Որոնել

Հայր Գառնիկ Յովսէփեան Հայր Գառնիկ Յովսէփեան 

Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի խօսքը` երիտասարդաց համայնքային օրեր

Յիշէ՛ք, որ Յիսուսն է Ճանապարհը և Ճշմարտութիւնը, և Կեանքը:

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեան, սիրելի՛ երիտասարդներ.

Այսօր մենք աւարտում ենք յուլիս 21-ին մեկնարկած «Համայնքային Երիտասարդական Օրեր» 2018 – II հոգևոր-մշակութային միջոցառումը, որի շրջանակներում մենք հնարաւորութիւնն ունեցանք վայելելու Հայրենիքի և Սփիւռքի մեր հայրենակիցների ներկայութիւնը: Սա ևս մէկ քայլ էր ազգապահպանման, Հայրենիքի և Սփիւռքի միջև նոր կամուրջներ կառուցելու:

Թո՛ղ միշտ ամուր լինի Հայրենիք-Սփիւռք կապը և թո՛ղ յարատև լինեն համագործակցութեան և միասնութեան կամուրջները:

Համոզուած եմ, որ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Լիբանանից այստեղ հաւաքուած երիտասարդներից շատերը կը պահպանեն այն կապերը, որոնց հիմքերը դրուեցին այս օրերին և կը կարողանան իրականացնել այն յատուկ առաքելութիւնը, որը ստացել են մկրտուելիս, այն է՝ լինել հաւատքի լոյսի կրողն ու տարածողը:

Լիայոյս ենք, որ այս մէկ շաբաթուայ միջոցառումը կը նպաստի Եկեղեցու և երիտասարդների միջև էլ աւելի սերտ փոխյարաբերութիւնի հաստատմանը, Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդմանը, լեզուի, հայկական համայնքներում հայ ազգային ինքնութեան, մշակութային ժառանգութեան պահպանման ու զարգացման, ինչպէս նաև նրանց հայապահպան գործունէութեանը:

Համահայկական այս միջոցառման համար, նախ և առաջ, թոյլ տուէք առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանին, ում անմիջական նախաձեռնութեամբ ու փափագով կազմակերպուեց այս միջոցառումը: Յատուկ շնորհակալութիւն «Աղաճանեան» կենտրոնի պատասխանատու Տէր Գրիգոր Աւգ. Քհն. Մկրտչեանին, փոխ տնօրէն Տէր Նարեկ Քհն. Թադևոսեանին, բոլոր բանախօս հոգևորականներին և հիւրերին, ինչպէս նաև միջոցառման հովանաւորներին, աշխատակազմին, կամաւորներին, խոհանոցի և սպասարկող անձնակազմին, լրատուամիջոցներին և ձեզ՝ սիրելի՛ երիտասարդներ:

Սիրելի՛ երիտասարդներ, ձեր աչքերում ենք մենք տեսնում Եկեղեցու ապագան և մեր վաղուայ օրը:

Յիշէ՛ք, որ Յիսուսն է Ճանապարհը և Ճշմարտութիւնը, և Կեանքը: Նա է ամենավստահելի անձը, ով ուղեկից է ձեր կեանքի ճանապարհին: Յիսուսն է լաւագոյն բժիշկը և Աղօթքն է լաւագոյն դեղամիջոցը:

Թո՛ղ Աստծոյ ամենազօր աջը միշտ զօրավիգ ու պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/07/2018, 11:14