Մայիսեան ամիս Մայիսեան ամիս 

Մայիսեան ամիս. թէ ինչպէս նուիրեցինք մեր սէրը Երանելի Սուրբ Կոյսի

Մայիսեան ամիսն Տիրամօր նուիրուած Թափօր

Որոշեցի այս անգամ նստել և գրել մեր փոքրիկ ջերմեռանդական ուխտագնացութիւնների մասին, որ նուիրեցինք Սրբուհի Տիրամօրը՝ որպէս մայիսեան ջերմեռանդութիւնների եզրափակում: Մտածում եմ, որ երբեմն մեր չափից դուրս քաղաքականացուած և նիւթականացված, աւելի շատ զուտ տեխնոգեն «առաջընթացի» և «կրեատիվ» նորարարութիւնների անվերջանալի լրահոսի մէջ անհրաժեշտութիւն է պատմել նաև հոգևոր, թէկուզ մանր, առաջընթացների և «նորարարութիւնների» մասին, որպէսզի չմոռանանք ամենակարևոր ճշմարտութիւնների և առաջնահերթութիւնների մասին:

Եւ ուրեմն, նախ մայիսի 27-ին որոշեցինք թափօրով ուխտագնացութիւն կատարել դէպի հին Բավրայի եկեղեցին, որ գտնւում է նոր գիւղից մօտ 4 կմ հեռաւորութեան վրայ, դէպի արևմուտք, մի շատ գողտրիկ բնական միջավայրում: Ժամը 12:15-ին, հարևան Սիզավետ գիւղում Սբ. Պատարագը վերջացնելուց յետոյ անմիջապէս ուղևորուեցի դէպի Բավրա: Պատանիներ, պարմանուհիներ, երիտասարդներ արդեն սպասում էին ինձ Սուրբ Նշան եկեղեցու դիմաց, ինչպէս պայմանաւորել էինք: Աղջիկների ճակատները և մազերը զարդարուած էին գեղեցիկ ծաղկեպսակներով, ձեռքերին ևս դաշտային ծաղիկներ կային, որոնք հաւաքել էին ու պատրաստել դեռ նախորդ օրը, որպէս նուեր Սուրբ Կոյսին: Թէև երկինքն արդեն սկսել էր ամպել, բայց երիտասարդների ու երեխաների խանդավառութիւնը միայն է՛լ աւելի էր աճում՝ նոր զգացութիւնների նախաճաշակումով. առաջին անգամ էին գնալու թափօրով դէպի հին եկեղեցի՝ իրենց քահանայի, և ամենակարևորը, Աստուածամօր արձանիկի հետ միասին: Թափօրը սկսեցինք Տիրամօր առաջնորդութեամբ. արձանիկը տանում էի ես, Սուրբ խորանի սպասաւորները քայլում էին կողքիս, մէկի ձեռքին՝ Սուրբ Խաչը: Մեր թափօրը Սուրբ Վարդարանի աղօթքով արդեն անցնում էր ջրամբարի ափերով, երբ ամպրոպների շարքն ազդարարեց մօտալուտ անձրևի մասին: Իսկ անձևներն այս կողմերում միշտ քամիների ուղեկցութեամբ են: Բայց իմ հարցին, թէ արդեօք չեն ուզում վերադառնալ և գիւղում շարունակել թափօրը, երեխաներն ու երիտասարդները միաբերան պատասխանեցին, որ շարունակելու են մինչև վերջ և որ անձրևից չեն վախենում: Աստուածամօր բարեխօսութիւնը հայցելով և մեծ ոգևորութեամբ շարունակեցինք մեր քարքարուտ, ճահճոտ, դժուարին ճանապարհը, որ, սակայն, տանում էր դէպի կանաչ, հոտաւէտ ու ծաղկաւէտ, խոստումնաշատ դաշտերը, որտեղ ջրերի մօտ երբեմն երևում էին սպիտակ ձկնկուլներ և այլ գեղեցիկ թռչուններ՝ իրենց թովիչ դայլայլումներով: Միջավայրը աղօթքի և երգեցողութեան համար աւելի քան պատշաճ էր. Ողջո՜յն քեզ Մարիամ…ներին յաջորդում էին Երանելի Կոյս Մարիամ… Աւետաբեր հրեշտակին հետ…, Գաբրիէլի ձեռին ծաղիկն անթառամ… և միւս երգերը, որոնք երեխաները գիտէին և երգում էին մեծ սիրով, թէև հևիհև, զառիվերներ ու բլուրներ բարձրանալով ու իջնելով, ուրախ թռվռալով և երբեմն չարաճճիութիւններ անելով: «Ոչինչ, կարևորը այս ամենը աղօթքի ֆոնին է, որը, կարծես, դառնում է սովորութիւն». մտածում էի ես աղօթելիս և Աստուածամօր բաւական ծանր արձանիկը գրկումս տանելով:

Երբ մօտենում էինք հին եկեղեցուն, մեզ իր տրակտորով բլուրն ի վար մօտեցաւ Բավրայի նախկին գիւղապետ, այժմ հնդկաձաւարի մշակմամբ զբաղուող Կորիւն Սումբուլեանը և առաջարկեց իր տրակտորով մեզ անցկացնել դաշտամիջեան ճանապարհը կտրող վտակը, բայց մենք Սուրբ Կոյսի արձանիկով օրհնեցինք նրան և հրաժարուեցինք օգնութիւնից. երեխաները հեշտութեամբ ցատկեցին վտակի վրայով և ահա՛ մի քանի րոպէ անց արդեն բարձրանում էինք զառիվերը և քիչ անց էլ յայտնուեցինք հին եկեղեցու դիմաց, որ գիւղացիները նաև կոչում էին Սուրբ Վանք: Մօտ 40 րոպէ. այսքան տևեց մեր ճանապարհը: Վանքը կառուցուել է, ըստ երևոյթին, 1880-ականներին, երբ հին Բավրայի տարածքում հաստատուել են Կարսի Արդահան գաւառից այս կողմերը գաղթած հայ կաթողիկէ առաջին ընտանիքները: Հիմա հին գիւղից տարածքում հին տների հիմքերն են միայն մնացել և այդ հին վանքը: Իսկ Վանքից քիչ հեռու մի գողտրիկ ձորակ կա և մի վտիտ վտակ, ափերին՝ նորատունկ ծառեր, որոնց տերևները դեռ մատղաշ էին, ինչպէս լինում է ապրիլի սկզբին: Ծովի մակերևոյթից մօտ 2100մ բարձրութեան վրայ գտնուող այդ լեռնային տարածքը անզուգական գեղեցկութիւն ունի՝ իրեն բնորոշ խիստ կլիմայով և սուր օդով, որ ուրիշ այլ տեղ չես գտնի: Մտածեցի, որ մեր յաջորդ ուխտագնացութեանը դէպի այս կողմեր, երբ անձրև չլինի, մի քիչ վայելենք և այդ ձորակի գեղեցկութիւնը, նստենք և երեխաների հետ զրուցենք. իսկ նրանք այնքա՜ն հետաքրքիր բաներ են խօսում, որ կարելի է սովորել և ոչ միայն սովորեցնել:

Երբ մտանք Վանք, անձրև տեղաց, իսկ մենք երգեցինք Լորետանյան Լիթանիան, ապա երեխաների համար Աստուածամօր բարեխօսութեամբ հայցեցի Տիրոջ օրհնութիւնը, մի փոքրիկ քարոզ և եկաւ վերադարձի ժամանակը: Բայց անձրևը բաւական երկարեց և դեռ վերջը չէր երևում, իսկ ես պէտք է շտապէի դէպի հարևան գիւղը՝ Ղազանչի, յաջորդ Սուրբ Պատարագս մատուցանելու, պէտք էր շտապել… Երիտասարդներն առաջարկեցին ինձ վերադառնալ Կորիւնի տրակտորով, իսկ իրենք կվերադառնային անձրևից յետոյ, խոստանում էին լինել կարգապահ: Ադյպէս էլ արեցի. դարձեալ գրկեցի Տիրամօր արձանիկն ու խաչը և բարձրացայ Беларусь տրակտորը, անսովոր էր…

Ճանապարհին, երբ անցնում էինք ցեխոտ դաշտամիջեան ճանապարհով, Կորյունը պատմեց, որ այդ տրակտորն իրեն նուիրել է World Vision կազմակերպութիւնը՝ Աշոցքում սոցիալական բիզնես սկսելու համար. հնդկաձաւարի մշակման եկամտից օգնութիւն էր տուել մի քանի անապահով ընտանիքների: Մտածեցի, որ շատ լաւ օրինակ է, թէ ինչպէս կարելի է բիզնեսը ծառայեցնել ոչ միայն անձնական հարստացման համար. տնտեսութեան մասին եկեղեցական սոցիալական ուսմունքի գործնական մի փոքրիկ ապացոյց էր: Մինչ զրուցում էինք, հասանք հայ-վրացական սահմանային անցակէտ, ապա գիւղի Սուրբ Նշան եկեղեցին:

Ղազանչիում Սուրբ Պատարագը մատուցելուց յետոյ սկսեցինք մեր ուխտագնացութիւնը դէպի գիւղի հին մատուռը, որ գիւղում կոչում են Վանք: Սա ևս կառուած է 19-րդ դարի երկրորդ կէսին՝ գիւղը հիմնադրող կաթողիկէ հայերի ձեռքով: Գիւղացիները հաւատում են վանքի զօրութեանը և միշտ այցելում են. այն շատ մօտ է գիւղին:

Վարդարանը սկսելիս երկինքն ամպամած էր, բայց անձրև չէր տեղում, իսկ երբ մօտեցանք Վանքին, սկսեց ուժեղ կարկուտ տեղալ: Հազիւ հասցրեցինք պատսպարուել մօտակայ հացատան պատշգամբի տանիքի տակ: Երեխաները թրջուել էին ու մրսում էին, շուրջառս կարելի էր քամել: Շարունակում էինք Վարդարան ասել ու երգել՝ մեր այդ փոքրիկ նեղութիւնը համարելով ապաշխարութեան մի ձև և նուեր՝ Աստուածամօրը: Քիչ անց կարկուտն ու անձերը դադարեց, հասանք Վանք: Կիսամութ վանքի մէջ մեր Լիթանիան շատ խորհրդաւոր ստացուեց: Երգեցինք ու անձրևի տակ թրջուելով՝ վերադարձանք գիւղ, երեխաները համբուրեցին Աստուածամօր արձանիկը և գնացին տուն: Ուրախ էի, որ այս երկրորդ թափորն աւելի կազմակերպուած ստացուեց. դեռ նոր էին սովորում:

Մայիսի 27-ին ուխտագնացութիւն արեցինք Մեծ Սեպասարում: Սուրբ Պատարագից յետոյ երեխաներ, երիտասարդներ, մեծահասակներ միասին շարժուեցինք դէպի Դարի Սուրբ կոչուած մատուռը, որը գտնւում է գիւղին մօտակայ բլրի վրայ: Այս անգամ եղանակը հիանալի էր՝ արևոտ ու պայծառ. Աստուածամօր շնորհքն էր: Ճանապարհը բաւական զառիվեր էր, աղօթելիս հանդիպեցինք գառնուկների հոտերի, հովիւ երեխաների, որ միացան մեզ: Երբ հասանք մատրանը, ըստ գիւղի սովորութեան երեք անգամ պտտուեցինք մատրան շուրջ բոլորը՝ Վարդարան աղօթելով: Ի դէպ, այդ մատրան մօտ հնագէտները պեղումներ են անում. գտել են գայլերի թաղումներով դամբարաններ, որոնք հազուագիւտ են տարածաշրջանում: Մատրան մէջ երգեցինք Լորետանյան Լիթանիան, Աստուածամօր բարեխօսութեամբ օրհնութիւն հայցեցինք Տիրոցից և շնորհակալութիւն յայտնեցինք այս փոքրիկ ուխտագնացութեան հնարաւորութեան համար:

Վերադարձին մտածում էի, թե նախորդ քահանաների համար տասնամեակներ առաջ, դեռ նախքան կոմունիստական ռեժիմը, որքա՜ն բարդ է եղել արմատացնել հոգևոր սովորութիւններ, ջերմեռանդութիւններ, որոնք եղել են կենսունակ մինչև 1930-ականները, յետոյ գրեթէ ոչնչացուել են՝ ի ուրախութիւն սատանայի, որ մարդկանց ներշնչում է նիւթական «պրոգրեսսի» անցողիկ ուրախութիւններով գոհանալու ցանկութիւնը: Եվ որքա՜ն բարդ է լինելու նաև այսօր՝ մեր օրյա քահանաներիս համար վերականգնել կամ ստեղծել հոգևոր սովորութիւններ, աւանդութիւններ: Բայց Սուրբ Կոյսի բարեխօսութեամբ ոչինչ անհնարին չէ, որովհետև նրա խնդրակատարը Տէր Յիսուս Քրիստոսն է, որին սիրելու աւանդութիւնը չի կարող ոչնչացնել ոչ ոք և ոչ էլ դժոխքի դարպասները: Չէ՞ որ մենք ունենք մի հզօր պաշտպան ընդդէմ խորամանկ օձի.

 

«Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ

միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ։ Նա պիտի

ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա

գարշապարը», Ծննդոց գիրք, 3, 15:

 

Տ. Հովսէփ Գալստեաn

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/05/2018, 11:18