է ինքնադրսևորման և սեփական կարծիքը արտայայտելու: Նրանց համար ստեղծուեց ազատօրէն արտահարուելու հարթակ, որտեղ կարևորւում էր ոչ միայն սեփական գաղափարները ազատ, առանց քննադատուելու վախի, արտայայտելը, այլեւ՝ միմեանց սիրով և յարգանքով լսելը, ուրիշների կարծիքը և ճշմարտացիության իրաւունքի ընդունումը՝ յիշելով Տէր Յիսուս Քրիստոսի պատուիրանները:

Հինգերորդ հերթափոխում պատանիների համար նաև կազմակերպուեց փոքրիկ արշաւ՝ աղօթքով և զանազան խաղ-վարժութիւններով՝ ստեղծագործական ընդունակութիւնները զարգացնելու նպատակով: Սա նաև միասին դժուարութիւններ յաղթահարելու կարևոր փորձառութիւն է:

Նորոյթ էր նաև շախմատի առաջնութիւնների կազմակերպումը բոլոր հերթափոխերի ընթացքում: Յաղթողներին շնորհւում էին մրցանակներ:

Խրախուսման համար լաւագոյն ջոկատավար, լաւագոյնն ջոկատ և այլ անուանակարգերի սահմանումը դարձել է սիրելի աւանդոյթ, ինչպէս և սպորտլանդիաների, զանազան զարգացողական խաղերի կազմակերպումը:

«Կարդինալ Աղաճանեան»-2018 ճամբարին այս տարի մասնակցեցին 11-15 տարեկան մօտ 500 երեխաներ՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ համայնքներից:

Հինգերորդ հերթափոխի ընթացքում պատանիներին այցելեց և իր խրախուսական խօսքն ասաց նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Հարկ է այս շատ կարևոր մանկապատանեկան ձեռնարկին աջակցելու համար մասնաւոր շնորհակալութիւն յայտնել ամէնամեայ բարերարներին՝ Kirche in Not, Renovabis, Ouvre d’Orient, Cnewa բարեսիրական կազմակերպութիւններին:

Տ. Յովսէփ

Քաղուած  «armenianchurchco.com» կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/09/2018, 09:25